«Դ!ԵՄ ԵՄ»-ի սատարման երթը. Պետական ապարատում ճնշումները համատարած են (թարմացված)

«Դ!ԵՄ ԵՄ»-ի սատարման երթը. Պետական ապարատում ճնշումները համատարած են (թարմացված)

PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի «պարտադիր» բաղադրիչի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» թիմը դուրս էր եկել սատարման երթի` ի պաշտպանություն գործատուների կողմից ճնշումների ենթարկվող քաղաքացիների:

«Հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, հավաքվում ենք Մատենադարանի մոտ, որտեղից մեկնարկելու է Սատարման երթը: Եկե՛ք բոլորս մեկ բռունցք դառնանք ու սատարենք մեր բազմաթիվ քաղաքացիներին, ովքեր ենթարկվում են ճնշումների գործատուների կողմից, որոնք էլ իրենց հերթին իշխանությունների ճնշման ներքո են»,- նշված է երթի մասին հաղորդագրության մեջ:

Սահմանադրական դատարանի կողմից օրենքի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչվելուց հետո կուտակայինի մասին օրենքը լրամշակվել է. արդյունքում համակարգում ներգրավվել չցանկացողները պետք է համապատասխան դիմում գրեն իրենց գործատուին։ Նախաձեռնության անդամները նշում են, որ վերջիններիս կողմից աշխատակիցների դիմումները մերժելու դեպքերի մասին ահազանգեր են ստացել:

Թիմի անդամները նաև նշում են, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի ընդունումից հետո քաղաքացիների մի ստվար մաս փաստացի զրկված է հակասահմանադրական ճանաչված պարտադիր կուտակային համակարգին չմասնակցելու վերաբերյալ դիմում գրելու հնարավորությունից: Հատկապես պետական համակարգի ու կրթական ոլորտի աշխատողները ենթարկվում են տարաբնույթ ճնշումների, իսկ հաճախ էլ նշված դիմումները ներկայացնելու համար ստիպված են ներկայացնել նաև աշխատանքից ազատման դիմումներ, գրում է Tert.am-ը:

Երթի մասնակիցներն իրենց հետ բերել էին անձնագրեր, ինչը, նրանց խոսքով՝ խորհրդանշում է ՀՀ քաղաքացի լինելը:

Բացի այդ մասնակիցները պաստառներ էին պարզել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նկարները: «Աշոտյա՛ն, FB-ից log out եղի՛ր, մտիր՛ իրականություն», «Տարո՛ն, սիրուն չի մանկավարժին ճնշելը», «Այդպես էլ չհասկացավ Արտեմը…». նման գրառումներ են արել երթի մասնակիցները պաշտոնյաների նկարների տակ:

«Դ!ԵՄ ԵՄ» թիմի անդամ Դավիթ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ պետական ապարատում ճնշումները համատարած են, սակայն հիմնական ճնշումները կրթական ոլորտում են:

Դիմելով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ Դավիթ Մանուկյանը նշել է. «Պարո՛ն կրթության նախարար, ուշադրություն դարձրեք, շատ ամոթ է: Կրթությունն ու ճնշումն իրար հետ առնչություն չունեն»:

Մայիսի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ ուսուցիչները հայտարարել են, որ Կուտակային կենսաթոշակային համակարգին չմասնակցելու մասին դիմումներ ներկայացրած ուսուցիչներից դպրոցի տնօրենները նաև ազատման դիմում են պահանջում: Ըստ «Դ!ԵՄ ԵՄ» անդամների, եղել են կրթական հաստատություններ, որտեղ աշխատողների դիմումներն ընդունվել են, բայց ինչպես իրնք են հավաստմում, չընդունած դիմումների թիվն ավելի մեծ է: Երևանի թիվ 50 հիմնական դպրոցի ուսուցչուհի Օվսաննա Հարությունյանի խոսքով, տնօրենները պատճառաբանում են, թե համապատասխան հրահանգ չունեն:

Անդրադառնալով հայտարարությանը` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է. «Կա օրենք` ընդունված, և յուրաքանչյուր մարդ պետք է, այդ օրենքին համապատասխան, իր իրավունքներն իրացնի: Եվ եթե մենք կոնկրետ տեղեկատվություն ունենանք, ապա մենք ևս կոնկրետ կզբաղվենք այդ հարցով»:

Սատարման երթի ընթացքում նախատեսված էր անցնել Կորյունի և Աբովյան փողոցներով` հասնելով Հանրապետության հրապարակ: Կորյուն փողոցում երթը մի պահ կանգ է առել. ոստիկանները թույլ չէին տալիս մասնակիցներին առաջ շարժել՝ պահանջելով մեքենաների համար ճանապարհ թողնել։ Ակտիվիստներն էլ պնդել են, թե ոստիկանները սադրում են և կռիվ հրահրում, քանի որ իրենք չեն խոչընդոտում մեքենաների երթևեկությունը։ Ոմանք փորձել են նստել գետնին, ինչից հետո ոստիկանները թույլատրել են շարունակել երթը։

Քիչ անց ցուցարարները նստել էին Աբովյան փողոցում՝ Աբովյան-Մոսկովյան խաչմերուկի հատվածում` փակելով փողոցը: Նրանք նշում էին, թե ոստիկանները խոչընդոտում են իրենց երթը: Սակայն երթը շարունակվել է` հասնելով Հանրապետության հրապարակ:

Կառավարության վարչական շենքի առաջ ակտիվիստններին անակնկալ է մատուցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Չնայած աշխատանքային օրը վաղուց էր ավարտվել, վարչապետը, այնուամենայնիվ, եկել էր զրուցելու ակտիվիստների հետ:

Ծանոթանալով բարձրացված խնդրին՝ վարչապետը նշել է. «Ով ապօրինի ազատել է որևէ մեկին, մենք իրեն ենք ազատելու»:

Կառավարության ղեկավարի խոսքով, պետք է կոնկրետ օրինակներ բերեն, թե որտեղ են աշխատողներին ճնշում և չեն թողնում կուտակայինից հրաժարվելու դիմումներ գրել:

Հովիկ Աբրահամյանը նաև նշել է, որ այսօր Ազգային ժողովում էլ պատգամավորներն են այս հարցը բարձրացրել, ու փոխվարչապետ Արմեն Գևորգյանին հանձնարարվել է ուսումնասիրել՝ կոնկրետ նշված վայրերում կա՞ն նման ճնշումներ, թե՝ ոչ:

«Եթե նման դեպք կա, անողին ուղիղ մեկ օրից կազատենք»,- վստահեցրել է Աբրահամյանը, ապա խնդրել սպասել, մինչև իրենք օրինագիծ ներկայացնեն Ազգային ժողով, որից հետո նոր կխոսեն:

«Սպասեք, մեր նախագիծը բերենք, հետո կխոսենք»: Վարչապետը ևս մեկ անգամ նշել է, թե բոլորը պարտավոր են հետևել օրենքի պահանջին: Այնուամենայնիվ, ակտիվիստներից ոչ ոք վարչապետի հետ չի խոսել՝ իրենց պահանջները բարձրաձայնելով բարձրախոզսով։ Որոշ ժամանակ անց գործադիրի ղեկավարը նորից շենք է մտել։

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ

Կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկի մասին Հայաստանը հայտարարել էր դեռ 2010-ի հուլիսին: Արդեն 2011-ի հունվարի 1-ից կենսաթոշակային ռեֆորմները մեկնարկեցին կամավոր կուտակային համակարգի ներդրմամբ։

2014-ի հունվարի 1-ից Հայաստանն անցավ պարտադիր կուտակային համակարգի, որը վերաբերում է 1973-ի դեկտեմբերի 31-ից հետո ծնվածներին, որոնք աշխատում են և գրանցված են աշխատավայրում: Մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարումներ կկատարեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով, ևս 5%-ն այդ աշխատողների անհատական հաշիվներին կփոխանցի պետությունը։ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողի անհատական կուտակային ֆոնդին պետությունը 25 հազար դրամից ավելի չի փոխանցի:

Պարտադիր բաղադրիչի ներդրումը մեծ աղմուկ էր առաջացրել հասարակության շրջանում, ստեղծվել էին մի շարք քաղնախաձեռնություններ, որոնք մինչև օրս էլ այդ համակարգին դեմ են արտահայտվում ու շարունակում են բողոքել: Համակարգին դեմ էին նաև խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը, որոնք ԱԺ-ին առաջարկել էին մեկ տարով հետաձգել համակարգի ներդրումն ու շարունակել քննարկումները, քանի որ դա շատ լուրջ փոփոխություն է, իսկ«համակարգը թերի է»: 2013-ի դեկտեմբերի 4-ին հարցով հրավիրված արտահերթին խորհրդարանը դեմ էր քվեարկել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկությանը:

Հայաստանի սահմանադրական դատարանը հունվարի 24-ի նիստում որոշել էր կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի (այն է՝ պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացմամբ կատարելու համար) և 86-րդ հոդվածի 3-րդ մասի (այն է՝ ֆոնդի և կառավարչի պարտադիր ընտրություն) գործողությունը մինչև օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը։

Մարտի 28-ին մեկնարկած դատական նիստի որոշումը ՍԴ-ն կայացրեց ապրիլի 2-ին՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթ ՀՀ Սահմանադրության պահանջներին հակասող ու անվավեր ճանաչելով։ 64 էջանոց համախատասխան որոշումը հրապարակել էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Ըստ էության, դիմող կողմի հայցը բավարարվեց։

Դատարանը մինչև 2014-ի սեպտեմբերի 30-ն Աժ-ին և Կառավարությանը ժամանակ տվեց՝ օրենքի որոշ դրույթներ փոփոխելու համար: Մինչ այդ կատարված կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն:

Ապրիլի 17-ին վարչապետը հանձնարարեց շահագրգիռ պետական մարմիններին սեղմ ժամկետում օրենքի նախագիծ պատրաստել, որով մինչև Սահմանադրական դատարանի՝ ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված օրենսդրական փաթեթի ընդունումն Ազգային ժողովը կկասեցնի տույժերի հաշվարկը: Կառավարության առաջարկող օրենքի նախագիծն Ազգային ժողովում սկսեցին քննարկել ապրիլի 28-ին:

Արդեն մայիսի 15-ին խորհրդարանն ամբողջովին ընդունեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին Կառավարության օրինագիծը: Դրանով պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորությունը կրող անձն ազատվում է մինչև օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից: Նախագահ Սերժ Սարգսյանն օրենքը վավերացրեց մայիսի 26-ին:

Հունիսի 17-ի արտահերթում Կառավարությունը հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին: Դրանով նախատեսվում է 2014-ի հուլիսի 1-ից պետական հատվածի աշխատողների համար գործարկել նպատակային սոցիալական վճարի համակարգը, որը մինչև 2017-ի հուլիսի 1-ը մասնավոր հատվածի համար կլինի կամավոր։ Դրա դրույքաչափը նույնպես 5 տոկոս է: Առաջարկվում է սահմանել 500․000 դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25․000 դրամ՝ կախված աշխատավարձի չափից: Նախագիծը քննարկելու համար գործադիրը ԱԺ արտահերթ նիստ հրավիրեց։

Հունիսի 21-ին խորհրդարանն արտահերթում երեք ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով պարտադիր կուտակայինը դարձավ նպատակային սոցվճար։ Քվեարկությանը մասնակցեց միայն ՀՀԿ-ն։ Քվեարկությունը բոյկոտած ԱԺ ոչ իշխանական ուժերը տեղեկացրին, որ դիմելու են Սահմանադրական դատարան` վիճարկելու ստեղծված իրավիճակն ու օրենքի խախտումով տեղի ունեցած քվեարկությունը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---