ԼՂՀ ԱԳՆ-ն հակադարձում է Ուորլիքին. Դեպի անցյալ վերադարձի մասին խոսք լինել չի կարող

ԼՂՀ ԱԳՆ-ն հակադարձում է Ուորլիքին. Դեպի անցյալ վերադարձի մասին խոսք լինել չի կարող

PanARMENIAN.Net - «Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը մնում է անփոփոխ»,-այսպես է մեկնաբանել ԼՂՀ ԱԳՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարությունը, որտեղ նա ներկայացրել է կարգավորման վեց կետերը:

Ինչպես ասվում Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ, դեպի անցյալ վերադարձի մասին խոսք անգամ լինել չի կարող: «Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվել է նրա ժողովրդի կողմից 1991 թ. անկախության հանրաքվեի ժամանակ՝ ազատ և իրավական կամաարտահայտության միջոցով: ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն որևէ սակարկության:

«Գտնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը պետք է կենտրոնացվեն կարգավորման այնպիսի մեխանիզմների մշակման վրա, որոնք, հաշվի առնելով առկա իրողությունները, պայմաններ կապահովեն ԽՍՀՄ փլուզման և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում ստեղծված երկու անկախ պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար,- ասվում է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Իր հերթին Արցախի ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը հայտարարել է, որ Ուորլիքի ելույթը մեկ կարևոր ուղերձ է պարունակում. «Դեսպան Ջեյմս Ուորլիքը հասկացրել է, որ միջազգային միջնորդները շարունակում են առաջնորդվել մադրիդյան սկզբունքներով և տարրերով: Բացի այդ համանախագահը հայտարարել է, «գոյություն ունի սկզբունքների, ըմբռնումների ու փաստաթղթերի մի ամբողջություն, որն արդեն շրջանառվել է և ուրվագծում է համաձայնությունը. և ոչ ոք չի առաջարկել, որ մենք դրանք մի կողմ դնենք»: Այսինքն, այդ սկզբունքներն ու տարրերը բանակցությունների սեղանի վրա կմնան այնքան ժամանակ, քանի դեռ ղարաբաղյան հակամարտության կողմերից գոնե մեկի ազգային իշխանությունը չի հայտարարել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մոտեցումներն անընդունելի են»:

Ըստ Մայիլյանի, նախորդ 5 տարիներին բազմիցս է խոսվել «մադրիդյան փաստաթղթի» ընդունման և իրականացման վտանգավորության մասին: Լուրջ փաստարկներ են բերվել վաղուց հնացած մոտեցումներից հրաժարվելու օգտին, որոնք ուղղված են ոչ թե տարածաշրջանային կայունությանն աջակցելուն, այլ այն խախտելուն:

Հայկական դիավանագիտությունը վաղուց արդեն պետք է հրաժարվի մի փաստաթղթի քննարկումից, որը ոչ միայն հայերի շահերի դեմ ուղղված բազմաթիվ տարրեր է պարունակում, այլ նաև ապակառուցողական է: Ժամանակն է միջնորդներին ազատել կեղծ պատկերացումներից, ինչը թույլ կտա հակամարտող կողմերին մշակել կարգավորման նոր մեխանիզմներ, որոնք կհամապատասխանեն ժամանակի իրողություններին, հայտարարել է Մասիս Մայիլյանը:

Մինչդեռ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն այսօր՝ մայիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է, որ «Ուորլիքի հայտարարությունը կապված է Օբամայի ու Պուտինի միջև առաջացած տարաձայնությունների հետ», հայտնում է Armenia Today-ը:

Խոսելով Ուորլիքի հայտարարության մասին, որտեղ վերջինս ասել է, թե «Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը», Մանվել Եղիազարյանն ասել է. «Նա այդ միտքը առաջ է քաշել որպես հիմնական թեզ, կանխելու համար ղարաբաղյան կարգավորմանը միջամտելու Ռուսաստանի փորձերը, որպեսզի կանխի այն խաղերը, որ Մոսկվան խաղաց Ուկրաինայում, մասնավորապես, Ղրիմում: ԵԱՀԿ համանախագահին կարելի է մեղադրել պատերազմ հրահրելու մեջ, քանի որ նա թևեր է տալիս Ադրբեջանին, թե իբր այդ հողերը չեն պատկանում Լեռնային Ղարաբաղին ու պետք է վերադարձվեն Ադրբեջանին»:

Ըստ նրա, վաղն Ադրբեջանը կարող է հանգիստ, առանց իրազեկելու, զորքեր մտցնել ու փորձել վերադարձնել այդ հողերը՝ հիմնավորելով, թե Ամերիկան համաձայնություն է տվել: Եղիազարյանը վստահ է, որ նրա կարծիքով, երբ Պուտինն ու Օբաման «լեզու գտնեն», Մինսկի համանախագահներն այլ հայտարարություններ կանեն: Նրա խոսքով, տարածքները վերադարձնելու Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը պայմանավորված էր Ռուսաստան-Ամերիկա տարաձայնություններով:

Ըստ Եղիազարյանի, ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահի հայտարարությունը նաև Հայաստանի արտաքին սխալ քաղաքականության, վատ բանակցությունների հետևանք է: «Լավ բանակցություններ վարելու համար պետք է ուժեղ լինենք, բայց մենք ուժեղ չենք, թույլ ենք, մեզ ինչ ասում են, ընդունում ենք»,-ասել է «Արաբո» ջոկատի հրամանատարը:

