Նախարար. Մեր զինվորների պատրաստությունը շատ բարձր մակարդակի վրա է

Նախարար. Մեր զինվորների պատրաստությունը շատ բարձր մակարդակի վրա է

PanARMENIAN.Net - Օգոստոսի 17-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում «Տանկային բիաթլոն-2014»-ում 2-րդ տեղը գրաված հայ տանկիստների դիմավորման հանդիսավոր արարողությանը լրագրողների հետ ճեպազրույցում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ կարող ենք միայն ու միայն հպարտանալ մեր զինվորներով, հրամանատարներով:

«Մենք սպասում էինք այս արդյունքին, որովհետև մեր զինվորների պատրաստությունը շատ բարձր մակարդակի վրա է»,- ասել է նախարարը:

Օգոստոսի 4-ից 16-ը Մերձմոսկովյան Ալաբինոյում անցկացվեցին տանկ վարելու վարպետության ու թիրախին գնդացիրից ու թնդանոթից կրակելու դիպուկության մրցումներ: Մասնակցել է 12 երկրի հավաքական՝ Անգոլա, Հայաստան, Բելառուս, Վենեսուելա, Հնդկաստան, Ղազախստան, Ղրղզստան, Չինաստան, Քուվեյթ, Մոնղոլիա, Ռուսաստան, Սերբիա, ավելի քան 20 երկիր մասնակցել է դիտորդի կարգավիճակով: Թիմային մրցման արդյունքում առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանի հավաքականը` մրցուղին անցնելով 1 ժամ 15 րոպե 13 վայրկյանում: Երկրորդ տեղը գրաված Հայաստանի հավաքականը բոլոր փուլերն անցել էր 1 ժամ 20 րոպե 03 վայրկյանում: Բրոնզե մեդալակիրները Չինաստանի տանկիստներն են` 1 ժամ 30 րոպե 56 վայրկյան արդյունքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա հավելել է, որ մշտապես ասել է ու կրկնում է` քանակությունը կապ չունի պատրաստության հետ. «Կարելի է շատ մեծ քանակությամբ զրահատեխնիկա ունենալ, բայց պատրաստ չլինեl մարտական գործողությունների: Կարելի է քիչ ունենալ, բայց հմուտ, հոգատար ձեռքերում դրանք պատրաստել երկրի պաշտպանությանը»:

Սեյրան Օհանյանն անդրադարձել է նաև սահմաններում իրավիճակին` այն բնութագրելով հանգիստ, գրում է Panorama.am-ը:

«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի սահմաններում հանգիստ լինի, զսպենք հակառակորդի ոտնձգությունները»,- նշել է նախարարը:

Հուլիսի վերջից օգոստոսի 10-ը հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ էին 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով` նպատակն էր ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև` ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18 000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13 000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսի 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների էր դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

Օգոստոսի 16-ին հայ տանկիստներին շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանը:

«Տանկային բիաթլոնի առաջնության հայկական անձնակազմի սիրելի տղաներ, Շնորհավորում եմ ձեզ տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությունում հաջող մրցելույթների և փոխչեմպիոն դառնալու առթիվ: Մենք բոլորս հպարտանում ենք միջազգային ստուգատեսում ձեր գրանցած բարձր արդյունքներով, ինչը հայկական Զինված ուժերի մարտիկների կողմից զինտեխնիկայի տիրապետման և առաջադրանքները փայլուն կատարելու վկայությունն է: Ձեր ձեռքբերումը մեր բանակի բոլոր օղակներում մասնագիտական կատարելագործումն էլ ավելի խթանելու հիանալի օրինակ է: Ապրեք տղաներ»,- նշված է ուղերձում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---