Էրդողանը նեղացել է Օբամայից. Ես չեմ խոսում ԱՄՆ նախագահի հետ

Էրդողանը նեղացել է Օբամայից. Ես չեմ խոսում ԱՄՆ նախագահի հետ

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատմել է, որ դադարել է անձամբ շփվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Վաշինգտոնի ու Անկարայի միջև լարվածություն առաջացավ, երբ ԱՄՆ-ն ռազմական գործողություն չձեռնարկեց Սիրիայի դեմ, ինչպես ակնկալում էր թուրք վարչապետը:

Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել:

«Նախկինում ես անմիջապես Օբամային էի հեռաձայնում,-ասել է Էրդողանն ATV-ին տված հարցազրույցում:-Հիմա շփվում են մեր ԱԳ նախարարները: Որովհետև ես չեմ ստանում ակնկալվող արդյունքները Սիրիայի հարցում: Ես չէի կարող նման բան պատկերացնել նրանց դեպքում, ով համարվում է արդարության ջատագով», հայտնում է «Ազատ մամուլը»:

Ավելին, Էրդողանը Վաշինգտոնի հետ տարաձայնություններ ունի նաև Գազայում իրադարձությունների վերաբերյալ, որտեղ Իսրայելի բանակը 2 շաբաթում մոտ 580 պաղեստինցու է ոչնչացրել: Թուրք վարչապետը դա անվանում է «պետական ահաբեկչություն» և «ցեղասպանություն» և քննադատում է ԱՄՆ-ին Իսրայելին սատարելու համար:

«Ներկայումս Իսրայելն ահաբեկչությամբ է զբաղվում, Իսրայելը ցեղասպանություն է գործում,-հայտարարել է Էրդողանը: -Իսրայելը սպառնում է համընդհանուր խաղաղությանը, խաղաղությանը Մերձավոր Արևելքում»: Էրդողանը հավելել է, որ քանի դեռ նա զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, չի կարող ոչ մի լավ բան ասել Իսրայելի մասին: Բացի այդ, ըստ Էրդողանի, Թել Ավիվը նպատակ ունի «թույլ չտալ, որ ՀԱՄԱՍ-ն ու ՖԱԹՀ-ը միավորվեն և ցանկանում է բացառել ՀԱՄԱՍ-ի մասնակցությունը Մերձավոր Արևելքում կարգավորման շուրջ եգիպտական բանակցություններին: Վարչապետը հավելել է, որ «այժմ Իսրայելը կարող է հաղթող թվալ, բայց, ի վերջո, տանուլ է տալու»:

Էրդողանը Ստամբուլ է հրավիրել Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասին: Կողմերը մտադիր են քննարկել վերջին իրադարձությունները Մերձավոր Արևելքում:

Իսրայելի տրանսպորտի նախարար Իսրայել Կացն ի պատասխան թուրք առաջնորդին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին։ Նախարարը նշել է, որ 1915-ից՝ 1918-ն Օսմանյան կայսրությունում 600 հազարից մինչև 1 մլն հայ է սպանվել, ու թուրք առաջնորդը չէ, որ պետք է ինչ-որ մեկին մեղադրի «ցեղասպանության» մեջ, Facebook-ի իր էջում գրել է Կացը։

Հուլիսի 7-ից Իսրայելը բանակային գործողություն է իրականացնում Գազայում, որի նպատակն է երաշխավորված ու տևական ժամանակով կասեցնել պաղեստինյան հրթիռակոծությունները, խարխլելով անկլավում իշխող իսլամիստական ՀԱՄԱՍ-ի ու գրոհայինների այլ խմբավորումների ներուժը: Չնայած Գազայի հատվածի ռմբակոծություններին, որոնց թիվը գերազանցել է 1,4 հազարը, գրոհայինները շարունակում են գնդակոծել Իսրայելի խոշորագույն հարավային քաղաքներն ու կենտրոնական հատվածը: Վերջին 15 օրում ռազմական գործողության հետևանքով առնվազն 700 պաղեստինցի է զոհվել և Իսրայելի շուրջ 30 զինծառայող, ինչպես նաև 3 խաղաղ բնակիչ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---