Աշխարհում արձանագրվել է Էբոլա վիրուսի 1975 դեպք, 1069-ը` մահվան ելքով (թարմացված)

Աշխարհում արձանագրվել է Էբոլա վիրուսի 1975 դեպք, 1069-ը` մահվան ելքով (թարմացված)

PanARMENIAN.Net - Էբոլա վիրուսով հարուցված հիվանդությունը, որը աֆրիկյան մի շարք երկրներում վերածվել է բռնկման, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գնահատել է որպես «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ»: Դրա համար հիմք է հանդիսացել հիվանդության եզակի դեպքերի արձանագրումը բռնկման գոտուց դուրս այլ երկրներում:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին հրապարակման տվյալների` Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության համաճարակային իրավիճակն այսօր աշխարհում լարված է: ԱՀԿ տվյալներով մինչև օգոստոսի 14-ը բնակչության շրջանում արձանագրվել է Էբոլա վիրուսով 1176 հաստատված, 486՝ հավանական և 186՝ կասկածելի դեպք, այդ թվում` 1013-ը մահվան ելքով (55%): Հիվանդության դեպքերը հիմնականում արձանագրվում են աֆրիկյան երկրներում, մասնավորապես` Գվինեայի Հանրապետություն, Լիբերիայի Հանրապետություն, Սիերա Լեոնե և Նիգերիա:, իսկ ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ վերջին տվյալների համաձայն Էբոլա վիրուսից մահացել է 1069 մարդ, իսկ վարակվածների թիվը արդեն հասնում է 1975-ի:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ-ում Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության որևէ դեպք առ այսօր չի արձանագրվել: Հիվանդության ներթափանցումը մեր երկիր կանխելու համար ընդունվել է «էբոլա վիրուսով հարուցված հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, որով հանձնարարականներ են տրվում շահագրգիռ բոլոր կառույցներին՝ այս հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու համար, մասնավորպես`

-Բնակչության շրջանում բժշկահիգիենիկ գիտելիքներ տարածելու և նրանց իրազեկման նպատակով մշակվել է «Ի՞նչ է Էբոլա վիրուսը և ինչպե՞ս պաշտպանվել նրանից» վերտառությամբ հուշաթերթը, որը կտրամադրվի բնակչությանը:

-Հայաստանից մեկնողների և ժամանողների իրազեկման համար մշակվել է «Էբոլա վարակի վերաբերյալ» հուշաթերթը, որը կտրամադրվի զբասաշրջային ծառայություններին և ուղևորներին:

-Մշակվել է «Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության համաճարակաբանության, դեպքերի ստանդարտ բնորոշման, բուժման, կանխարգելման, վարակի հսկողության» մեթոդական ցուցումները՝ հիվանդության դեպքերի վաղ հայտնաբերման, մեկուսացման, բուժման և կանխարգելիչ միջոցառումների համակարգված իրականացման համար, որը կտրամադրվի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին:

-ՀՀ էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ կազմակերպվում են զբոսաշրջության գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների համար սեմինար դասընթացներ՝ զբոսաշրջիկների շրջանում հիվանդության առանձնահատկությունների վերաբերյալ իրազեկումը բարձրացնելու նպատակով:

-ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ աշխատանքներ է տարել վայրի կենդանիների ներբերումը մեր երկիր արգելելու համար, ինչը և իրականացվել է:

-Հրահանգվել է ուժեղացնել պետական սահմանում սանիտարական կարանտինային հսկողությունը:

-Կազմակերպվում են բուժաշխատողների իրազեկման դասընթացներ:

Աշխատանքները շարունակվում են:

