20  10.07.14 - «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը կառավարության դիմաց

«Նաիրիտի» ճակատագիրը պարզ կլինի սեպտեմբերին. Աշխատակիցները գործադիրին 1 ամիս չեն անհանգստացնի

«Նաիրիտի» ճակատագիրը պարզ կլինի սեպտեմբերին. Աշխատակիցները գործադիրին 1 ամիս չեն անհանգստացնի

PanARMENIAN.Net - «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները, որոնք պահանջում են իրենց 18 ամսվա չվճարված աշխատավարձը, հուլիսի 10-ին բողոքի ցույց էին կազմակերպել Կառավարության շենքի դիմաց: «Պահանջում ենք վերագործարկել Նաիրիտը», «Աշխատավարձերի պարտքի մարում» պաստառներ պարզած ցուցարարները նշում էին` բացի այն, որ աշխատում են առանց աշխատավարձ, նաև անհանգստացած են գործարանի անորոշ ապագայով։ Հետևաբար պահանջում էին ոչ միայն աշխատավարձերը, այլև` նոր աշխատանք:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդառաջ է եկել ցուցարարներին` առաջարկելով` 20 հոգուց բաղկացած խումբը բարձրանա Կառավարություն, որպեսզի խնդիրների մասին ավելի առարկայական խոսեն նիստից հետո։

«Մենք ուզում ենք ձեր հարցին լուծում տալ, ժամանակ է պետք` այն ուսումնասիրելու, մեղավորներին գտնելու համար: Ես առաջարկում եմ մի քիչ համբերել, կհանդիպենք Կառավարության նիստից հետո»,-ասել է վարչապետը, գրում է Panorama.am-ը:

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի արտադրության մենաշնորհ ուներ: 2006-ին ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը 40 մլն դոլարով վաճառվել էր Rhinoville Property Limited բրիտանական կոնսորցիումին, բաժնետոմսերի մնացած 10 տոկոսը Հայաստանի կառավարությանն է: 2010-ի ապրիլից արտադրությունը գործարանում դադարեցվել է:

Ըստ գործարանի աշխատակիցների, վարչապետն ասել է, թե «Նաիրիտի» ճակատագիրը պարզ կլինի սեպտեմբերի 15-ից հետո միայն: Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Նաիրիտի հարցը կքննարկի նաև Սոչիում՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը, որը կկայանա հուլիսի 11-ին:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն էլ նաիրիտցիներին ներկայացրել է գործարանի շուրջ ստեղծված վիճակը: Նախարարի խոսքերով՝ այժմ վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են իրականացվում և մշակվում ստեղծված վիճակից դուրս գալու ելքեր, հայտնում է ARKA գործակալությունը:

«Ուսումնասիրությունները կավարտվեն առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում, վստահ եմ` ելքեր կգտնենք ձեր աշխատավարձերը վճարելու հարցում»,- ասել է Զախարյանը:

Անդրադառնալով «Ռոսնեֆտ»-ի կողմից Նաիրիտը վերագործարկելու հնարավորությանը, նախարարը նշել է, որ ռուսական ընկերությունն իր ուսումնասիրությունների արդյունքները կներկայացնի մեկ ամսվա ընթացքում:

Տարեվերջին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել էր, որ ռուսական «Ռոսնեֆտը» մտադիր է ներդրումներ անել Հայաստանում նոր գործարանի կառուցման համար: Ըստ գործադիրի ղեկավարի, բանակցությունները շարունակվում են, քանի որ երկրորդ փուլը վերաբերում է «Նաիրիտին»: Արդեն փետրվարի 11-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը նշել էր, որ «Ռոսնեֆտը» լրջորեն ուսումնասիրում է Հայաստանում կաուչուկի գործարան հիմնելու հարցը:

2013-ի դեկտեմբերի 25-ին «Ռոսնեֆտ», «Պիրելի Թահր Ռուսիա» և «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերությունների ներկայացուցիչները Երևանում փոխըմբռնման մասին հուշագիր էին ստորագրել կաուչուկի արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ:

