Վենետիկի կինոփառատոնում ցուցադրել են Ցեղասպանության մասին թուրք ռեժիսորի «Սպի»-ն

Վենետիկի կինոփառատոնում ցուցադրել են Ցեղասպանության մասին թուրք ռեժիսորի «Սպի»-ն

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի նոր ֆիլմը՝ «Սպի»-ն (The Cut), օգոստոսի 31-ին ցուցադրվել է Վենետիկի 71-րդ կինոփառատոնի հիմնական մրցույթի շրջանակում, գրում է Interfax-ը:

Ֆիլմերի հնագույն Վենետիկի միջազգային կինոփառատոնը 1935-ից ամենամյա է, հիմնադիրը La Biennale di Venezia (Վենետիկի երկամյա) կազմակերպությունն է: Առաջին անգամ այն անցկացվել է 1932-ի օգոստոսի 6-21-ը որպես Կինեմատոգրաֆիական արվեստի միջազգային ցուցահանդես: Գլխավոր մրցանակը Ոսկե առյուծն է, բայց բացի դրանից նաև շնորհվում են Արծաթե առյուծ, Վոլպի գավաթ (թարգմանվում է «Աղվեսի գավաթ») և ժյուրիի այլ մրցանակներ։

Ավելի վաղ թուրք ազգայնականները ֆիլմի համար սպառնացել էին Աքինին՝ նշելով, որ թույլ չեն տա ֆիլմը ցուցադրել Թուրքիայում այն բանից հետո, երբ ռեժիսորը հարցազրույց է տվել հայկական «Ակօս»-ին։

«Մենք բացեիբաց սպառնում ենք «Ակօս»-ին, հայ ֆաշիստներին ու այսպես կոչված մտավորականներին։ Թուրք-թուրանական ասոցիացիայի աջակցությամբ հրատարակվող Ötüken անվամբ ամսագրի տարածած հայտարարությունում ասվում էր, որ այդ ֆիլմը Թուրքիայի ոչ մի կինոթատրոնում չի ցուցադրվի։

Աքինի նոր ֆիլմում ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը մարմնավորում է թուրքական Մարդինում ապրող հայ տղամարդու, ով մազապուրծ լինելով 1915-ի Հայոց ցեղասպանությունից, իր երկու դստրերին փնտրելու համար ուղևորվում է ԱՄՆ։

Թուրք ազգայնականները կարծում են, որ այս ֆիլմն առաջին քայլն է «Թուրքիային ստիպելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:

Անգլալեզու ֆիլմի տևողությունը 138 րոպե է, համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2014-ի հոկտեմբերի 16-ին։ Սցենարի հեղինակներն են Աքինն ու Մարդիկ Մարտինը, պրոդյուսերներից են նաև Ռուբեն Դիշդիշյանն ու Արամ Մովսեսյանը: Դերերում են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Գազին և այլոք:

Ավելի վաղ «Ակօս»-ին տված հարցազրույցում 40-ամյա ռեժիսորը նշել էր, որ պատրաստվում էր Դինքի կյանքի մասին ֆիլմ նկարահանել, բայց չկարողացավ թուրք դերասան գտնել, որը կցանկանար մարմնավորել լրագրողին:

«Պլանավորում էի Հրանտ Դինքի մասին ֆիլմ նկարահանել «Հոգեբանական խոհանոցից» (Soul Kitchen, 2009) հետո։ «Ակոսում» հրապարակված Դինքի 12 հոդվածի հիման վրա սցենար էի գրել։ Չգիտեմ՝ արդյոք լավ ֆիլմ կստացվեր, թե՝ ոչ, բայց չկարողացա Դինքի թուրք դերակատար գտնել։ Նրանք բոլորն իրադրությունը ներկայացնելու համար այն չափազանց ծանր էին գնահատում»,- ասել էր նա։

Ֆաթիհ Աքինը ծագումով թուրք գերմանացի ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր և սցենարիստ է: Որպես ռեժիսոր առաջին անգամ ներկայացել է 1998-ին «Արագ և առանց ցավի» ֆիլմով, որի համար ստացել է Լոկարնոյի կինոփառատոնի «Բրոնզե ընձառյուծ»-ը և որպես լավագույն երիտասարդ ռեժիսոր Մյունխենի Pierrot փառատոնում: Հետո հաջորդել են «Հուլիսին» ֆիլմը և «Սոլինոն» Մորից Բլայբթրոյի դերակատարությամբ: Աքինի չորրոդ՝ «Գլխով պատին» ֆիլմը մի քանի պարգև է ստացել, այդ թվում՝ Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ»-ը: 2005-ին եղել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմում, 2007-ին մասնակցել փառատոնին «Դրախտի ծայրին» ֆիլմով (Auf der anderen Seite): 2009-ին ներկայացրել է իր նոր կինոկատակերգությունը՝ «Հոգեբանական խոհանոց» ֆիլմը:

Եղեռնի մասին առաջին ֆիլմը` «Հոգիների աճուրդը», նկարահանվել է 1919-ին Հոլիվուդում: Թեմային է անդրադարձել նաև կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը՝ 2002-ին նկարահանելով իր «Արարատը»: Թեմային անդրադարձ կան նաև Էլիա Քազանի «Ամերիկա, Ամերիկա» ու Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմերում: 2007-ին Բեռլինի կինոփառատոնում Տավիանի եղբայրները ներկայացրեցին թեմային անդրադարձող ևս մեկ ֆիլմ` «Արտույտների ագարակը»:

Photo: Reuters
Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմերը

1915՝ «Արյունոտ Արևելք», ռեժ.` Ա. Արկատով,
1915՝ «Քրդերի իշխանության տակ» (Թուրքական Հայաստանի ողբերգությունը). ռեժ.` Ա. Միներվին,
1919՝ «Հոգիների աճուրդը» (Ravished Armenia), ռեժ.` Օ. Ափվելը ,
1928՝ «Անդրանիկ», ռեժ.` Ա. Շահխաթունի,
1960՝ «Հյուսիսային ծիածան», ռեժ.` Ա. Հայ-Արտյան
1963՝ «Ամերիկա, Ամերիկա» (America America) ռեժ.` Է. Քազան
1969՝ «Սարոյան եղբայրներ», ռեժ.` Խ. Աբրահամյան, Ա. Հայրապետյան
1970՝ «Գարուն ա, Ձյուն ա արել», ռեժ.` Գ. Մելիք-Ավագյան
1970՝ «Կոմիտաս Վարդապետի կյանքն ու երգերը», ռեժ.` Զ. Էլմասյան
1972՝ «Կրակեցեք դաշնակահարի վրա», ռեժ.` Ֆ. Տրյուֆո
1974՝ «Պատը», ռեժ.` Յ. Գյունեյ
1975՝ «Կեսգիշերային ճեպընթաց», ռեժ.` Ա. Փարկեր
1977՝ «Նահապետ», ռեժ.` Հ. Մալյան
1977՝ «Երկունք», ռեժ.` Ֆ․ Դովլաթյան
1977՝ «Քարե հովիտ», ռեժ.` Ա. Մկրտչյան
1979՝ «Ձորի Միրո», ռեժ.` Ժ. Ավետիսյան
1981՝ «Գործուղում առողջարան». ռեժ.` Ա. Հայրապետյան
1981՝ «Մուսա լեռան 40 օրը», ռեժ.` Ջ. Քյուրքչյան,
1982՝ «Մուսա լեռան 40 օրը», ռեժ.` Ս. Մուրադյան,
1982՝ «Առաքելություն ի Բեռլին», ռեժ.` Հ. Թուխանյան,
1983՝ «Գիշերում առկայծող կրակ», ռեժ.` Ռ. Գևորգյանց, Գ. Կևորկով,
1985՝ «Ապրիլ», ռեժ.` Վ. Չալդրանյան,
1985՝ «Մի հայի օրագիր», ռեժիսորների խումբ
1986՝ «Զոհը», ռեժ.` Հ. Լինդեր
1988՝ «Հրաժեշտի հինգ նամակ», ռեժ.` Յու. Երզնկյան
1988՝ «Մուսա լեռ-88. Վիշապի տարի», ռեժ.` Ա. Վահունի
1988՝ «Երթ», ռեժ.` Է. Իսահակյան
1988՝ «Կոմիտաս», ռեժ.` Դ. Ասկարյան
1990՝ «Կարոտ», ռեժ.` Ֆ. Դովլաթյան
1991՝ «Մայրիկ», ռեժ.` Ա․ Վերնոյ,
2002՝ «Արարատ», ռեժ.` Ա. Էգոյան,
2007՝ «Արտույտների ագարակը» (La Masseria Delle Allodole), ռեժ.` Վիտտորիո և Պաոլո Տավիանի եղբայրներ,
2009՝ «Հոգիների աճուրդը» (Ravished Armenia) (1919-ին նկարահանված ֆիլմի վերականգնված ու վերամոնտաժված տարբերակը),
2010՝ «Շների կղզին», ռեժ.` Ս․ Ավեդիքյան,
2011՝ «Վանա ծովուն արշալույսը», ռեժ.` Ա․ Իգիթյան, Վ․ Ստեփանյան,
2014՝ «Սպին» (The Cut, ռեժ․՝ Ֆ․ Ակին։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---