Կարեն Պետրոսյանին հայկական տարածքից առևանգե՞լ են. ՀՀ քննչական կոմիտեի աշխատանքային վարկածը

Կարեն Պետրոսյանին հայկական տարածքից առևանգե՞լ են. ՀՀ քննչական կոմիտեի աշխատանքային վարկածը

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրգործի շրջանակներում ձեռք բերված տվյալները հիմք են տալիս առաջ քաշել Ադրբեջանում գերության մեջ մահացած Չինարի գյուղի բնակիչԿարեն Պետրոսյանին հայկական տարածքից առևանգելու վարկածը:

Օգոստոսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել` նշելով, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ: Քննություն է կատարվում՝ պարզելու ՀՀ խաղաղ բնակչի գերեվարվելու հանգամանքները, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում՝ նրա՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումների չենթարկվելու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստերը։ Միջոցներ են ձեռնարկվում բռնարարքի հեղինակների ինքնությունը պարզելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։ Քրեական գործով նախաքննությունն իրականացնում է հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը:

«Կարենն այդ օրն ավանակով գնացել էր հանդամաս` վառելափայտի: Հանդամասը սահմանակից է Ադրբեջանին: Չինարիից դեպի ադրբեջանական գյուղ տանող ճանապարհն ականապատված է, և այն անվտանգ շրջանցելու ուղղին հայտնի է միայն ադրբեջանցի դիվերսանտներին: Ավանակը հայտնաբերվել է հայկական կողմում: Դրանից հետո Կարեն Պետրոսյանի հետքերը կորել են: Աշխատանքային վարկածի համաձայն, երիտասարդին նկատել են միայնակ, առևանգել ու տարել են ադրբեջանական տարածք: Քննության ընթացքում ձեռք բերած տվյալները խոսում են հենց այս վարկածի օգտին»,- ասել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Պետրոսյանը, ով Թովուզի շրջանում ձերբակալվել էր, օգոստոսի 8-ի առավոտյան, «հանկարծամահ է եղել»։ Որպես մահվան պատճառ նշվում է «սիրտ-անոթային անբավարարությունը»։ Պետրոսյանի դին բժշկական փորձաքննություն է անցնում Գանձակի դատաբժշկական կենտրոնում։ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն արդեն տեղեկացված է դեպքի վերաբերյալ։

Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը լուսանկարներ ու տեսագրություն էր տարածել, որտեղ Կարեն Պետրոսյանին, ռազմական համազգեստ հագցրած, բռնի ուժով բերում էին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի մոտ՝ փորձելով Չինարիի բնակչին որպես «դիվերսանտ» ներկայացնել։ Մինչդեռ Չինարիի գյուղապետը հայկական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր, որ գերին իրենց համագյուղացին է, քաղաքացիական անձ է։Ադրբեջանական կողմը, չբավարարվելով գերեվարված ՀՀ քաղաքացու նկատմամբ կիրառված ակնհայտ անմարդկային վերաբերմունքով, Կարեն Պետրոսյանին նվաստացրել է, տանջանքների և կտտանքների ենթարկել` հասցնելով նրան մահվան. այս ամենի ապացույցն ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող տեսանյութերն ու լուսանկարներն են:

Սոնա Տռուզյանը հավելել է, որ գյուղացիների հարցաքննությունները փաստում են` հայկական և ադրբեջանական հարևան այդ գյուղերի բնակիչների միջև վերջին տարիներին միմյանց այցելելու, թեյելու նախադեպեր չեն գրանցվել:

Ադրբեջանական կողմը ներկայացնում է, թե իբր Կարենը նույնիսկ թեյ է խնդրել ադրբեջանական գյուղի բնակչից, որտեղ հայտնվել է մոլորվելուց հետո: Ադրբեջանցիները փորձում են ներկայացնել, որ երկու գյուղերն իրար հետ բարեկամական հարաբերությունների մեջ են:

Քրգործի շրջանակներում քննության առարկա են դարձել Կարեն Պետրոսյանի գերության մասին պատմող տեսագրությունները, որոնք նկարահանել է ադրբեջանական կողմը ու տեղադրել համացանցում, գրում է Panorama.am-ը: Նշանակվել են փորձաքննություններ: Ինչ վերաբերում է մահվան հանգամանքներին, Տռուզյանն ասել է, որ կպարզվի միայն դիակը ստանալուց և փորձաքննություն կատարելուց հետո: Սակայն, ըստ տեսագրություն, երևում է, որ նրա նկատմամբ որոշակի բռնություններ են գործադրվել:

Օգոստոսի 14-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ Զարինե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Կարեն Պետրոսյանի մահվան հարցով դիմում է պատրաստել՝ ներկայացնելու միջազգային համապատասխան մարմիններին, կդիմեն նաև Եվրադատարան:

Բանակցություններ են ընթանում Կարեն Պետրոսյանի դին հայկական կողմին հանձնելու ուղղությամբ, սակայն ադրբեջանական կողմը ձգձգում է, որպեսզի հնարավոր չլինի պարզել, թե ինչի հետևանքով է մահացել Կարենը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---