Փետրվարի 24-ին Սոչիում ՀՀ ու ՌԴ վարչապետներն անդրադարձել էին «Ռոսնեֆտի» ներդրումային ծրագրերին: «Լսեցինք «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինի՝ կատարված աշխատանքների և իրենց ծրագրերի մասին հաշվետվությունը: Նախատեսվում է Հայաստանում իրականացնել մոտ 500 մլն դոլարի ներդրումային ծրագիր: Բնականաբար, ծրագիրն առնչվում է «Նաիրիտ» գործարանին, քանի որ նոր կառուցվելիք գործարանում հիմնական աշխատողները լինելու են հենց «Նաիրիտ»-ի աշխատողները»,- ասել էր նախկին վարչապետը:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ կառավարության նիստից հետո վարչապետն ընդունել է «Նաիրիտ»-ի աշխատակիցներին, լսել նրանց խնդիրներն ու մտահոգությունները: Անկաշկանդ զրույցի ընթացքում քննարկվել է ինչպես աշխատավարձերի, այնպես էլ գործարանի հետագա ճակատագրի հարցը: Վարչապետ Աբրահամյանը տեղեկացրել է, որ գալիք շաբաթվա ընթացքում աշխատակիցները կստանան իրենց մեկ ամսվա աշխատավարձը և նշել, որ մինչ օգոստոսի վերջ մանրամասն կուսումնասիրվի «Նաիրիտ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը և կմշակվեն դրանից դուրս գալու հնարավոր քայլերը:

Հանդիպումից հետո նաիրիտցիները բարձրախոսով հայտարարել են, թե որոշվել է, որ մեկ ամսվա աշխատավարձ ստանալուց հետո մինչև օգոստոս էլ Կառավարությանը չեն անհանգստացնելու:

«Խոստացան, որ մեղավորներին, որ Մոսկվայում են, պատժելու են: Այո, ով որ մեղավոր է, ով «Նաիրիտի» քրտինքը կերել է, թող պատժվի: Ավելի կոնկրետ ասեմ, մինչև օգոստոսի վերջ մենք Կառավարությանը չենք անհանգստացնում, օգոստոսի վերջին էլի մի 20 մարդու վարչապետն ընդունելու է»,-հայտարարել է գործարանի ներկայացուցիչը, գրում է Tert.am-ը։

Մարտի 19-ի էներգետիկայի ու բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, թե Հայաստանի կառավարությունը վարկ կվերցնի «Նաիրիտ» գործարանի աշխատողների ամիսներ շարունակ կուտակված աշխատավարձերը վճարելու համար։ Նա մանրամասներ չի ներկայացրել, միայն ասել է, թե այդ վարկը պետական երաշխիքներով չեն վերցնելու։

Պարբերաբար գործարանի աշխատակիցները բողոքի ցույցերի են դուրս գալիս՝ պահանջելով վճարել ամիսներ շարունակ կուտակված իրենց աշխատավարձերը։ Նաիրիտցիների վերջին խոշոր բողոքի ակցիան փետրվարի 12-ին էր, երբ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց:

«Նաիրիտում» աշխատավարձերը վճարվում են երկու ամիսը մեկ, իսկ գործարանի մեկ ամսվա աշխատավարձային ֆոնդը կազմում է $1 մլն: Գործարանը մոտ 4 տարի պարապուրդի է մատնված, և օրական կտրվածքով նույնիսկ չաշխատելու դեպքում կուտակում է 30 մլն դրամի պարտք:

Մարտի 11-ին Մոսկվայի արբիտրաժային դատարանը ընդունել է Հայաստանի քիմհսկա «Նաիրիտ գործարան» ընկերությունից 25 մլն 183 հազար ԱՄՆ դոլար բռնագանձելու որոշում։ Հայցը ներկայացրել էր ԱՊՀ Միջպետական բանկը։ «Նաիրիտ»-ը Միջպետական բանկի կողմից 2006-ին Rhinoville Property Limited-ին (որին պատկանում է «Նաիրիտի» բաժնետոմսերի 90%-ը) տրամադրած 70 մլն դոլար վարկի երաշխավորողն է։

Բանկի ներկայացուցիչը դատարանում նշել է, որ Rhinoville Property Limited-ը 2010-ի հունվարից դադարել է վարկի սպասարկումը։ Արբիտրաժային դատարանի նիստին նշվել է՝ քանի որ գործարանը վարկի երաշխավորողն էր, բանկը պահանջել է գանձել 16,763 մլն դոլարի տոկոսավճարներ և 8,419 մլն դոլարի տույժեր։ Դատական նիստն անցել է պատասխանող կողմի բացակայությամբ։ Բանկի ներկայացուցիչը դատարանում նշել է, որ Rhinoville Property Limited-ը 2010-ի հունվարից դադարել է վարկի սպասարկումը։

Եվս մեկ դատական գործ «Նաիրիտի» դեմ այժմ կա Հայաստանում։ Իրանական SandbadTir INTL Transport Co.LTD ընկերությունը 2013-ի նոյեմբերի 19-ին դիմել է դատարան՝ «Նաիրիտ գործարանին» սնանկ ճանաչելու պահանջով։ Մոտ երեք տարի պարապուրդում գտնվող «Նաիրիտ» գործարանի պարտքը կազմում է ավելի քան $150 մլն, որից միայն $100 մլն-ը՝ ԱՊՀ միջպետական բանկի նկատմամբ պարտավորություններն են։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---