Ի՞նչ չպետք է իմանան հայ ռազմագերու հարազատները. Ինջիղուլյանի նամակում ջնջված տողեր կան

Ի՞նչ չպետք է իմանան հայ ռազմագերու հարազատները. Ինջիղուլյանի նամակում ջնջված տողեր կան

PanARMENIAN.Net - Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը հարազատներին նոր նամակներ է ուղարկել: Հակոբի չորս նամակները հասցեագրված են հորը, մորը, եղբորն ու քրոջը:

«Բովանդակությունը նույնն է, ինչ հին նամակներում, որ ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չկա, առողջական խնդիրներ չունի: Հիմնական բովանդակությունը դա է»,-ասել է Հակոբի եղբայրը` Հարութ Ինջիղուլյանը:

Հակոբի` մորը և եղբորը հասցեագրված նամակներում կան ջնջված տողեր: Հարութ Ինջիղուլյանի խոսքով, Կարմիր Խաչի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն են ջնջել, իսկ պատճառաբանությունն այն է, որ Հակոբի գրածներում այնպիսի բան էր, որ հարազատները չպետք է իմանային, հայտնում է Panorama.am-ը:

2013թ. օգոստոսի 8-ի գիշերը ծառայության ժամանակ ԼՂՀ ՊԲ շարքային, 1991թ. ծնված, Հակոբ Ինջիղուլյանը, ըստ նախնական տվյալների` չկողմնորոշվելով տեղանքում, հատել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվել է ադրբեջանական ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում:

Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվեց հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում է, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվեց երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել: Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ինջիղուլյանի «հարցազրույցները» տրված են ճնշման ներքո և կոչ արել ԿԽՄԿ-ին բոլոր ջանքերը գործադրել նրան շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, որտեղ ռազմագերու հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվի՝ իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Ի դեպ, նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած Հայաստանի ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել:

Սեպտեմբերի 18-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տարածեցին Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետհանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովի հայտարարությունն այն մասին, թե Հակոբ Ինջիղուլյանը «դիմում է գրել, որտեղ խնդրում է իրեն երրորդ երկիր տեղափոխել»: «Դիմումն արդեն նախարարների կաբինետում է: Ինչքան գիտեմ, այդ դիմումը Ինջիղուլյանի մյուս փաստաթղթերի հետ միասին պետք է ուղարկվի ՄԱԿ-ի գլխավոր Գերագույն հանձնակատարի Բաքվի ներկայացուցչություն: Նրանք պետք է դիմեն եվրոպական կամ այլ պետությունների: Որ երկիրը նրան ընդունելու համաձայնություն տա, այնտեղ էլ նրան կուղարկեն: Մինչ այդ գերին կմնա Ադրբեջանում»,- ասել է Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետհանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը: Ինչպես ի պատասխան հայտարարել է ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը, եթե այդ տեղեկատվությունը ադրբեջանական իշխանությունների կողմից իրականցվող հերթական քարոզչական հնարքը չէ, ապա տրամաբանական շարունակությունը պետք է լինի Բաքվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի` իր մանդատի շրջանակում ներգրավումը` ռազմագերուն փախստականի կարգավիճակ շնորհելու գործընթաց սկսելու մասով: Տոնոյանը կոչ է արել ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակին և այլ շահառուներին նմանօրինակ դեպքերի քննարկման ժամանակ հաշվի առնել վերոնշյալ հանգամանքները՝ նշելով, որ Ինջիղուլյանին «փախստականի կարգավիճակ» շնորհելը միգուցեև հնարավորություն է գերության մեջ խուսափելու նրա նկատմամբ ֆիզիկական բռնություններից, խոշտանգումներից և այլ ողբերգական հետևանքներից, ինչպիսիք տեղի են ունեցել նախկինում նման դեպքերի ժամանակ (մասնավորապես ադրբեջանական գերության մեջ սպանված հովվի՝ Մանվել Սարիբեկյանի դեպքը): Նշվել է, որ բացասական նախադեպերը պետք է բացառվեն, հետևաբար հնարավոր գործողությունները պետք է առավելագույնս զգուշորեն և բազմակողմանիորեն քննարկվեն:

 Ուշագրավ
Մինչև 5 տարեկան երեխաների շրջանում պնևմակոկային վարակի պատճառով Հայաստանում կարող է արձանագրվել տարեկան առնվազն 20-200 մահվան դեպք
Հայաստանում ամուսնալուծությունների ցուցանիշի աճի մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարձրաձայնած խնդիրը սոցցանցերում քննարկման առարկա դարձավ
Իր իսկ հարցին, թե ինչու մինչև հիմա ցուցմունք չէր տալիս, դերասանը պատասխանել է՝ մի քանի պատճառ կար
Երևանի մզկիթում նամազ անելու որևէ պաշտոնական նամակ կամ տեղեկություն Թուրքիայից չեն ստացել