Էբոլայի տենդն ու պատմության մեջ մյուս սարսափելի հիվանդությունները և համաճարակները

Էբոլայի տենդն ու պատմության մեջ մյուս սարսափելի հիվանդությունները և համաճարակները

Աշխարհի օդանավակայաններից շատերում հերթապահում են բուժաշխատողները՝ ջանալով հայտնաբերել Էբոլայի տենդով վարակված ուղևորներին: Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում ևս 24-ժամյա հերթապահություն է սահմանվել:

Մարդկությունը պարբերաբար բախվում է տարբեր տեսակի համաճարակների ու պանդեմիաների հետ, որոնք հազարավոր կյանքեր են խլում ու լուրջ սպառնալիք դառնում մարդու գոյությանը: Այս անգամ մարդկությանը սպառնում է Էբոլայի տենդը, որը տարածվելով Արևմտյան Աֆրիկայում, թափանցել է արդեն մյուս մայրցամաքներ, չնայած բոլոր ձեռնարկված կանխարգելիչ միջոցներին:

PanARMENIAN.Net - Էբոլայի հեմորագիկ տենդը համանուն վիրուսով վարակման արդյունքում առաջացող հիվանդություն է, որի պատ-առով մահացության մակարդակը հասնում է 90 տոկոսի: Էբոլայի վիրուսի կրողը շիմպանզեն, պրիմատներն են, ինչպես նաև որոշ խոշոր եղջերավորներ:

Տենդի ինկուբացիոն շրջանը 2-21 օր է: Հիվանդությունն ընթանում է ուժեղ գլխացավով, ընդհանուր հոգնածությամբ, լուծով, երիկամների ու լյարդի գործառույթների խախտմամբ, մկաններում և որովայնի հատվածում, ինչպես նաև թոքերի ցավերով և ուժեղ հազով: Սովորաբար մահը վրա է հասնում երկրորդ շաբաթում արյունահոսությունից և շոկից:

Էբոլայի վիրուսը փոխանցվում է վարակակիր մարդու արյան, արտաթորանքի, այլ հեղուկների ու օրգանների հետ անմիջական շփման արդյունքում:

Առաջին անգամ հիվանդությունն ախտորոշվել է 1976-ին՝ Աֆրիկայում՝ Սուդանում և Զաիրի (այժմ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն) հարակից շրջաններում: Սուդանում հիվանդացել էր 284 մարդ, որոնցից 151-ը մահացել էին: Զաիրում հիվանդացել էր 318 մարդ, մահացել՝ 280-ը: Վիրուսն ախտորոշվել էր Զաիրի Էբոլա գետի շրջակայքում, որն էլ անուն տվեց վիրուսին:

Մի քանի անգամ բռնկումներ եղան Կոնգոյում և Ուգանդայում: Օրինակ, 2012-ի հուլիսին Ուգանդայում 14 մարդ էր մահացել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Աֆրիկայի ամենաաղքատ երկրներից երեքում՝ Գվինեայում, Սիերա Լեոնեում և Լիբերիայում առավել լայն տարածում գտած հեմոռագիկ տենդը, ընդհանուր առմամբ, հասցրել է ավելի քան 600 մարդու կյանք խլել: Եզակի դեպքեր են գրանցվել նաև այլ երկրներում, Արևմտյան Աֆրիկայից ժամանած ուղևորների շրջանում՝ Նիգերիայում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Գերմանիայում, Կանադայում: Օգոստոսի 8-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն Էբոլայի տենդը համաշխարհային մակարդակի սպառնալիք է համարել:

Օգոստոսի 12-ին հիվանդության ու մահվան առաջին դեպքը գրանցվել էր Եվրոպայում՝ մահացել էր 75-ամյա քահանա Միգել Պախարեսը, որն աշխատել էր Լիբերիայում և օգոստոսի 7-ից վարակի ակնհայտ ախտանիշներով հատուկ չվերթով տեղափոխվել Մադրիդ: Նրան բուժում էին ամերիկյան փորձարարական շիճուկով, սակայն հիվանդությունը տեղի չտվեց: Բուժում կամ պատվաստանյութ տենդի դեմ դեռ գոյություն չունի:

Դեղագործական խոշոր ընկերություններից ոչ մեկը միջոցներ չի ներդրել Էբոլայի վիրուսի դեմ պատվաստանյութ գտնելու համար, քանի որ նման պատվաստանյութն իրացման շատ սահմանափակ շուկա ունի և մեծ շահույթ չի խոստանում: Հետազոտությունները հիմնականում ֆինանսավորել է ԱՄՆ ՊՆ-ն ու Առողջապահության ազգային ինստիտուտը, որոնք մտավախություն ունեին, որ վիրուսը կարող է օգտագործվել կենսաբանական զենքի ստեղծման համար: Այդ ֆինանսավորման շնորհիվ մի քանի փոքր ընկերություն մշակել են պատվաստանյութեր, որոնք հաջողությամբ փորձարկվել են կենդանիների վրա: Երկու ընկերություն՝ Sarepta և Tekmira-ն արդեն փորձարկումներ են անցկացրել մարդկանց վրա։

2012-ին Ջին Օլինգերը, ԱՄՆ Բանակի ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտից (USAMRIID), հայտարարել էր, որ ֆինանսավորման այս մակարդակի դեպքում պատվաստանյութը հնարավոր կլինի ստանալ 5-7 տարվա ընթացքում: Սակայն, 2012-ի օգոստոսին ԱՄՆ ՊՆ-ն հայտարարեց, որ «ֆինանսական դժվարությունների» պատճառով կասեցնում է հետագա ֆինանսավորումը:

Պատվաստանյութի վրա աշխատող գիտնականները հայտարարեցին որ նման զարգացման դեպքում պատվաստանյութ կարող է ընդհանրապես չստեղծվել:

2014-ի օգոստոսին ռուս վիրուսաբանները հայտարարեցին, որ սկսում են աշխատել դրա ստեղծման ուղղությամբ: Օգոստոսի 12-ին ԱՀԿ-ն հավանություն տվեց պատվաստանյութի կիրառմանը, որը դեռ լիարժեք կլինիկական փորձարկումներ չի անցել: Օգոստոսի 13-ին Կանադայի իշխանությունները հայտարարեցին, որ պատրաստ են կազմակերպությանը փոխանցել փորձարարական պատվաստանյութը: Ըստ առողջապահության նախարար Ռոնա Ամբրոզի, կանադական կողմը պատրաստ է տրամադրել պատվաստանյութի 800-1000 նմուշ, որը դեռ մարդկանց վրա չի փորձարկվել:

Աշխարհն առաջին անգամը չէ, որ բախվում է համաշխարհային համաճարակի հետ՝ ժանտախտը, սև ծաղիկը, խոլերան, մյուս հիվանդությունները այս կամ այն դարաշրջանում հազարավոր և նույնիսկ միլիոնավոր կյանքեր են խլել՝ սպառնալով անգամ մարդկության գոյությանը:

Սև մահը

Ժանտախտը համարվում է մարդու ամենահին հիվանդություններից մեկը։ Առաջին տեղեկություններն այս հիվանդության մասին պատկանում են Դուֆա Եփեսացուն, որի վկայությամբ մ.թ.ա. III դարում ներկայիս Լիբիայի, Սիրիայի և Եգիպտոսի տարածքներում բռնկված համաճարակից միլիոնավոր մարդիկ են մահացել։ ժանտախտի առաջին պանդեմիան, որը հայտնի է «Հուստինյանոսի ժանտախտ» անունով, արձանագրվել է մ.թ. VI դարում, սկսվել է Եգիպտոսից, ապա ընդգրկել ամբողջ Բյուզանդական կայսրությունը՝ տալով մոտ 100 մլն զոհ։

XIV դարում արձանագրվել է ժանտախտի երկրորդ պանդեմիան «Սև մահ» անունով, սկսվելով ասիական մայրցամաքից՝ այն անցել է ամբողջ Եվրոպան, խլելով մոտ 50 մլն. կյանք։ Այս պանդեմիայի ժամանակ առաջին անգամ Վենետիկում կատարվել է կարանտինային ծառայություն։ Երրորդ պանդեմիան 1894-ին արձանագրվել է Հոնկոնգում, որտեղից խլելով միլիոնավոր կյանքեր հիվանդությունը տարածվել է Չինաստան, Հնդկաստան, ճապոնիա, հետո՝ Եվրոպա, Հարավային և Հյուսիսային Ամերիկա:

Այսօր ևս այդ հիվանդությունը պատահում է ամենաաղքատ շրջաններում, որտեղ առնետները շատ են: Ժամանակակից բժշկությունը կարողանում է հեշտությամբ բուժել հիվանդությունը սկզբնական փուլում, ուստի այն այլևս մահացու վտանգավոր չէ:

