Ամերիաբանկն ամրապնդում է դիրքերը. 2014-ի 1-ին կիսամյակում բանկի զուտ շահույթը կազմել է 2,9 մլրդ ՀՀ դրամ

Ամերիաբանկն ամրապնդում է դիրքերը. 2014-ի 1-ին կիսամյակում բանկի զուտ շահույթը կազմել է 2,9 մլրդ ՀՀ դրամ

PanARMENIAN.Net - Ամերիաբանկի գործունեության 2014 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները վկայում են` Հայաստանի բանկային համակարգում բանկն ամրապնդում է դիրքերը առաջատարների շարքում: Այս մասին հուլիսի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Ամերիաբանկի տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը` ներկայացնելով կիսամյակի գործունեության ամփոփ արդյունքները:

Նա նշեց, որ բանկի ակտիվներն այս ընթացքում աճել են մոտ 9%-ով և հունիսի 30-ի դրությամբ կազմել 343 մլրդ ՀՀ դրամ, պարտավորություններն աճել են մոտ 10%-ով` կազմելով 303 մլրդ ՀՀ դրամ, իսկ հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորություններն աճել 30%-ով և կազմել 221 մլրդ ՀՀ դրամ:

Հատկանշական է, որ բոլոր 3 ցուցանիշի գծով ՀՀ բանկային համակարգում ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում գրանցվել է նվազում, մասնավորապես ակտիվների գծով՝ 0.7%-ի չափով, պարտավորությունների` 2%-ի չափով, իսկ հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորություններն աճել են ընդամենը 1%-ով: Ամերիաբանկը տարվա 1-ին կիսամյակի արդյունքներով ակտիվների, պարտավորությունների և հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունների մեծությամբ շարունակում է պահպանել առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում:

«Հատկապետ ուշագրավ է հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունների աճը, որով բնութագրվում է` որքանով են հաճախորդները վստահում մեր բանկին: Մասնավորապես մոտ 10%-ով աճել են ֆիզիկական անձանց ընթացիկ և ժամկետային ավանդները»,- նշեց Գևորգ Թառումյանը:

Բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում աճել են 11%-ով, իսկ մեկ տարվա ընթացքում (30.06.13-30.06.14թթ.)` 33%-ով և հունիսի 30-ի դրությամբ կազմել 75 մլրդ ՀՀ դրամ:

Բանկի գործունեության գնահատման ամենակարևոր ցուցանիշներից մեկը, ըստ բանախոսի, հարկումից հետո զուտ շահույթն է, հունիսի 30-ի դրությամբ կազմել է 2,9 մլրդ ՀՀ դրամ, որի մասնաբաժինը շուկայում կազմում է 16%:

Բանկի վարկային պորտֆելն ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում աճել է 9,1%-ով (ՀՀ բանկային համակարգում աճը կազմել է ընդամենը 4%) և հունիսի 30-ի դրությամբ կազմել ավելի քան 192 մլրդ ՀՀ դրամ.

«Մեր համար շատ ուրախալի է, որ էական աճ է գրանցել ՓՄՁ-ների ոլորտում` հաշվետու եռամսյակում դրանք աճել են 15%-ով և հունիսի 30-ի դրությամբ վարկերի պորտֆելը կազմել է ավելի քան 38 մլրդ ՀՀ դրամ»,- ասաց բանախոսը:

10%-ով աճել են հիփոթեկային, 11%-ից ավելի` ավտովարկերը:

«Վարկային ներդրումների ոլորտում Ամերիաբանկը զբաղեցնում է 2-րդ տեղը ՀՀ բանկային համակարգում: Այստեղ դեռ աշխատելու տեղ ունենք»,- նշեց Թառումյանը:

Անդրադառնալով նոր հաճախորդներ ներգրավելու հարցին, բանախոսը նշեց, որ 10%-ով աճել է բանկի ֆիզիկական և 15%-ով իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների քանակը:

«Մեր հիմնական շեշտն առաջին կիսամյակում եղել է ՓՄՁ-ների միջին և փոքր վարկավորումն ու վարկային քարտերը, երկու դեպքում էլ ունենք աճ: Այս տեմպերը պահելու ենք մինչև տարեվերջ: Նոր անակնկալներ կլինեն նաև 2-րդ կեսում»,- խոստացավ Թառումյանը` չբացելով փակագծերը:

Անդրադառնալով ընդհանուր բանկային համակարգում նկատվող նվազման միտումներին` Ամերիաբանկի ֆինանսական տնօրենը նշեց, որ բանկերի մոտ հիմանական նվազումը տեղի է ունեցել շահույթի մասով պահուստավորման պատճառով:

«Սա խոսում է վարկերի որակի որոշակի վատթարացման մասին: Բանկերը փորձում են նվազեցնել ռիսկի նկատմամբ պահանջները, մենք փորձում ենք մեր ռիսկի ախորժակը չնվազեցնել, ավելի լավ վիճակում ենք վարկերի առումով»,- նշեց Թառումյանը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---