Եղիազարյանը վստահ է, որ նոր կառավարության օրոք Հայաստանի դիրքերն ավելի կթուլանան. «Ավելի վատ է լինելու, լավ բանի մի սպասեք: Ոչ մի բան չի փոխվել որոշ գայլերին փոխարինել են գորշ,կապույտ գայլերով»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ին Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» թեմայով ելույթ է ունեցել՝ ներկայացնելով կարգավորման 6 սկզբունքները: Նա նշել է, որ ներկայացնում է ոչ թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումը, այլ ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությունը: Իր ելույթի սկզբում նա խոսել է կողմերի բևեռացված դիրքորոշումների ու դեռևս չհամաձայնեցված հարցերի մասին և նշել է, որ անհրաժեշտ է աջակցել կողմերին, որպեսզի նրանք, նույնիսկ վստահության բացակայությանն պայմաններում, վճռական քայլ կատարեն:

Ուորլիքն ասել է, որ խաղաղությունից բխող օգուտները շատ ավելին են, քան այն ինչ վճարում ենք շարունակաբար փակուղում գտնվելու դիմաց,և այն հնարավորություն կընձեռի խուսափել թշնամանքի վերականգնման աղետալի հետևանքներից: Հայաստանն անմիջապես կշահի բաց սահմաններից, ավելի մեծ անվտանգությունից, առևտրի, ուղևորությունների և իր բոլոր հարևանների հետ կապերի նոր հնարավորություններից: Ադրբեջանը կկարողանա վերացնել այն հիմնական խոչընդոտը, որ կանգնած է իր` որպես համաշխարհային խաղացող, տարածաշրջանային առևտրային կենտրոն և անվտանգության ոլորտի ամուր գործընկեր կայանալու ճանապարհին` միաժամանակ հաշտեցման ու վերադարձի հեռանկար բացելով հարյուր հազարավոր փախստականների ու ներքին տեղահանված անձանց համար:

Իսկ Լեռնային Ղարաբաղում բնակվող հազարավոր մարդիկ կկարողանան ազատվել մեկուսացման ու կախվածության կապանքներից, հավելել է նա:

Ոչ պակաս կարևոր է այն մեծ ֆինանսական բեռը, որը մարտական պատրաստականության ու սպառազինությունների մրցավազքի արդյունքում կրում են պետական բյուջեները.դա խաղաղության շահաբաժինն է, որը առավել արդյունավետ օգտագործման դեպքում ինքնին ի զորու է փոխել իրավիճակը թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար, ասել է ամերիկացի համանախագահը:

Ջեյմս Ուորլիքը տեղեկացրել է, որ եկող շաբաթ կրկին նախատեսում է այցելել տարածաշրջան՝ մյուս համանախագահների հետ միասին: Կասկածից վեր է, որ տևական խաղաղության ցանկացած համաձայնություն հաջողված համարվելու համար պետք է արտացոլի բոլոր կողմերի դիրքորոշումները: Միացյալ Նահանգները երկու ղեկավարներին համառորեն հորդորել է կրկին հանդիպում ունենալ առաջիկայում և օգտագործել այս հնարավորության պատուհանը, երբ խաղաղությունը հնարավոր է: Ուորլիքը ներկայացրել է փոխզիջման հիմնական տարրերը, բաղկացած 6 կետից: «Առաջին, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր:

Երկրորդ,նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում:

Երրորդ, Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի:

Չորրորդ, պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը:

Հինգերորդ,տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը:

Եվ վերջապես վեցերորդ,կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն»,-ասել է Ուորլիքը:

Նա հորդորել է կողմերին հանձնառություն ստանձնել ձեռնամուխ լինելու խաղաղության բանակցություններին: «Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել և անել այն ամենը, ինչ կարող է: Իհարկե, առաջին քայլը ձեռնարկելը Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների խնդիրն է: Նրանք պետք է դիտարկեն այն միջոցները, նույնիսկ միակողմանի միջոցները, որոնք ի ցույց կդնեն առաջընթացի իրենց մղումը, լարվածությունը թուլացնելու ու բանակցային մթնոլորտը բարելավելու հանձնառությունները: Նրանք պետք է կրճատեն թշնամական հռետորաբանությունը և բնակչությանը նախապատրաստեն խաղաղության և ոչ պատերազմի»,-ասել է Ջեյմս Ուորլիքը:

Ուորլիքի հայտարարությանը գրեթե անմիջապես արձագանքեց Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA)՝ նշելով, որ դիվանագետի ելույթը ոչ մի նոր բան չի պարունակում: Միջնորդի ներկայացրած կարգավորման շրջանակը ընդունելի չէ բարոյապես, և կիրառելի չէ գործնականում: Ուորլիքի հայտարարությունը նաև չի համապատասխանում ինքնորոշման ամերիկյան գաղափարին՝ հիմնարար սկզբունքին, որի վրա հիմնված է ամերիկյան ազգն ու որը հիմք է հանդիսացել վերջին կես դարում մոտ հարյուր նոր պետությունների կազմավորման համար:

ANCA հայտարարության մեջ ասվում է նաև, որ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին, որոնք Ադրբեջանի ագրեսիայի զոհն են, կրկին կոչ են անում ռազմավարական զիջումների գնալ անվտանգությունը պահպանելու Ադրբեջանի կառավարության խոստումների դիմաց, որը հեշտությամբ կարող է խախտել խոստումը:

«Մենք նախկինի պես հուսով ենք, որ խաղաղություն կհաստատվի ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ, սակայն հիասթափված ենք կարգավիճակի ու անվտանգության վերաբերյալ ասիմետրիկ մոտեցումներով և սպասում ենք ավելի հավասարակշռված առաջարկների, համապարփակ ու ժողովրդավարական սկզբուքների՝ որոշելու համար անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապագան: Իսկ ԵԱՀԿ օրակարգի առաջին կետը պետք է դառնա Բաքվի վետոյի վերացումը բանակցություններին Լեռնային Ղարաբաղի լիարժեք ու անմիջական մասնակցության վրա»,-ասվում է Հայ Դատի հանձնախմբի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---