Հայկական ուժերը պատրաստվում են զգալի հարված հասցնել ազերիներին, պնդում է գեներալ Տեր-Թադևոսյանը

Հայկական ուժերը պատրաստվում են զգալի հարված հասցնել ազերիներին, պնդում է գեներալ Տեր-Թադևոսյանը

PanARMENIAN.Net - Հայկական ուժերը պատրաստվում են շոշափելի հարվածներ հասցնել ադրբեջանական կողմին, և այդ ուղղությամբ նախապատրաստություններն ընթացքի մեջ են: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց պաշտոնաթող գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ նշելով, թե «ինքը նման տեղեկություններ ունի»:

«Եթե մերոնք առաջիկայում պատասխան հարվածներ չհասցնեն, ադրբեջանցիները կհամարեն, որ մենք թուլացել ենք: Պետք է միայն հարվածներ հասցնել, ընդ որում՝ շոշափելի հարվածներ: Ես ոչ միայն սպասում եմ, այլև գիտեմ, որ նման հարված նախապատրաստվում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:

Տեր-Թադևոսյանի խոսքով, Ռուսաստանից սպառազինություն գնելով ու սահմանին նման քայլերի դիմելով՝ Ադրբեջանը նպատակ ունի ճնշում գործադրել Հայաստանի և միջազգային միջնորդների վրա, որպեսզի բանակցային գործընթացում հնարավորինս ընդառաջ գնան Բաքվի ցանկություններին:

«Նպատակը պատերազմ սկսելը չէ: Հաշվի առնելով Ադրբեջանի պարտավորություններն ու առաջիկա տարիների ծրագրերը միջազգային էներգետիկ ոլորտում, հայկական ուժերի մոտ առկա սպառազինությունը, ուժերի հարաբերակցությունը, հայ - ռուսական պայմանավորվածությունները, միջազգային հանրության՝ ԱՄՆ-ի, Եվրամիության ու Իրանի, բացասական մոտեցումը Ղարաբաղում ստատուս քվոն ուժով փոխելու որևէ նախաձեռնության հետ կապված, չեմ կարծում, որ Բաքվում նպատակ են հետապնդում պատերազմ սկսել», - ասաց պաշտոնաթող գեներալը: Նրա համոզմամբ՝ «Ադրբեջանն այն ռեսուրսը չունի, որպեսզի կարողանա միայնակ փոխել ուժերի հարաբերակցությունը Հարավային Կովկասում, ուր ներկայացված են նաև գերտերությունները, իսկ պատերազմը նշանակում է, որ դու անտեսում ես գոյություն ունեցող շահերը և ուզում ես փոխել իրավիճակը»:

Հունիսի 5-ին Նախիջևանի հետ սահմանին հակառակորդի կրակոցից սպանվեցին հայկական բանակի պայմանագրային երկու զինծառայողներ՝ Արարատի զինկոմիսարիատից զորակոչված 26-ամյա Անդրանիկ Եղոյանն ու 22-ամյա Բորիս Գասպարյանը: Տեղի ունեցածը լայն արձագանք ստացավ հանրությունում: «Իրավիճակի սրումը հղի է Ադրբեջանի համար ծանր հետևանքներ ունենալու հավանականությամբ», - ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ հունիսի 6-ին կայացած հանդիպմանը հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Անցած շաբաթ պաշտոնական այցով Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում պաշտոնական այցով եղավ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար ու ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալթերը: Հունիս 4-ին Երևանում Բուրկհալթերը հայտաևրարեց, որ պետք է քայլ առ քայլ շարժվել դեպի խաղաղություն և պետք է ամրապնդել հրադադարի ռեժիմը: «Պետք է խրախուսել նաև երկկողմ շփումները նախագահների միջև», ասաց նա:

ԵԱՀԿ գործող նախագահը շեշտել է, որ շվեյցարական նախագահությունն անվերապահորեն սատարում է Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը և ափսոսանք է հայտնել, որ առ այսօր հնարավոր չի եղել իրականացնել միջնորդների՝ միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ առաջարկությունը։

Մայիսի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 1,000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10, 000 կրակոց: Մայիսի 31-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հոսպիտալ և հանդիպել մայիսի 28-ին տեղի ունեցած դիվերսիան հետ մղած զինծառայողների հետ: Նախարարը լսել է նրանց, քաջալերել և հանդիպման ավարտին պարգևատրել գերատեսչական մեդալներով:

ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների աչալրջության ու զգոնության շնորհիվ հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը կասեցվել է և նրանք հետ են շպրտվել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների` ադրբեջանական կողմը տվել է առնվազն 2 զոհ և 1 վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995-ին ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը: Մայիսի 26-ին շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած գնդակից աջ ձեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1994-ին ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանը:

Մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել փոխգնդապետ Գարիկ Բալայանը: Մեկնաբանելով տեղեկությունը, Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը նշել է, որ լարվածություն սահմանին կա, սակայն, չի կարելի ասել, թե իրավիճակն ավելի լավրված է, քան նախկինում: «Մենք պետք է հասկանանք, որ իրավիճակը պարբերաբար կրկնվում է, լարվածություն միշտ կա, քանի դեռ, մենք գործ ունենք հակառակորդի հետ»,-հավելել է նա:

Ըստ ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների, մայիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել էր մոտ 450 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

Հրադադարի ռեժիմի վերոհիշյալ խախտումներից բացի հակառակորդը մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը, դիմել են հակազդիչ գործողությունների և նրանց հետ շպրտել ելման դիրքեր: Նահանջի ճանապարհին հակառակորդը տվել է առնվազն 3 վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել: Բայց մինչև այդ՝ մայիսի 20-ին շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող Արթուր Օհանջանյանը, ով ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով։ Մարտի 24-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զինվորի մահվան պատճառը նույնպես հակառակորդի կողմից արձակված փամփուշտն էր։Դեպքը կատարվել էր մարտի 24-ին՝ ժամը 09:50-ի սահմանում․ մարտական առաջադրանք կատարելիս մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել զինծառայող, 1992թ. ծնված Գառնիկ Վահանի Թորոսյանը:

Մարտի 19-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելիս մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արման Արտյուշայի Ղուկասյանը, ևս մեկ սպա վիրավորվել էր։ Զինծառայողի մահվան ու ևս մեկ զինծառայողի վիրավորվելու փաստի առթիվ քրգործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` «մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ»:

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի շարքային Արման Ղուկասյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---