Սև ծաղիկ

Բնական կամ Սև ծաղիկ կոչվող հիվանդության տեսակը հարյուրամյակներ շարունակ սպանում էր մեծահասակների 60, երեխաների՝ 80 տոկոսին` փրկվածների մարմնի վրա թողնելով սպիներ և կուրացնելով նրանց: Հիվանդությունը բնորոշվում է բարձր վարակելիությամբ, յուրահատուկ հանգուցա-բշտիկային ցանով (որը լավանալուց հետո սպի է թողնում) և կլինիկական ծանր ընթացքով։

Բնական ծաղիկը մարդկությանը հայտնի է շատ վաղուց։ XV-XVIII դարերում ծաղկի համաճարակը Եվրոպայում խլել է հարյուր հազարավոր մարդկանց կյանք և այլանդակել փրկվածների դեմքերը։ Ծաղկի դեմ մղվող պայքարում շրջադարձային եղավ անգլիացի բժիշկ Էդվարդ Ջենների հայտնաբերած (1796) ծաղկապատվաստման մեթոդը։ Վարակով վերջին հիվանդացածը բանգլադեշցի 2 տարեկան փոքրիկ աղջիկ էր: 1975-ի հոկտեմբերին, երբ նա հիվանդացավ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից պատվաստանյութ ստացավև նա բուժվեց: Այժմ հիվանդությունը համարվում է հաղթահարված և գոյություն ունի միայն լաբորատորիաներում:

Խոլերա

Խոլերան սուր աղիքային ինֆեկցիոն հիվանդություն է, որի հայրենիքը համարվում է Հնդկաստանում Գանգես և Բրահմապուտրա գետերի ստորին մասը։ Հարուցիչն ասիական խոլերայի կամ Էլ-Տորի վիբրիոնն է։

XIX դարում Չիանաստանում, Ճապոնիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում խոլերայի համաճարակ է բռնկվել: Գրանցվել է խոլերայի պանդեմիայի վեց բռնկում, որոնց զոհ են դարձել միլիոնավոր մարդիկ: Տասնամայկաներ շարունակ թվում էր, որ խոլերան արդեն հաղթահարված է, սակայն 1961-ին Ինդոնեզիայում հայտնաբերվել է խոլերայի նոր շտամ: 1991-ին մոտ 3 մլն մարդ է հիվանդացել, 4000-ը՝ մահացել:

Իսպանական գրիպ

1918-ին, երբ ավարտին էր մոտենում Առաջին համաշխարհային պատերազմը, մարդկությունը մի նոր արհավիրքի առջև է կանգնել, որը հայտնի է որպես իսպանական գրիպի համաճարակ կամ Մեծ Գրիպ: Հիվանդությունը մի քանի ամսում մոտ 20 մլն կյանք է խլել: Ընդհանուր առմամբ, տարբեր գնահատականներով զոհերի թիվը հասել է 50-100 մլն-ի: Համաճարակը մոլեգնում էր մոտ մեկ տարի: Մարդկանց մեծ մասն այսօր այդ հարուցիչի դեմ որոշակի իմունիտետ է ձեռք բերել:

Մալարիա

Մալարիան վարակիչ հիվանդություն է, որը տարածված է առավելապես ճահճային գոտիներում: Տարածվում է Anopheles ցեղի մոծակների միջոցով։ Հիվանդությունն արտահայտվում է տենդով, դողով, սպլենոմեգալիայով (մեծանում է փայծաղի չափերը), հեպատոմեգալիայով և անեմիայով (սակավարյունություն)։ Բուժվում է քինին ալկալոիդով, որը ստանում են քինա ծառի կեղևից։

Ենթադրվում է, որ մալարիայով մարդիկ սկսել են հիվանդանալ արդեն մոտ 50․000 տարի առաջ։ Մեկ այլ կարծիքի համաձայն, հիվանդության հարուցիչի հայրենիք կարելի է համար Աֆրիկա մայրցամաքի արևմտյան և հարավային մասը։ Հայտնաբերված հնագույն քարացած մոծակների մնացորդների մեջ հայտնաբերվել են մալարիայի մակաբույծի հետքեր, որոնց տարիքը հասնում է մոտավորապես 30․000․000 տարվա։ Մարդու առաջացման հետ սկսել են զարգանալ այս հիվանդության մակաբույծները, որոնք ընդունակ են եղել մոծակից փոխանցվելու մարդուն։

