Սերժ Սարգսյանը՝ սահմանային վերջին միջադեպերի և մեր հերոս տղաների մասին

Սերժ Սարգսյանը՝ սահմանային վերջին միջադեպերի և մեր հերոս տղաների մասին

PanARMENIAN.Net - Ի՞նչ խնդիր էր փորձում լուծել Ադրբեջանը Սոչիի հանդիպմանը նախորդած սահմանային միջադեպերով: «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով այս հարցին, նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ նպատակները տարբեր էին: Ըստ երկրի ղեկավարի, ամենագլխավոր և կարևոր նպատակն այն էր, որ միջազգային հանրությանը հասցվի գաղափարը, այն միտքը (և Ադրբեջանի ղեկավարը դա երբեք չի թաքցրել), որ պատերազմը չի ավարտվել, ավարտվել է պատերազմի մի փուլը, և պետք է հիմա շատ շտապ միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի խնդիրը ստանա իր վերջնական լուծումը: «Մենք բոլորս էլ համոզվել ենք, որ դա այդպես է: Չեք կարող հիմա ինձ հիշեցնել մի դեպք, որ յուրաքանչյուր կարևոր հանդիպումից առաջ կամ հետո միջադեպերի ինտենսիվություն չգրանցվի: Իսկ այդպիսի կարևորագույն հանդիպումն, իհարկե, այն գլխից ենթադրում էր այդպիսի մոտեցում»,- նշել է նախագահը: Ըստ նրա, հաջորդ նպատակը, որ Ադրբեջանի ԶՈւ-ն ու այդ երկրի ղեկավարությունն իր առջև դնում է, դա, «ինչպես ժողովուրդն է ասում՝ «հայերի աչքը վախեցնելն է»:

«Նրանք ուզում էին ցույց տալ և իրենց, և ուրիշներին, որ իրենք ուժեղ են, իրենց զինված ուժերը մարտունակ են, և իրենք կարող են, ինչպես իրենք են ասում, «պատժել հայկական զինված ուժերին»: Ինչպես տեսաք, այդ խաբկանքը նրանց հասցրեց ոչ բարենպաստ հանգրվանի:

Երրորդ նպատակը, կարծում եմ, ներքաղաքական է. Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է արդարացնել իր կոշտ քաղաքականությունը երկրի ներսում՝ պատերազմը ավարտված չլինելու հանգամանքը շահարկելով»,- նշել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ թեև կարելի է այլ նպատակներ և պատճառներ էլ թվարկել, հիմնական նպատակներն այս երեքն են:

Հուլիսի վերջից հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ են 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով, այս ամենի նպատակն է ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18․000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13․000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսից 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների է դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

Հակառակորդն օգտագործում է այնպիսի մեծ զինատեսակներ, ինչպիսիք են ձեռքի հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետեր, 23 միլիմետրանոց զենիթային կայանքներ, 82 միլիմետրանոց ականանետեր:

Ադրբեջանական կողմն այլ գործողությունների էլ է դիմում` մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել է զինտեխնիկայի տեղաշարժ, իրականացվում է ավիացիայի և ուղաթիռների ակտիվություն, ակտիվացել են հակառակորդի անօդաչու սարքերը, տարվում է ակտիվ տեղեկատվական քարոզչություն:

«Հայերին վախեցնելու կոնտեքստում» գնահելով հայ զինվորներին, նրանց կեցվածքն ու գործողություններն առաջին գծում, նախագահը նշել է, որ շատ լավ գիտի մեր զինված ուժերը, դրանց հնարավորություններն ու կարողությունները:

«Երբ պարբերաբար ասում էի, որ մեր զինված ուժերը մարտունակ են, շատերը, երևի թե, թերահավատ էին: Բայց այս իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան են առաջ գնացել մեր զինված ուժերն իրենց պրոֆեսիոնալ վարպետությունը կատարելագործելով: Մենք շատ լավ կազմակերպված, կազմակերպվածության բարձր աստիճան ունեցող զինված ուժեր ունենք, և մեր զինված ուժերում կառավարումը գրեթե անթերի է: Սա չափազանց էական հանգամանք է, շատ կարևոր: Եթե ստորաբաժանման ղեկավարը չի կարողանում կառավարել իր ենթականերին, ապա ԶՈւ կամ այդ ստորաբաժանումը երբեք հաջողության հասնել չեն կարող»,- նշել է նա՝ հավելելով, որ այս ընթացքում սկսած ջոկի հրամանատարներից մինչև կորպուսների, բանակի հրամանատարներ կարողացել են վարպետորեն կառավարել իրենց զորքը, իրենց վստահված զինծառայողներին:

«Մեր տղաները հերոս տղաներ են»,- ընդգծել է նախագահը:

Օգոստոսի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդը դիվերսիայի փորձ էր ձեռնարկել, բայց ժամանակին հայտնաբերվել էր ու հետ շպրտել ելման դիրքեր: Դիմակայության ընթացքում զոհվել էր ԼՂՀ ՊԲ զինծառայող Զորիկ Գևորգյանը, ով ավելի ուշ Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով», ՀՀ նախագահի՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Եվս երեք հայ զինվոր վիրավորվել էր, նրանցից 1994-ին ծնված զինծառայող Սարգիս Մովսիսյանն օգոստոսի 3-ին հոսպիտալում մահացել է։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտարարել է 4 զոհի ու մի քանի վիրավորի մասին։

Օգոստոսի 2-ի երեկոյան հակառակորդի կողմից հետախուզադիվերսիոն ներթափանցման ևս մեկ փորձ է ձեռնարկվել, այս անգամ՝ արևելյան (Ասկերանի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա: Հակառակորդը հետ էր շպրտվել իր ելման դիրքերը՝ մարտադաշտում թողնելով մեկ զոհված զինվորի:

Եվս մեկ դիվերսիոն ներթափանցման փորձ ադրբեջանցիները ձեռնարկել էին օգոստոսի լույս 1-ի գիշերը, որի արդյունքում հակառակորդը հայտնել էր իր 8 զինծառայողի կորստի մասին: Ըստ որոշ տվյալների, հակառակորդը 11-14 զոհ էր տվել ու մոտ 30 վիրավոր: Հայկական կողմը կորուստներ չէր ունեցել։

Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր ձեռնարկել շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Գործողության արդյունքում զոհվել էր ՊԲ 2 զինծառայող՝ Արարատ Խանոյանը և Աշոտ Ասոյանը, ավելի ուշ ՀՀ նախագահի կողմից նրանք հետմահու պարգևատրվել էին Մարտական ծառայության մեդալով։ Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել էր մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:

Ադրբեջանի ՊՆ-ն նախ հերքել էր իր կորուստների մասին լուրերը, ապա՝ հայտարարել իր զինծառայողի, ավելի ուշ նաև մեկ ենթասպայի մահվան մասին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---