11-րդ «Ոսկե ծիրանի» մեկնարկը նվիրված է Սերգեյ Փարաջանովի հիշատակին

11-րդ «Ոսկե ծիրանի» մեկնարկը նվիրված է Սերգեյ Փարաջանովի հիշատակին

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը ՀՀ մշակույթի նախարարության և իր գլխավոր գործընկեր՝ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ մամուլի ասուլիսով ներկայացրել է փառատոնի 11-րդ մեկնարկը: Այս տարի այն կանցնի հուլիսի 13-20-ը` նախորդ տարիների պես Երևան հրավիրելով համաշխարհային կինոարվեստի, և մասնավորապես` հեղինակային կինոյի ինչպես վերջին տարիներին, այնպես էլ նախորդ տեսնամյակներում ստեղծված լավագույն ֆիլմերը և նշանավոր ներկայացուցիչներին:

«Լինելով արվեստի ամենամեծ ժողովրդականություն վայելող ձևերից մեկը և արտացոլելով հասարակական կյանքի բոլոր կողմերը` կինոն անխուսափելիորեն արտահայտում է երկրի պատմությունն ու մշակույթը: Հայկական կինեմատոգրաֆի զարգացմանն ուղղված ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարունակական աջակցությունը բխում է այն համոզմունքից, որ նոր սերունդները ինքնատիպ այս արվեստի միջոցով պետք է հնարավորություն ունենան ծանոթանալու իրենց անցյալի և ներկայի ազգային հարստությանն ու մեր արժեքային համակարգին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Ոսկե ծիրանին» մաղթում է ստեղծագործական մտքերի նոր թռիչք, լի կինոսրահներ և հանդիսատեսի գնահատանք»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ոսկե ծիրան»-ի այս տարվա մեկնարկը նվիրված է Սերգեյ Փարաջանովի հիշատակին` ի պատիվ մեծանուն արվեստագետի 90-ամյա հոբելյանի: Այս կապակցությամբ է, որ փառատոնային ամբողջ ընթացքը, ներառյալ իրադարձությունը ներկայացնող վիզուալ բոլոր ազդագրերը ներշնչված են փարաջանովյան ոգով, իսկ փառատոնային ծրագրում հատուկ կարևորությամբ ընդգրկված են Փարաջանովի արվեստը ներկայացնող մի քանի խորագերր. մասնավորապես` տեղի կունենան ռեժիսորի բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, ինչպես նաև կներկայացվեն Փարաջանովին նվիրված ֆիլմեր` ստեղծված տարբեր տարիներին: Փառատոնի օրերին «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացված կլինի Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդես:

Սերգեյ Փարաջանովին նվիրված մոտ 20 ֆիլմ կա, 1991-ից Երևանում գործում է նրա տուն-թանգարանը, որտեղ հավաքված են ռեժիսորի գծանկարները, կոլաժները, մանրանկարներն ու Թբիլիսիի բնակարանից բերված իրերը: 2005-ից «Ոսկե ծիրան» կինոփառատոնը սահմանել է Փարաջանովի անվան՝ «Փարաջանովյան թալեր» մրցանակը:

Իր առաջին լիամետրաժ «Անդրիեշ» ֆիլմը ռեժիսորը նկարահանել է 1955-ին, ապա՝ «Առաջին տղան», «Ուկրաինական ռապսոդիան», «Ծաղիկը քարի վրան»: Համաշխարհային ճանաչման Փարաջանովն արժանացավ 1964-ին նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները» կինոնկարով, որը դասվել է աշխարհի լավագույն ֆիլմերի շարքն ու 28 պարգև ստացել: Ֆիլմն ուկրաինացիների էթնիկական խմբի՝ գուցուլների մասին է. այստեղ ներկայացված են ոչ միայն ժողովրդական ծեսերը, հավատալիքները, տոնախմբությունների գունագեղ ու խորհրդավոր աշխարհը, այլև բացահայտված է մարդու ներաշխարհը:

1966-ին սկսել է աշխատել «Կիևյան որմնանկարներ» կինոնկարի վրա, բայց այն արգելեցին, այդտեղից մի քանի կադր է պահպանվել: Նրա արվեստի ինքնատիպությունը հաստատվել է 1969-ին սեփական սցենարով ստեղծած «Նռան գույնը» ֆիլմով: Փարաջանովի ստեղծագործական գործունեությունն ընդհատվել է 1973-ի դեկտեմբերի 17-ին, երբ՝ մեղադրելով արվամոլության մեջ, նրան դատապարտեցին 5 տարի ազատազրկման: 4 տարի անց ֆրանսիացի հայտնի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ նրան ազատ արձակեցին, բայց1982-ին Փարաջանովը կրկին ձերբակալվեց ու 11 ամիս պահվեց Օրթաճալայի բանտում: Բայց անգամ այնտեղ ռեժիսորը շարունակում էր ստեղծագործել՝ ինքնագործ թատրոն, կոլաժներ, տիկնիկներ և գծանկարներ:

Փարաջանովի վերջին՝ «Խոստովանանք» ինքնակենսագրական ֆիլմը հիվանդության պատճառով անավարտ մնաց, բայց նյութերն ամբողջությամբ օգտագործվեցին Միքայել Վարդանովի «Փարաջանով. Վերջին գարունը» վավերագրական ֆիլմում:

«Ոսկե ծիրան»-ի ֆիլմերի ծրագիրը կպահպանի Միջազգային խաղարկային, Միջազգային վավերագրական, Հայկական համայնապատկեր և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ավանդական դարձած չորս մրցույթները, որոնք կգնահատվեն հրավիրյալ ժյուրիների կողմից: Որպես ևս մեկ ձեռքբերում պետք է նշել, որ այս տարի փառատոնին մասնակցության համար ներկայացվել է ավելի քան 1500 հայտ շուրջ 95 երկրից, ինչը գերազանցում է նախորդ տարիների հայտերի քանակը (2013թ.` շուրջ 1200 ֆիլմ): Մասնակցության հայտերի մեծ քանակը հերթական անգամ ապացուցում է կինոփառատոնի հանդեպ միջազգային կինոհանրության կողմից տարեցտարի աճող հետաքրքրությունը:

Համաշխարհային կինոյի հին և նոր շրջանների գլուխգործոցները երևանյան հանդիսատեսին կներկայացվեն Երևանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադրություններ և Հարգանքի տուրք հատուկ արտամրցութային ծրագրերում:

Կինոցուցադրությունները կուղեկցվեն ռեժիսորների հետ հանդիպումներով: Տեղի կունենան վարպետության բաց դասեր ուսանողների և կինոյի բոլոր սիրահարների համար:

Փառատոնի օրերին ավանդաբար կկայանան «Ռեժիսորներ առանց սահմանների» և «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ» համատեղ արտադրության ֆորում-դասընթացները, որոնք կարևոր խթան են ոչ միայն տարածաշրջանային կինոինդուստրիայի զարգացման, այլև արվեստի միջոցով միջմշակութային կապերի զարգացման, և հետևաբար` երկրների միջև խաղաղ երկխոսության առաջխաղացման համար:

Փառատոնի մեկնարկին կնախորդի նաև արդեն երրորդ տարին իրականացվող «Կինոլրագրողներ առանց սահմանների» եռօրյա դասընթացը երիտասարդ կինոգետ-լրագրողների համար` անցկացվող միջազգային կինոլրագրության մեծ փորձ ունեցող մասնագետների կողմից: Եռօրյա վերապատրաստումն անցած կինոլրագրողները կներգրավվեն փառատոնի օրերին լույս տեսնող «Ոսկե ծիրան» օրաթերթի խմբագրակազմում:

Ամեն տարի իրականացվող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնվել է մայրաքաղաք Երևանում 2004թ-ին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից` ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներն են` փառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը: 2005թ-ից փառատոնի նախագահն է համաշխարհային ճանաչում վայելող, ծագումով հայ կանադաբնակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանաբանն է` «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---