«Դատապարտված ենք» թանկ վճարել. Էլէներգիան օգոստոսից կթանկանա

«Դատապարտված ենք» թանկ վճարել. Էլէներգիան օգոստոսից կթանկանա

PanARMENIAN.Net - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հունիսի 10-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է, որ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման գնում են ստիպված և, հավանաբար, օգոստոսի 1-ից արդեն կգործի նոր սակագինը։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով ոլորտում կատարված ուսումնասիրությունները, հայտարարել էր, որ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը: Էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի սահմաններում:

«Դատապարտված ենք բարձրացնել։ Մի փոքրիկ` թեկուզ 0.5%-ի հնարավորություն լիներ, մենք այս քայլին չէինք գնա, մեզ համար էլ շատ դժվար է լսել և՛ լրատվամիջոցների միջոցով տարբեր տեսակի խոսքեր մեր հասցեին, և՛ ժողովրդի վրդովմունքը: Բայց մենք ունենք գործառույթների շրջանակ, և պետք է ապահովենք հուսալի էլեկտրաէներգիա։ Եթե նման թանկացումները ստիպված չանենք՝ երկու-երեք տարում մեզ կարող էիք լիարժեք մեղադրել, թե ինչու այս կայունությունը չեք ապահովել և բերել հասցրել եք այս վիճակին»,- ասել է նա։

Պատասխանելով հարցին, թե եթե չբարձրացնեին, ինչ կարող էր լինել, Նազարյանն ասել է.

«Այսօր միայն Հայաստանի էլցանցը արդեն 16 մլրդ 600 մլն-ի վնաս ունի, վարկային մեծ պորտֆել է կուտակել, իսկ սնման աղբյուր չկա և կարող է հանկարծ հայտնվի բանկրոտի կարգավիճակում։ Բացի այդ, ատոմակայանն ունի անվտանգության բարձրացման խնդիր՝ խորքային հորերի սառեցման համար, որովհետև այս Սև ջուրը ցամաքել է և հովացման համակարգի խնդիր կարող է լինել»։

Ռոբերտ Նազարյանը նկատել է, թե հասկանում է, որ այս թանկացումը բնակիչների համար լրացուցիչ ծախսեր ու նոր թանկացումներ կբերի և որպես քաղաքացի իր համար ամենաանընդունելի որոշումներից մեկն է, բայց արդեն հաշվել և գնահատել է, որ այս 4 դրամը տարեկան կտրվածքով ընտանիքների վրա մոտավորապես 8.000-ից 9.000 դրամով է բեռ առաջացնելու, գրում է Tert.am-ը։

«Թանկացումներ լինում են ոչ միայն կոմունալ ծառայությունների մասով, այլև` շատ-շատ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների, որոնք շատ ավելի մեծ բեռ են դառնում մեր գրպանին կամ մեր ընտանեկան բյուջեին, քան այս ծառայություններ են, բայց այդ մասին մենք երբևիցե չենք խոսում, և հենց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում է լինում, որն իր տեսակարար կշռով շատ ավելի փոքր է, որոշ մարդիկ շահարկման առարկա են դարձնում, բայց ոչ մեր ժողովուրդը։ Իրոք պետք է ասենք, որ մեր ժողովուրդը իմաստուն է այս հարցում»,- նշել է նա։

Իսկ պատասխանելով լրագրողի հարցին, թե այսքան թանկացումներից հետո Նազարյանին չի հիացնում ժողովրդի համբերությունը, ասել է. «Իհարկե, ձեր հարցի ենթատեքստը շատ լավ հասկանում եմ, այդ հարցից իրոք նեղված եմ և չգիտեմ` ինչ պատասխանեմ։ Հաշվի առնելով մեր ժողովրդի մեծ մասի սոցիալական վիճակը՝ շատ դժվարությամբ ենք նման որոշում կայացրել, բայց մենք օրենքով վերապահված գործառույթներ ունենք, և ես կարծում եմ, որ յուրաքանչյուր կառույց պետք է իր գործն անի»։

Անդրադառնալով հարցին, թե հնարավոր է նման մի անակնկալ էլ գազի հարցում լինի, Նազարյանը հավատացրել է` մինչև տարեվերջ գազը հաստատ չի թանկանալու։ «Մինչև հունվարի մեկը չէ, նրանից հետո կդժվարանամ ասել, որովհետև դա իմ խնդիրը չէ»։

ՀԾԿՀ ներկայացված էլեկտրաէներգետիկական համակարգի 2014-2015թթ. նախնական սակագների վերաբերյալ տեղեկանքը

Էլէներգիայի վերջին թանկացումից անցել է մեկ տարի՝ 2013-ի հունիսի 7-ին ՀԾԿՀ-ն որոշել էր ՀՀ բնակչությունից 1 կիլովատ ժամ էլեկտրաէներգիայի դիմաց գանձել 38 դրամ՝ բարձրացնելով գինը 8 դրամով։ Որոշումը հանրության շրջանում բողոքի մեծ ալիք էր բարձրացրել, դրա դեմ ստորագահավաք ու ցույցեր էին սկսվել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---