Օբաման նորից ուզում է ռմբակոծել Սիրիան. Այս անգամ ոչ թե Ասադին, այլ իսլամիստներին

Օբաման նորից ուզում է ռմբակոծել Սիրիան. Այս անգամ ոչ թե Ասադին, այլ իսլամիստներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մի խումբ ռազմական փորձագետների հետ ընթրիքի ժամանակ հայտարարել է, որ կարող է օգտվել իր սահմանադրական իրավունքից և հրաման արձակել ռմբակոծել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերն ազգային շահերը պաշտպանելու նպատակով:

Ըստ The Washington Post-ի, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իրավունք ունի արտոնելու հարվածներն առանց Կոնգրեսի ձևական հավանության: Ակնկալվում է, որ Օբաման սեպտեմբերի 10-ին հանդես կգա ազգին ուղղված ելույթով, որի ժամանակ էլ կհայտարարի Սիրիայի տարածքին հարվածելու մտադրության մասին:

ԱՄՆ-ն և մի շարք այլ երկրներ մոտ էին Սիրիայի ռմբակոծումը սկսելուն 2013-ի աշնանը: Պատրվակը հակամարտության ընթացքում քիմիական զենք կիրառելու կառավարական ուժերի դեմ մեղադրանքն էր: Համոզիչ ապացույցներ, սակայն, ստանալ չհաջողվեց: Ռուսաստանի միջնորդությամբ հաջողվեց խուսափել ռմբակոծություններից քիմիական զենքից հրաժարվելու Սիրիայի համաձայնության դիմաց: Դուրս բերվեց և ոչնչացվեց մոտ 800 տոննա թունավոր նյութ, իսկ ՄԱԿ և Քիմզենքի արգելման կազմակերպության համատեղ առաքելությունն ոչնչացնում է քիմզենքի արտադրման օբյեկտները երկրում:

«Իսլամական պետությունը» վերահսկում է զգալի տարածքներ Իրաքում ու Սիրիայում: Սակայն մինչև այժմ ԱՄՆ-ն սահմանափակվում էր օդային հարվածներով Իրաքի սահմաններին, քանի որ պաշտոնապես Վաշինգտոնը չի միջամտում Սիրիայի հակամարտությանը: Եթե Օբաման որոշի ռմբակոծել «ԻՊ» դիրքերը Սիրիայում, դա ԱՄՆ առաջին հարվածը կլինի Սիրիայի տարածքին:

Դամասկոսը դեռ չի արձագանքել այս շրջադարձին. մի կողմից Ասադի զորքերն իրենք էլ «ԻՊ» դեմ են պատերազմում, մյուս կողմից, ԱՄՆ-ն Ասադին համարում է ոչ լեգիտիմ և սատարում է նրա հակառակորդներին:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---