Առաջին ձեռագիրները, որտեղ բնութագրված էր մալարիան, հայտնաբերվել են Չինաստանում, որոնք թվագրվում են մ. թ. ա. 2700-ական թթ․։

Մալարիայով ամեն տարի վարակվում է 350-500 միլիոն մարդ և այդ թիվը տարեկան ավելանում է16%-ով։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ հաջորդ 20 տարվա ընթացքում մահացության դեպքերը կարող են 2 անգամ շատանալ։

Թոքախտ

Տուբերկուլոզը կամ թոքախտը սպեցիֆիկ վարակիչ հիվանդություն է։ Հարուցիչը տուբերկուլոզի միկրոբակտերիան է։ Առավել հաճախ ախտահարվում են շնչառական օրգանները, սակայն ախտաբանական պրոցեսի մեջ ընդգրկվում են նաև այլ օրգան համակարգեր։

Տուբերկուլոզն աշխարհումհնագույն և տարածված հիվանդություններից մեկն է։ Հայտնաբերվել են տուբերկուլոզանման ախտաբանական երևույթներ դեռևս քարե դարի մարդկանց և Եգիպտոսի մումիաների ոսկրային մնացորդներում։ Հին դարերի բժիշկներն առանձնացնում էին տուբերկուլոզին բնորոշ սիմպտոմների կոմպլեքս. ուժեղ հազ՝ խորխարտադրությամբ, հաճախակի արյունախխումներով և տենդով, որը բերում էր հիվանդի արագ հյուծման:

Տուբերկուլոզը տարածված է ամենուրեք։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների(1990թ.) աշխարհում ամեն տարի հիվանդանում են մոտ 8 մլն. մարդ, որից 3-4 մլն-ը մահանում են այդ հիվանդությունից։ Տուբերկուլոզով հիվանդների ամենամեծ քանակությունը գրանցվել է Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի քիչ զարգացած երկրներում:

Հայաստանում տուբերկուլոզը հիմնական առողջական խնդիր է։ 2005-ին մեր երկրում տուբերկուլոզի 2000 նոր վարակ է եղել։ 2006-ին այդ թիվը նվազել է 1500 նոր վարակի:

ՁԻԱՀ

Մարդու իմունային անբավարարության վիրուս / ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը (ՄԻԱՎ/ՁԻԱՀ) մարդու իմունային համակարգի հիվանդություն է, որը հարուցվում է մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ)։ Վարակի սկզբնական շրջանում անձը կարող է ունենալ կարճ տևողությամբ գրիպանման ախտանիշեր։ Սովորաբար սրան հաջորդում է ավելի երկարատև առանց ախտանիշների շրջանը։ Աստիճանաբար հարաճելով՝ հիվանդությունն ավելի ու ավելի է ախտահարում իմունային համակարգը, օրգանիզմը դարձնում ավելի անպաշտպան վարակների (ներառյալ պայմանական ախտածին մանրեներով հարուցվող վարակները, անգլ.՝ opportunistic infections) և ուռուցքների նկատմամբ:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ լիարժեք բուժում կամ պատվաստումներ չկան, սակայն հակառետրովիրուսային բուժումը դանդաղեցնում է հիվանդության ընթացքը և թույլ տալիս բնականոնին մոտ կյանքով ապրել։

Պոլիոմելիտ

Պոլիոմելիտն ինֆեկցիոն հիվանդություն է, որով հիվանդանում են ցանկացած տարիքում, սակայն ավելի հաճախ ախտահարվում են մինչև 3 տարեկան երեխաները: Սովորաբար վիրուսն օրգանիզմ է թափանցում բերանի միջոցով, արագ բազմանում օրգանիզմում և ախտահարում նյարդային համակարգը` առաջացնելով մկանների կաթված` մկանային թուլություն: Այդ նյարդային բջիջներն այլևս չեն վերականգնվում, ուստի չի վերականգնվում նաև վնասված մկանների ֆունկցիան:.

Թեև այս հիվանդության դեմ ստեղծված պատվաստանյութը 99% -ով կանխում է դրա առաջացումը, այնուամենայնիվ 2011-ին ամբողջ աշխարհում պոլիոմելիտով հիվանդացության 650 դեպք է գրանցվել: Այն դեռևս լուրջ սպառնալիք է Պակիստանում, Աֆղանստանում և Նիգերիայում:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---