Էբոլայի հեմորագիկ տենդը համանուն վիրուսով վարակման արդյունքում առաջացող հիվանդություն է, որի պատճառով մահացության մակարդակը հասնում է 90 տոկոսի: Էբոլայի վիրուսի կրողը շիմպանզեն, պրիմատներն են, ինչպես նաև` որոշ խոշոր եղջերավորներ: Տենդի ինկուբացիոն շրջանը 2-21 օր է: Հիվանդությունն ընթանում է ուժեղ գլխացավով, ընդհանուր հոգնածությամբ, լուծով, երիկամների ու լյարդի գործառույթների խախտմամբ, մկաններում և որովայնի հատվածում, ինչպես նաև թոքերի ցավերով և ուժեղ հազով: Սովորաբար մահը վրա է հասնում երկրորդ շաբաթում արյունահոսությունից և շոկից:

Էբոլայի վիրուսը փոխանցվում է վարակակիր մարդու արյան, արտաթորանքի, այլ հեղուկների ու օրգանների հետ անմիջական շփման արդյունքում:

Առաջին անգամ հիվանդությունն ախտորոշվել է 1976-ին՝ Աֆրիկայում՝ Սուդանում և Զաիրի (այժմ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն) հարակից շրջաններում: Սուդանում հիվանդացել էր 284 մարդ, որոնցից 151-ըմահացել էին: Զաիրում հիվանդացել էր 318 մարդ, մահացել՝ 280-ը: Վիրուսն ախտորոշվել էր Զաիրի Էբոլա գետի շրջակայքում, որն էլ անուն տվեց վիրուսին: Մի քանի անգամ բռնկումներ եղան Կոնգոյում և Ուգանդայում: Օրինակ, 2012-ի հուլիսին Ուգանդայում 14 մարդ էր մահացել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Աֆրիկայի ամենաաղքատ երկրներից երեքում՝ Գվինեայում, Սիերա Լեոնեում և Լիբերիայում առավել լայն տարածում գտած հեմոռագիկ տենդը, ընդհանուր առմամբ, հասցրել է ավելի քան 600 մարդու կյանք խլել: Եզակի դեպքեր են գրանցվել նաև այլ երկրներում, Արևմտյան Աֆրիկայից ժամանած ուղևորների շրջանում՝ Նիգերիայում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Գերմանիայում, Կանադայում: Օգոստոսի 8-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն Էբոլայի տենդը համաշխարհային մակարդակի սպառնալիք է համարել:

Օգոստոսի 12-ին հիվանդության ու մահվան առաջին դեպքը գրանցվել էր Եվրոպայում՝ մահացել էր 75-ամյա քահանա Միգել Պախարեսը, որն աշխատել էր Լիբերիայում և օգոստոսի 7-ից վարակի ակնհայտ ախտանիշներով հատուկ չվերթով տեղափոխվել Մադրիդ: Նրան բուժում էին ամերիկյան փորձարարական շիճուկով, սակայն հիվանդությունը տեղի չտվեց: Բուժում կամ պատվաստանյութ տենդի դեմ դեռ գոյություն չունի:

Դեղագործական խոշոր ընկերություններից ոչ մեկը միջոցներ չի ներդրել Էբոլայի վիրուսի դեմ պատվաստանյութ գտնելու համար, քանի որ նման պատվաստանյութն իրացման շատ սահմանափակ շուկա ունի և մեծ շահույթ չի խոստանում: Հետազոտությունները հիմնականում ֆինանսավորել է ԱՄՆ ՊՆ-ն ու Առողջապահության ազգային ինստիտուտը, որոնք մտավախություն ունեին, որ վիրուսը կարող է օգտագործվել կենսաբանական զենքի ստեղծման համար: Այդ ֆինանսավորման շնորհիվ մի քանի փոքր ընկերություն մշակել են պատվաստանյութեր, որոնք հաջողությամբ փորձարկվել են կենդանիների վրա: Երկու ընկերություն՝ Sarepta և Tekmira-ն արդեն փորձարկումներ են անցկացրել մարդկանց վրա։

Էբոլայի տենդն ու պատմության մեջ մյուս սարսափելի հիվանդությունները և համաճարակները

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---