Դե Վաալը՝ ղարաբաղյան գործընթացի մասին. Ամեն ինչ փոխվում է, բայց ոչինչ չի փոխվում

Դե Վաալը՝ ղարաբաղյան գործընթացի մասին. Ամեն ինչ փոխվում է, բայց ոչինչ չի փոխվում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված է և Հայաստանի, և Ադրբեջանի երկարաժամկետ հետաքրքրություններից: Այս մասին սեպտեմբերի 8-ին հայտարարել է ամերիկացի փորձագետ, «Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան, «Սև այգի. Հայաստանը և Ադրբեջանը պատերազմի և խաղաղության միջև» աղմկահարույց գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը:

Անդրադառնալով ներկա իրավիճակին, նա կարծիք է հայտնել, որ ԼՂ հարցում ամեն ինչ փոխվում է, բայց և նույն կերպ է շարունակվում:

«Շատ բան է փոխվել այս տարիներին, բայց այս կոնֆլիկտում գլխավոր չի փոխվել, իսկ շմփան գծում այն իրավիճակն է, ինչ 20 տարի առաջ: Ադրբեջանի ու Հայաստանի հետաքրքրություններից է բխում այս կոնֆլիկտի լուծումը, սակայն նախադրյալներ դեռ չկան»,- ասել է նա և հավելել, որ նախագահների մակարդակով հանդիպումները, եռանախագահների հետ Նյու Յորքում, ինչպես նաև հոկտեմբերին սպասվող հանդիպումը Փարիզում միայն ֆորմալ քայլեր են:

Թոմաս դե Վաալը կարծում է, որ ավելի լայն գործընթաց է հարկավոր, որտեղ ավելի մեծ թվով մարդիկ ներառված կլինեն.

«Ստեփանակերտում, Բաքվում և Երևանում ընդամենը մի քանի մարդ կա, որ պրոֆեսիոնալ կերպով զբաղվում է հարցով: Իմաստ ունի, որ նախագահները նշանակեն Ղարաբաղի հարցով հատուկ խորհրդատուներ, ովքեր պարբերաբար կհանդիպեն: Պետք չէ հույսը դնել եռանախագահների երկու ամիսը մեկ այցերի վրա: Ես դեռ չեմ տեսնում առիթներ, որպեսզի այդ բանակցությունների ոչ այնքան արդյունավետ ձևաչափը փոխվի»:

Փորձագետի խոսքով, շփման գծում իրավիճակը շատ տխուր է, զոհվում են երիտասարդներ, ովքեր ծնվել են հրադադարի ռեժիմի կնքումից հետո և իրենց ամբողջ կյանքն անցկացրել են այս կոնֆլիտկի առկայության պայմաններում:

«Այդ երկու շաբաթների ընթացքում զոհվել են ավելի շատ մարդիկ, քան ամբողջ 2013-ի ընթացքում: Ես տեսնում եմ ուկրաինական ճգնաժամի վատ հետևանքները: Կոնֆլիկտը չի լուծվում, նոր կոնֆլիկտներ են առաջանում, որը վատ հետևանքներ է թողնում»,- ասել է նա՝ նշելով, որ հիմնականում Ադրբեջանի կողմից եկող ռազմական հռետորիկան է շատ վատ ազդում:

«Հիմնական հույսն այն է, որ երկրներին հիշեցնենք, պատերազմը խաղ չէ, մարդիկ զոհվում են: Ամբողջ ողբերգությունն այն է, որ բոլորը հասկանում են, որ հրաշալի կլինի, եթե կոնֆլիկտը լուծվի, դա տարածաշրջանի համար անհրաժեշտություն է, Ադրբեջանն ու Հայաստանն էլ դրա պատճառով հետ են մնում ամբողջ աշխարհից: Սակայն չկան այն նախադրյալները, որ շտապ տեղի ունենա լուծումը: Կողմերը նաև չեն զգում բավականաչափ արտաքին աջակցություն, որ նման համարձակ քայլ անեն: Հասարակությունը ևս պատրաստ չէ դրան գնալու: Այս պահին մենք տեսնում ենք միայն բացասական շարժ»,- ասել է փորձագետը, գրում է Panorama.am-ը:

Ավելի վաղ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան կարծիք էր հայտնել, որ ԱՄՆ-ը պետք է մեծացնեն քաղաքական ջանքերը խաղաղ գործընթացում առաջընթաց գրանցելու համար, անգամ մինչև նախագահ Բարաք Օբամայի և պետքարտուղար Ջոն Քերիի անձնական մասնակցությունը բանակցություններում:

Ջոն Քերիի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ տեղի ունեցավ սեպտեմբերի 4-ին Նյուպորտում ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Կողմերը քննարկել են բանակցային ներկա փուլին ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին վերաբերող հարցեր: Կողմերը իրենց դիրքորոշումներն են ներկայացրել բանակցային գործընթացի վերաբերյալ:

ԱՄՆ պետքարտուղար Քերին մատնանշել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, անհրաժեշտ է բացառել լարվածությունը, և կոչ է արել մեխանիզմներ գտնել լարվածությունը թուլացնելու ու կողմերի միջև վստահություն հաստատելու համար:

Ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները:

Ջոն Քերին կարևորել է նաև, որ բանակցությունները շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով և պատրաստակամություն է հայտնել աջակցելու խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---