ՌԴ մուտքի և ելքի խախտումներ ունեցող անձինք այսուհետ չեն պատժվի

ՌԴ մուտքի և ելքի խախտումներ ունեցող անձինք այսուհետ չեն պատժվի

PanARMENIAN.Net - Ներքին պայմանավորվածությունների հիման վրա` խախտումներ ունեցող անձինք ապրիլի 1-ից սկսած Ռուսաստանի Դաշնություն մուտքի և ելքի ժամանակ այսուհետ պատժամիջոցների չեն ենթարկվի: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է հայ-ռուսական գործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական պատվիրակության նախագահ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

«Այդ խնդիրն ընդհանուր առմամբ վերաբերում է շուրջ 800.000 մարդու, որոնցից 34.000-ը հայ է: Սակայն նաև մենք ունենք տեղեկատվություն այն մասին, որ շուրջ 170.000 հայ գտնվում է ռիսկի գոտում, այսինքն՝ նրանց նկատմամբ դեռևս պատժամիջոցներ չեն կիրառվել, սակայն նրանք ռիսկի տակ են»,- ասել է Նաղդալյանը` նշելով, որ հայկական պատվիրակությունը վերջին նիստի ընթացքում անդրադարձ է կատարել նաև միգրացիոն խնդիրներին, իսկ հայ-ռուսական բարեկամության ակումբի նախավերջին հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռամադանովսկին:

Մայիսի 22-ին աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել Ռուսաստանի ֆեդերալ միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկու գլխավորած պատվիրակությունը, որը հանդիպել է երկրի քաղաքական ղեկավարությանը, քննարկել առաջիկայում միգրացիոն հարցերով ստորագրվելիք 3 համաձայնագրի մանրամասները: Հանդիպումների արդյունքում Ռոմոդանովսկին նշել է, որ երկու երկրների միջև համապատասխան համաձայնագրի վավերացումից հետո աշխատելու նպատակով Ռուսաստան մեկնած հայ միգրանտները կստանան նույն իրավունքները, ինչ Բելառուսի ու Ղազախստանի քաղաքացիները։ Նա նաև մանրամասնել է, որ դա կլինի մինչև Մաքսային միությանը Հայաստանի պաշտոնական անդամակցումը։ Խոսքը ՌԴ-ում առանց աշխատանքի պահանջվող թույլտվության աշխատելուն վերաբերող համաձայնագրի մասին է։

«Մեր բարձրացրած հարցն այն մասին, որ 34 000 հայերի նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ են կիրառվել, Ռամադանովսկին խոստացել է, որ նրանց վերաբերյալ մոտ ժամանակներում ներողամիտ վերաբերմունք լինի, այսինքն՝ չավելանան նորերը, իսկ հների խնդիրները լուծվեն»,- ասել է նա, գրում է Tert.am-ը:

Հերմինե Նաղդալյանը նշել է, որ առկա համաձայնագրերով սահմանված է, որ հայ միգրանտների վերաբերյալ որոշակի արտոնություններ են սահմանվում, իսկ ևս մեկ համաձայնագրով փորձ է արվում հայ միգրանտների կարգավիճակը բարձրացնել և հասցնել արդեն ինտեգրացիոն գործընթացներին մասնակցող երկրների միգրանտների կարգավիճակին:

«Թեև Ռուսաստանի ներկայացուցիչները ասում էին, որ քիչ ժամանակ է մնացել, որ Հայաստանը պետք է մտնի Եվրասիական տնտեսական միության մեջ և արդեն իրավական դաշտում այս խնդիրը լուծված կլինի, սակայն միևնույն ժամանակ իրենք հաղորդ մնացին մեր խնդրանքին»,- ասել է ԱԺ փոխնախագահը:

Ապրիլի սկզբին Մոսկվայում Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանն հանդիպել էր ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին։ Արդյունքում երկու երկրների միգրացիոն ծառայությունների միջև փաստաթուղթ էր ստորագրվել, որով կանոնակարգվելու են ՌԴ-ում գտնվող հայ միգրանտների կեցությանն ու աշխատանքային գործունեությանը վերաբերող խնդիրները:Համաձայնագրով կարգավորվող հարցերից մեկը վերաբերում էր ՌԴ-ում հաշվառման կանգնելու ժամկետների երկարաձգմանը: Գործող կանոնակարգի համաձայն անձը 7 օրվա ընթացքում պետք է կանգնի հաշվառման, այլապես կհամարվի օրինախախտ: Նոր համաձայնագրով այդ ժամկետը պետք է երկարաձգվի 30 օրով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---