Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է երիտասարդական «Վիքի» ճամբարի մասնակիցներին

Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է երիտասարդական «Վիքի» ճամբարի մասնակիցներին

PanARMENIAN.Net - Երիտասարդական «Վիքի» ճամբարի կազմակերպիչների հրավերով` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է ճամբարի մասնակիցներին։

Ճամբարներն անցնելու են Վանաձորում (հուլիսի 6-ից՝ 20-ը և օգոստոսի 12-ից՝ 26-ը)՝ «Վիքիմեդիա» հիմնադրամի և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական-հասարակական կազմակերպության ջանքերով:

«Հայկական ազգային ինքնության և պատմական-մշակութային հարուստ ժառանգության պահպանումը միշտ եղել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում: Ողջունում ենք այս նախաձեռնությունը և գնահատում համացանցում հայկական բովանդակությունն ավելացնելուն ուղղված ձեր ջանքերը: Դա կնպաստի երկրի վերաբերյալ իրազեկման բարձրացմանն աշխարհում, զուգահեռաբար` տեղեկատվության աղբյուր կծառայի հայրենիքից դուրս բնակվող հայերի համար: Այս նախաձեռնությունը նաև շփման հարթակ է` նույն գաղափարները և մտահոգությունները կիսող հայ երիտասարդների համար: Մենք պետք է ընդունենք, որ ժամանակակից թվային աշխարհի օրենքները պահանջում են, որ ազգը պատշաճ ներկայացված լինի նաև վիրտուալ աշխարհում: Համացանցում հայկական բովանդակության ծավալի մեծացումն աշխարհում հայկական գործոնի ուժեղացմանն ուղղված արդյունավետ գործիք է»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը:

«Վիքի» ճամբարի առաջին հերթափոխում ընդգրկվել են Երևանի «ԱՅԲ», ֆիզմաթ մասնագիտացմամբ դպրոցների, Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի, Վանաձորի «Էվրիկա» դպրոցի ավագ դասարանների աշակերտներ, սիրիահայ պատանիներ, ինչպես նաև աշակերտներ և ուսանողներ՝ Եղվարդից, Ապարանից, Կոտայքից և Արցախից:

«Վիքիմեդիա Հայաստանի» նպատակն է ինտերնետի, մասնավորապես՝ «Վիքիմեդիայի», «Վիքիգրադարանի», «Վիքիգրքերի» և «Վիքիճանապարհորդի» միջոցով բազմապատկել և բովանդակային առումով հարստացնել հայոց պատմությանն ու մշակույթին, Մեծ եղեռնին և հայկական հարցերին նվիրված հայալեզու և օտարալեզու բովանդակությունը:

Ճամբարը կմիավորի 14-ից՝ 20 տարեկան «Վիքի» կոնտենտը խմբագրողների, ովքեր կընտրվեն ըստ հայկական «Վիքիպեդիայում» հեղինակած հոդվածների ծավալի և քանակության: Նրանց կտրվեն ճամբար մուտքի անցագրեր. ևս 100 պատանի հնարավորություն կունենա մասնակցելու ճամբարին՝ անցագրի համար վճարելով 120․000 դրամ: 14 օր անընդմեջ, բոլոր մասնակիցներն օրական 4 ժամ կտրամադրեն Հայաստանին և հայ ժողովրդին նվիրված արևելահայերենով, արևմտահայերենով և այլ լեզուներով հոդվածների հրապարակմանը:

Երկու շաբաթվա ընթացքում ճամբարի մասնակիցները կտիրապետեն «Վիքի» խմբագրման գործիքներին և կհրապարակեն հոդվածներ` «Վիքիպեդիայի» գործող խմբագիրների ղեկավարությամբ: Ճամբարի մասնակիցների աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով «Վիքիգրադարանը» կհամալրվի արևելահայ և արևմտահայ գրողների ստեղծագործությունների թվայնացված տարբերակներով: Հոդվածների կազման համար մասնակիցների տրամադրության տակ կլինեն նաև տպագիր աղբյուրներ: Ամենօրյա ժամանցային ծրագրում ընգրկված են հայկական երգի և պարի դասեր, հայկական ֆիլմերի ցուցադրություն, ինչպես նաև հանդիպումներ ճանաչված գիտնականների, գրողների և մշակութային գործիչների հետ: Բացի այդ, ճամբարի մասնակիցները հնարավորություն կունենան ընտրելու «Վիքի ճամփորդություն», այցելելու Լոռու և Շիրակի մարզերի թանգարաններ և պատմական հուշարձաններ: Սպորտային ժամանցի կազմակերպման համար ճամբարականների տրամադրության տակ կլինեն վոլեյբոլի, ֆուտբոլի դաշտերը, ինչպես նաև սեղանի թենիսը:

«Վիքիմեդիա Հայաստանի» «Վիքի» ճամբար 2014-ի ծրագրի կարևորագույն և հրատապ խնդիրներից է առանձին՝ «Արևմտահայ Վիքիմեդիայի» ստեղծումն ու հարստացումը: Ճամբարի գլխավոր նպատակն արևմտահայ դպրոցականներին և ուսանողներին հայկական «Վիքիպեդիայի» կազման աշխատանքներում ներգրավելն է: Դա հնարավորություն կընձեռի ստեղծելու «Վիքիպեդիայի» արևմտահայերեն բաժինը և հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ արևմտահայերեն հոդվածներ հրապարակելու «Վիքիգրադարանում»: Արևմտահայերենն ընդգրկված է անհետացման վտանգի տակ գտնվող լեզուների՝ Միացյալ ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության՝ UNESCO-ի ցանկում, հետևաբար արևմտահայերեն Վիքիպեդիայի ստեղծումը կնպաստի այդ լեզվի պահպանմանը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---