Հուլիսի 30-ը թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է. Հայաստանն այս պայքարում առաջատարների շարքում է

Հուլիսի 30-ը թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է. Հայաստանն այս պայքարում առաջատարների շարքում է

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն տարեկան հրապարակում է զեկույց` իրավիճակն աշխարհում թրաֆիքինգի առումով, և Հայաստանն այս տարի երկրորդ անգամ ընդգրկվել է առաջին խմբում` այն երկրների շարքում, որոնք լավագույնս են իրականացնում թրաֆիքինգի դեմ տարվող աշխատանքները: 192 երկրից միայն 32-ն են դասվել այդ խմբում և Հայաստանը մեր տարածաշրջանից ու ԱՊՀ բոլոր երկրներից միակն է: Այս մասին հուլիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի այս տարի ընդունված բանաձևի համաձայն` հուլիսի 30-ը հայտարարվել է թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օր:

ԱՄՆ Պետդեպի` մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցը դիվանագիտական հիմնական գործիքն է, որով ԱՄՆ ղեկավարությունը պետություններին ներգրավում է թրաֆիքինգի դեմ պայքարի մեջ: Զեկույցում ներկայացվում է աշխարհում թրաֆիքինգի բնույթի ու ծավալների մասին ամենաընդգրկուն պատկերը, ինչպես նաև` չարիքի դեմ պայքարում պետությունների գործողությունների լայն շրջանակը:Այս զեկույցն օգտագործում են միջազգային կազմակերպությունները, կառավարություններն ու ՀԿ-ները` որպես գործիք, որը թույլ է տալիս բացահայտել այն ոլորտները, ուր պետք է ուղղել համապատասխան ռեսուրսներ: «Թրաֆիքինգն արմատախիլ անելուն ուղղված մինիմալ չափորոշիչների» ապահովմանն ուղղված ջանքերի գնահատմամբ Պետդեպը զեկույցում պետությունները դասակարգում է երեք խմբում:

Վահրամ Կաժոյանը նաև նշել է, որ Հայաստանում երկար տարիներ թրաֆիքինգի դեմ պայքար է ընթանում, կա լավ ձևավորված ինստիտուտցիոնալ համակարգ, գործում է թրաֆիքինգի դեմ պայքարի կառավարական խորհուրդը, աշխատանքային խումբը և այլն:

Բանախոսի պնդմամբ` Հայաստանի համար շատ արդյունավետ է ոչ միայն համագործակցությունը օտարերկրյա իր գործընկերների հետ, այլև երկրի ներսում` հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների հետ և այլն, քանի որ թրաֆիքինգի դեմ պայքարի խնդիրը, ըստ բանախոսի, մեկ մարդու, մեկ աշխատանքային խմբի կամ խորհրդի գործունեության արդյունք չէ, այլ այստեղ հարկավոր է ամբողջ հասարակության ակտիվ մասնակցությունը և քարոզչական բոլոր միջոցների կիրառումը` թրաֆիքինգ-չարիքը լուսաբանելու հարցում:

Թրաֆիքինգը շահագործման նպատակով իրականացվող մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալն է ուժի սպառնալիքով կամ դրա կամ հարկադրանքի այլ միջոցների կիրառման, առևանգման, խարդախության, խաբեության, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը չարաշահելու կամ ուրիշ անձի կողմից վերահսկվող անձի համաձայնությունը ստանալու համար վճարումների կամ շահերի ձևով կաշառելու ճանապարհով։

ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Ռոբերտ Գրիգորյանն էլ նշել է, որ վերլուծությունն ընդհանուր առմամբ ցույց է տալիս` Հայաստանը թրաֆիքինգի առումով հանդիսանում է սկզբնաղբյուր երկիր, սակայն վերջին տարիներին արձանագրվում են նաև ներքին թրաֆիքինգի դեպքեր, ինչպես նաև` Հայաստանը որպես տրանզիտ տարածք օգտագործելու դեպքեր: Վերջին տարիների ընթացքում առավել ուշադրության են արժանանում հարկադիր աշխատանքը և աշխատանքային շահագործումը և բանախոսի խոսքով` այս պահին աշխատանքներ են իրականացվում այդ ուղղության դեպքերի բացահայտման համար:

«2012-2014թ. թրաֆիքինգի հատկանիշներով հարուցվել են 31 քրեական գործ, այդ գործերով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել 39 անձ, որոնցից 28-ը եղել է կին, իսկ 14-ը` անչափահասն: Այս քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 29 անձի, նշված գործերից 12-ը վերաբերել է ՀՀ-ում կանանց պոռնկության շահագործմանը, 5 գործ վերաբերել է աշխատանքային շահագործմանը` մուրացկանության մեջ ներգրավելու միջոցով, 4 գործ` Արաբական Միացյալ էմիրություններում ՀՀ քաղաքացի հանդիսացող կանանց պոռնկության շահագործմանը, 4 գործ` կանանց շահագործմանը Թուրքիայում, 3-ը` ՌԴ-ում աշխատանքային շահագործմանը և 2-ը` օրգաններ և հյուսվածքներ վերցնելուն»,- թվարկել է ոստիկանության ներկայացուցիչը:

Նա նշել է` միտումն այնպիսին է, որ բացահայտված դեպքերի քանակը պակասում է, ինչպես նաև պակասում է թրաֆիքինգի զոհերի թիվը: Եվ նաև ուրախալի է, որ եթե նախկինում մեկ գործով հայտնաբերված զոհերի թիվը շատ էր, ապա հիմա մեկ-երկուսն են: Դեպքերի նվազումն էլ նա կապել է ոչ թե հանցագործությունները լավ կոծկելու, այլ այն հանգամանքի հետ, որ մարդիկ այսօր ավելի իրազեկված են և լավ են հասկանում, թե ինչ է թրաֆիքինգը, գրում է Panorama.am-ը:

Եվս մեկ կարևոր հանգամանք` մարդկանց Հայաստանում չեն առևանգում, բռնի ուժով չեն հավաքագրում կամ տեղափոխում սահման, այլ բուն բռնությունը սկսվում է շահագործման պահին և ներկայումս հասարակության անդամները, իրազեկվածության մակարդակի բարձրացմանը զուգահեռ, արդեն իրենք չեն համաձայնվում մեկնել արասահման աշխատանքի և այլն:

Թրաֆիքինգի խնդիրը դարձել է մտահոգության առարկա ամբողջ քաղաքակիրթ հասարակության համար։ Ըստ որոշ տվյալների, երկրագնդի բնակչությունից մեկ միլիոն մարդ յուրաքանչյուր տարի դառնում է շահագործման զոհ իր ծագման երկրում, և ևս մոտ մեկ միլիոն մարդ շահագործման է ենթարկվում` փոխադրվելով այլ երկրներ։ Գլոբալացվող արդի հասարակությունում համընդհանուր են դառնում ոչ միայն մարդկության առաջընթացի արդյունքները, այլև մարդկային հանրության առջև ծառացած հիմնախնդիրները։ Գլոբալացումն իր հետ բերում է նաև կազմակերպված հանցավորության աճ, քանի որ երկրների միջև տնտեսական, քաղաքական, մշակութային և այլ կապերի սերտացումը հանցավոր խմբերն օգտագործում են իրենց նպատակներին հասնելու համար։ Դրան նպաստում են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները։ Ի թիվս այլ հիմնախնդիրների, գլոբալացման դարաշրջանում ահագնացող է դառնում հիմնախնդիրը։ Այն համարվում է 21-րդ դարի ստրկություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---