Ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո մահացած Մամիկոն Խոջոյանի գործն ուղարկվել է ՄԻԵԴ

Ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո մահացած Մամիկոն Խոջոյանի գործն ուղարկվել է ՄԻԵԴ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական գերության մեջ խոշտանգված տարեց հայ գյուղացի Մամիկոն Խոջոյանի գործը ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Խոջոյանի երեք զավակները գանգատ են ներկայացրել «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ և «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոն»-ի աջակցությամբ:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Խոջոյանի ընտանիքը պահանջում է Ադրբեջանի կառավարության նկատմամբ քրեական հետապնդում` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով, որոնք արգելում են սպանությունը, խոշտանգումը, անմարդկային վերաբերմունքը և խտրականությունը: Նրանք նաև կոչ են անում լսել Ադրբեջանի իշխանությունների կողմից խոշտանգումների ենթարկված քաղաքացիների համանման գործերը, այդ թվում նաև Արթուր Բադալյանին և Կարեն Պետրոսյանինը:

Հունվարի 28-ին Ադրբեջանի Թովուզի շրջանում ձերբակալվել էր սահմանը հատած հոգեկան խնդիրներ ունեցող Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը, որին ադրբեջանական կողմը փորձում էր ներկայացնել որպես «հայկական դիվերսիոն խմբի անդամ» ։ Մեկ ամսից ավելի գտնվելով գերության մեջ, մարտի 4-ի երեկոյան ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ հոգեկան հիվանդությամբ տառապող Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով:

Հայրենադարձվելուց հետո Խոջոյանը տեղափոխվել էր Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնին բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ էին հայտնաբերվել: Մայիսի 20-ին Խոջոյանը մահացել էր:

«Սա առանձնահատուկ դաժանության վառ օրինակ է անօգնական 77-ամյա մարդու նկատմամբ»,- ասել է ՄԻՊԵԿ իրավախորհրդատու Վահե Գրիգորյանը, որը ներկայացնելու է Խոջոյանի ընտանիքը Եվրոպական դատարանում:

«Խոջոյանը գերության սկզբից ևեթ ենթարկվել էր դաժան և վատ վերաբերմունքի, ինչը վերջնական արդյունքում հանգեցրեց նրա մահվան: Մենք դիմում ենք ՄԻԵԴ` Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության կանչելու իր կատարած ծանր հանցագործության համար և ապահովելու, որ վերջ դրվի այդպիսի վերաբերմունքին»,- ասել է ԸԻԿ փաստաբան Քրիստինա Գևորգյանը:

Հայցվորները գանգատում ներկայացնում են Խոջոյանի խոշտանգման ապացույցներ, ինչպես նաև՝ ցուցադրում իշխանությունների կողմից Բաքվում անմեղ հայերի նկատմամաբ իրականացվող դաժան վերաբերմունքի պարբերական պատկերը:

Հունվարին Խոջոյանի գերեվարումից հետո այլ անձիք ևս գերի են ընկել Ադրբեջանում` ենթարկվելով հրապարակային նվաստացման և վատ վերաբերմունքի: Վերջին դեպքերից մեկի ժամանակ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերեվարվել է սահմանի մոտ և հեռուստատեսությամբ ներկայացվել է որպես «դիվերսանտ», իսկ բանտարկությունից մեկ օր հետո սպանվել:

ՄԻԵԴ-ը քննարկելու է գանգատը ընդունելիության տեսանկյունից, որից հետո կարող է սկսվել դատական գործընթացը և կայացվել պարտավորեցնող վճիռ:

Օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Պետրոսյանը, ով Թովուզի շրջանում ձերբակալվել էր, օգոստոսի 8-ի առավոտյան, «հանկարծամահ է եղել»։ Որպես մահվան պատճառ նշվում է «սիրտ-անոթային անբավարարությունը»։ Պետրոսյանի դին բժշկական փորձաքննություն է անցնում Գանձակի դատաբժշկական կենտրոնում։ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն արդեն տեղեկացված է դեպքի վերաբերյալ։

Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը լուսանկարներ ու տեսագրություն էր տարածել, որտեղ Կարեն Պետրոսյանին, ռազմական համազգեստ հագցրած, բռնի ուժով բերում էին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի մոտ՝ փորձելով Չինարիի բնակչին որպես «դիվերսանտ» ներկայացնել։ Մինչդեռ Չինարիի գյուղապետը հայկական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր, որ գերին իրենց համագյուղացին է, քաղաքացիական անձ է։Ադրբեջանական կողմը, չբավարարվելով գերեվարված ՀՀ քաղաքացու նկատմամբ կիրառված ակնհայտ անմարդկային վերաբերմունքով, Կարեն Պետրոսյանին նվաստացրել է, տանջանքների և կտտանքների ենթարկել` հասցնելով նրան մահվան. այս ամենի ապացույցն ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող տեսանյութերն ու լուսանկարներն են:

Օգոստոսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել` նշելով, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ:

Photo: Azatutyun
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---