Հայաստանի և Վրաստանի միջև 6 ամսում առևտրաշրջանառություն աճել է 42%-ով. Ղարիբաշվիլին Երևանում է (թարմացված)

Հայաստանի և Վրաստանի միջև 6 ամսում առևտրաշրջանառություն աճել է 42%-ով. Ղարիբաշվիլին Երևանում է (թարմացված)

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով օգոստոսի 21-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը:

«Զվարթնոց» օդանավակայանում Վրաստանի իր գործընկերոջը դիմավորել է Հովիկ Աբրահամյանը: Հայաստանի և Վրաստանի վարչապետները ողջունել են երկու երկրների կառավարությունների անդամներին և ուղևորվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և ծաղիկներ՝ անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:Այնուհետև Իրակլի Ղարիբաշվիլին եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողության պուրակում:

Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից հետո կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Այնուհետև վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:

«Վերահաստատելով երկու երկրների միջև առկա ամուր բարեկամական կապերը և առկա հարաբերություններն էլ ավելի զարգացնելու պատրաստակամությունը՝ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որը ներառում է առևտրատնտեսական հարաբերություններին, ենթակառուցվածքների զարգացմանը, կրթական, հումանիտար և մշակութային կապերի խորացմանն առնչվող խնդիրներ»,- իր ելույթում նշել է Հովիկ Աբրահամյանը:

Նա նշել է, որ ընդգծվել է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը և կանոնավոր հանդիպումների անհրաժեշտությունը, որը երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացման լավագույն միջոցն է:

«Շահագրգիռ քննարկումներ կայացան ենթակառուցվածքների զարգացման և տրանսպորտային կապի բարելավման հետ կապված հարցերի շուրջ: Մանրամասն քննարկվեց սահմանային անցակետերի արդիականացման խնդիրը, մասնավորապես, Բագրատաշեն-Սադախլո անցակետում նոր կամրջի շինարարության հարցը: Քննարկեցինք անցած գիշեր Վերին Լարս անցակետում տեղի ունեցած սողանքի ու դրա հետևանքները վերացնելու խնդիրը, իմ գործընկերոջն առաջարկեցի Հայաստանի համապատասխան ծառայությունների աջակցությունը: Երկուստեք կարևորվեց նաև պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման և վերականգնման խնդիրը»,- ասել է նա` հավելելով, որ բանակցություններն ընթացել են բարեկամ երկրներին բնորոշ ջերմ և կառուցողական մթնոլորտում:

Վրաստանի վարչապետն իր հերթին նշել է, որ համաձայնության են եկել` էլ ավելի պետք է խորացնենլ Վրաստանի և Հայաստանի միջև գոյություն ունեցած սերտ համագործակցությունը, և տվյալ այցը հենց այս նպատակին է ծառայում:

«Մենք ընթացիկ տարվա 6 ամսվա կտրվածքով 42 տոկոսով ավելացրել ենք առևտրաշրջանառությունը: Այս ամենը խոսում է այն մասին, որ մեր երկու երկրների միջև գոյություն ունեցած տնտեսական հարաբերությունները զարգանում են, և մենք, իհարկե, դա կշարունակենք: Շատ կարևոր է, որ մեր երկրների միջև հանդիպումներն ընթանան ու զարգանան ոչ միայն բարձր մակարդակով, այլև գերատեսչությունների մակարդակով:

Մենք խոսեցինք տարածաշրջանում կայունության ամրապնդման հարցերի շուրջ: Հավելեմ, որ ունենք զբոսաշրջության աճ, դրական միտում կա այդ բնագավառում և համաձայնության ենք եկել, որ ամեն ինչ կանենք էլ ավելի խորացնելու այս հարաբերությունները: Ցանկանում եմ նաև նշել, որ մենք համաձայնության ենք եկել, որ Հայաստանը և Վրաստանը համատեղ կկառուցեն կամուրջ: Այսօր իմացանք, որ կա հետաքրքիր նախաձեռնություն կամուրջը կոչել Բարեկամության կամուրջ, և մենք հաճույքով համաձայնեցինք այդ առաջարկին: Մենք խոսել ենք նաև մշակութային և մարդասիրական բնագավառների հարցերի շուրջ»,- ասել է Ղարիբաշվիլին` հավելելով, որ երկու-երեք օրում կվերականգնեն գազի մատակարարումը, և գազատարը կվերականգնվի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի վարչապետ Իրակլի ՂարիբաշվիլինԵրևանում կքննարկի երկկողմ հարաբերությունների ակտուալ հարցերը:

Հատուկ ուշադրություն կդարձվի իրավիճակին, որը ստեղծվել է` կապված Վրաստանի ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման ու Հայաստանի` Մաքսային միության անդամ դառնալու հետ: Կողմերը պատրաստվում են քննարկել ծագող հակասություններն ու գտնել գործակցության ընդունելի ձևաչափ, ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Հայաստանը պատրաստվում է բարձրացնել Վրաստանի կողմից սեպտեմբերի 1-ից Հայաստանի հետ վիզային ռեժիմ մտցնելու հարցը: Այս մասին ավել վաղ հայտարարել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը, գրում է Նովոստի Արմենիյան:

Վիզային ռեժիմի փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2014 թվականի սեպտեմբերի 1-ից, սակայն, դրանք չենք անդրադառնա Հայաստանի քաղաքացիների վրա, որի հետ մուտքի արտոնագրային ռեժիմ չի գործում: Ինչպես պարզաբանել են նախարարությունում, որոշումը կայացվել է միգրացիոն հոսքերի կառավարման բարելավման նպատակով: Նշվում է նաև նման նորամուծության հատուկ նշանակությունը Եվրամիության հետ գործակցության կապակցությամբ:

Դիվանագիտական ներկայացուցչություններում վիզա ստանալ հնարավոր կլինի որոշ գումարի դիմաց։ Կնիքի դիզայնն առայժմ քննարկվում է, բայց արդեն հայտնի է, որ այն շենգենի արտոնագրի ձևի է լինելու։ Վիզային ռեժիմի ընդունումից հետո զբոսաշրջիկների՝ երկրում գտնվելու ժամկետները խիստ կհստակեցվեն։ Ընթացքին ամբողջովին հետևելու է միգրացիոն ծառայությունը, որը շուտով կսկսի իր աշխատանքը։ Օտարերկրացիների ժամանակավոր տեղավորման կենտրոնի շինաշխատանքները շուտով կավարտվեն՝ այդտեղ կտեղափոխվեն անձինք, ովքեր կխախտեն արտոնագրային ռեժիմն ու ստիպված կլինեն լքել երկիրը։ Դրա համար պատասխանատու է լինելու ՆԳՆ-ն։ Ավելի ուշ Թբիլիսիում Հայաստանի դեսպանատան հարցմանն ի պատասխան Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի հետ մուտքի արտոնագրեր չեն սահմանվի:

Ինչպես հայտնել են ՀՀ Կառավարությունից, այցի շրջանակում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։

Ղարիբաշվիլիի նախատեսվող այցի մասին օգոստոսի 18-ին Ծաղկաձորում «Բազի-2014» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիմանն ասել էր նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նաև նշել էր, որ նախնական պայմանավորվածության համաձայն սեպտեմբերի 8-ից 9-ը Հայաստան կժամանի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, իսկ ինքն Աբրահամյանը սեպտեմբերի 15-ին կմեկնի Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի իր գործընկերոջ հետ:

«Տնտեսական առումով սրանք մեզ համար շատ կարևոր երկրներ են: Ռուսաստանի, Վրաստանի ու Իրանի հետ կապված բազմաթիվ ծրագրեր կան»,- ասել է Աբրահամյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---