2014-ին արդեն 30 լրագրող է զոհվել. Անդրեյ Ստենինն Ուկրաինայում զոհված 5-րդ լրագրողն է

2014-ին արդեն 30 լրագրող է զոհվել. Անդրեյ Ստենինն Ուկրաինայում զոհված 5-րդ լրագրողն է

PanARMENIAN.Net - Օգոստոսի սկզբին Ուկրաինայում անհետացած «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալության ֆոտոթղթակից Անդրեյ Ստենինը զոհվել է Դոնեցկի շրջանում մեկ ամիս առաջ՝ ավտոմեքենան, որով թղթակիցը մեկնում էր խմբագրական առաջադրանքի, գնդակոծվել և հրկիզվել է ավտոմայրուղում, սեպտեմբերի 3-ին հայտնել է գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը Քննչական կոմիտեի փորձաքննության վրա հղումով:

«Մեր գործընկեր ֆոտոթղթակից Անդրեյ Ստենինը զոհվել է: Պարզվում է, նա չի եղել գերության մեջ: Նրան չէին պատրաստվում փոխանակել ուկրաինացի գերիներից մեկի հետ, ոչ էլ մեղադրել ահաբեկչական գործողության համար: Բոլոր հայտարարությունները Ստենինի ճակատագրի մասին, որոնք մենք լսել ենք ուկրաինական կողմից, սուտ էին: Նա զոհվել է դեռ մեկ ամիս առաջ մեքենայում, որով մեկնում էր առաջադրանքի: Ավտոմեքենան գնդակոծվել և հրկիզվել է Դոնեցկի մոտ, ավտոմայրուղու վրա»,-ասել է Կիսելյովը:

Նա նաև հայտնել է, որ «հայտնի են դարձել փորձաքննության արդյունքները. մեքենայում իրոք նա է եղել՝ 33-ամյա կենսուրախ երիտասարդ, փայլուն պրոֆեսիոնալ, կարեկից մարդ Անդրեյ Ստենինը»:

«Ուկրաինան հաշված ամիսների ընթացքում դարձավ լրագրողների համար ամենավտանգավոր վայրը աշխարհում: Այս պատերազմում արդեն չորրորդ ռուս լրագրողն է զոհվում՝ թղթակից Իգոր Կոռնելյուկը, տեսաինժեներ Անտոն Վոլոշինը, օպերատոր Անատոլի Կլյանը, լուսանկարիչ Անդրեյ Ստենինը: Ստենինի լուսանկարչական աշխատանքները ցուցադրված են մեր գործակալության շենքում՝ դրանով մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում Անդրեյին: Նա իր կյանքը զոհեց հանուն այդ լուսանկարների, հանուն նրա, որ աշխարհը տեսնի ճշմարտությունը: Անդրեյ Ստենինի հիշատակը միշտ վառ կմնա մեր հիշողության մեջ: Մենք նրան երբեք չենք մոռանա»,-ասել է Դմիտրի Կիսելյովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ընդհանուր առմամբ 2014-ին սպանվել է 30 լրագրող: Դա գրեթե երկու անգամ ավելի է, քան 2013-ին: Անցյալ տարի 16 լրագրող էր զոհվել: Լրագրողների պաշտպանության կոմիտեն ստեղծել է 2014-ին զոհված ԶԼՄ-ների աշխատակիցների մահվան քարտեզը: Ըստ կազմակերպության, վերջին 23 տարում մոտ 1070 լրագրող է մահացել:

Ըստ կազմակերպության տվյալների, օգոստոսի 20-ի դրությամբ ամենից շատ լրագրողներ են զոհվել Սիրիայում՝ 5-ից ավելի: Սիրիային հաջորդում են Գազան, Իրաքը, Ուկրաինան՝ 4-ական լրագրող, Անդրեյ Ստենինը դարձավ Ուկրաինայում զոհված հինգերորդ լրագրողը: Այնուհետև հաջորդում են Աֆղանստանն ու Բրազիլաին, որտեղ 2014-ին սպանվել է 2-ական լրագրող: Բրազիլիայում, մասնավորապես, լրագրողները զոհվեցին ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ տեղի ունեցած անկարգությունների ընթացքում:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---