Թուրքիան ոտնահարում է միջազգային իրավունքի ընդունված նորմերը

PanARMENIAN.Net - Ներկայումս ՀՀ կառավարությունը նախապայման չի դնում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերութւուններ հաստատելու հարցում: Միեւնույն ժամանակ, թուրքական կողմի համար ղարաբաղյան խնդրի վերջնական լուծումը հիմնական պայման է հանդիսանում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ սահմանը բացելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Նրա խոսքերով, այդպիսով Թուրքիան ոտնահարում է ոչ միայն ընդունված միջազգային իրավունքի նորմերը, այլ նաեւ խախտում է գործող 1921թ. Կարսի պայմանագիրը, որով գծվել է սահմանը: «Թեեւ Կարսի պայմանագիրը փաստորեն կրկնեց Մոսկվայի 1921թ. պայմանագիրը, որը ոտնահարում է Հայաստանի եւ հայ ժողովրդի կենսական շահերը, իրականում միակ դիվանագիտական ակտն է այս ժամանակահատվածում, որով կանոնակարգվում են երկկողմ հարաբերությունները, որը կողմերից ոչ մեկը դենոնսացիայի չի ենթարկել»,-հիշեցրել է հայ դիվանագետը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ պայմանագրի 17-րդ կետում նշված է, որ կողմերը պետք է «... միջոցներ ձեռնարկեն երկաթուղային, հեռագրային եւ հաղորդակցության այլ միջոցների պահպանման եւ զարգացման համար, ինչպես նաեւ ապահովեն մարդկանց եւ բեռների ազատ փոխադրումը»: Անկարայի հետ բանակցություններում ԵՄ-ի պայմաններից մեկն այն է, որ Թուրքիան պետք է բարիդրացիական հարաբերություններ ունենա բոլոր հարեւանների, այդ թվում Հայաստանի հետ: «Հաշվի առնելով նաեւ ԱՄՆ-ի մշտական ճնշումն այս հարցում, Թուրքիայի կառավարությոնը դժվարին կացության մեջ է հայտնվել: Այսօր նա փորձում է քողարկել իրավիճակը, հայտարարելով, թե երկու երիրների միջեւ կան օդային եւ ավոտբուսային փոխադրումներ, էական ապրանքաշրջանառություն, Հայաստանի ցանկացած քաղաքացի կարող է վիզա ստանալ եւ հատել Թուրքիայի սահմանը եւ այլն: Այո, բայց այս ամենը տեղի է ունենում կամ օդային ուղիով, կամ երրորդ երկրների տարածքով, լիակատար շրջափակման եւ դիվանագիտական եւ հյուպատոսական հարաբերությունների բացակայության պայմաններում: Մյուս կողմից, Թուրքիան չի ցանկանում զոհաբերել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ, քանի որ, ըստ ադրբեջանական իշխանությունների տրամաբանության, Թուրքիայի հետ սահմանի բացումը կհանգեցնի Հայաստանի տնտեսության աճին, որն էլ կկարծրացնի հայկական կողմի դիրքորոշումը Ղարաբաղի շուրջ բանակցություններում»,-ընդգծել է Կիրակոսյանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
    Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    ---