13 տարի անց. ԱՄՆ-ում հիշում են սեպտեմբերի 11-ի զոհերին և պահաջում գաղտնազերծել հետաքննության մասին զեկույցը

13 տարի անց. ԱՄՆ-ում հիշում են սեպտեմբերի 11-ի զոհերին և պահաջում գաղտնազերծել հետաքննության մասին զեկույցը

PanARMENIAN.Net - Նյու Յորքում կանցնեն հիշատակի միջոցառումներ՝ նվիրված 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների 13-ամյակին: Ի հիշատակ գրեթե 3 հազար զոհերի ԱՄՆ-ում նշվում է Հայրենասերի օրը, որը նաև այլ անվանում ունի՝ Հիշողության ու ծառայության ազգային օր: Այսօր ԱՄՆ-ում խոնարհվում են բոլոր պետական հաստատությունների դրոշները:

Նախագահ Օբաման առաջարկել է ԱՄՆ նահանգապետերին մասնակցել հիշատակի արարողություններին: Տեղի ժամանակով առավոտյան 08:46 ժամին, երբ առաջին ինքնաթիռը մխրճվեց Առևտրի համաշխարհային կենտրոնի հյուսիսային աշտարակը, լռության րոպե կհայտարարվի: Հարազատները կսկսեն ընթերցել 2983 զոհվածների անունները, գրում է Ռոսբալտը:

Անունների հրապարակումը կընդհատվի լռության ևս մի քանի րոպեներով. 09:03-ին, երբ երկրորդ ինքնաթիռը մխրճվեց ԱՀԿ հարավային աշտարակի մեջ, 09:37-ին, երբ ահաբեկիչները գրոհեցին Պենտագոնը, 09:59-ին, երբ փլուզվեց հարավային աշտարակը, 10:28-ին՝ երբ փլուզվեց հյուսիսային աշտարակը:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին 19 ահաբեկիչներ, որոնք կապված էին «Ալ Քայիդայի» հետ, բաժանվելով 4 խմբի, գրավեցին չորս ուղևորատար ինքնաթիռներ: Խմբերից յուրաքանչյուրն ուներ առնվազն մեկ անդամ, որը թռիչքային պատրաստություն էր անցել: Ահաբեկիչները երկու ինքնաթիռներն ուղղեցին ԱՀԿ աշտարակների վրա, որոնք գտնվում էին Նյու Յորքի Մանհեթենի հարավային մասում: American Airlines 11 չվերթն իրականացնող ինքնաթիռը բախվեց WTC-1 հյուսիսային աշտարակին, իսկ 175 United Airlines չվերթը՝ WTC-2 հարավային: Արդյունքում երկու աշտարակները փլուզվեցին, լուրջ ավերածությունների պատճառ դառնալով շրջակայքում: Երրորդ ինքնաիթռը՝ 77 American Airlines չվերթը ուղղվեց Պենտագոնի ուղղությամբ: 93 United Airlines չվերթի ուղևորներն ու անձնակազմը փորձեցին ահաբեկիչներից խլել ինքնաթիռի կառավարումը, սակայն ինքնաթիռը կործանվեց Փենսիլվանիա նահանգի Շենքսվիլ քաղաքի մերձակայքում: 19 ահաբեկիչներից բացի գրոհների արդյունքում զոհվեց 2977 մարդ 57 երկրից, ևս 24 –ը համարվում են անհետ կորած: Զոհվածների մեծ մասը քաղաքացիական անձիք էին: Պատասխանատվությունը գրոհների համար ստանձնեց «Ալ Քայիդա» ահաբեկչական կազմակերպությունը:

Ահաբեկչությունից 13 տարի անց գաղտնի է մնում ԱՄՆ Ազգային հանձնաժողովի 2002 թ. հրապարակված զեկույցի մի մասը: Խոսքը 28 էջի մասին է, որոնք Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմի պահանջով առգրավվեցին ու պահպանման հանձնվեցին ԱՄՆ Կոնգրեսին: The New Yorker-ը բերում է հայտնի «9/11 հանձնաժողովի» անդամ կոնգրեսականների կարծիքը, որոնք հնարավորություն են ունեցել ծանոթանալու գաղտնի հատվածի հետ:

«Այնտեղ թաքցնելու ոչ մի բան չկա ազգային անվտանգության տեսակետից»,-վստահեցնում է հանրապետական կոնգրեսական Ուոլթեր Ջոնսը Հյուսիսային Կարոլինայից: Ըստ նրա, գաղտնի պահվող էջերը վերաբերում են առաջին հերթին Բուշ կրտսերի ու նրա վարչակազմի հարաբերություններին Սաուդյան Արաբիայի հետ: Դեմոկրատ կոնգրեսական Սթիվեն Լիչը Մասաչուսեթսից պնդում է, որ գաղտնի նյութերը «վկայում են այն մասին, որ մի շարք սաուդյան իրավաբանական ու ֆիզիկական անձիք ևս առնչություն ունեն «Ալ Քայիդայի» գրոհին ԱՄՆ դեմ:

Ջոնսն ու Լինչն արդեն Կոնգրեսի քննարկմանն են ներկայացրել փաստաթղթերը գաղտանզերծելու Օբամային ուղղված կոչով բանաձևը: Նույնն են պահանջում նաև զոհերի հարազատները: ԱՄՆ իրավապաշտպանները խոսում են «ճշմարտությունը միտումնավոր թաքցնելու մասին»: Սակայն, ինչպես խոստովանում է պարբերականը, Վաշինգտոնը շահագրգռված չէ լարվածություն մտցնել Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններում, որը ԱՄՆ հիմնական ռազմավարական դաշնակիցներից է Պարսից ծոցում:

Ի դեպ, ինչպես գրում է «Ռոսիյսկայա գազետան», Սաուդյան Արաբիան էլ բազմիցս հայտարարել է, որ կողմ է «լիակատար հրապարակայնությանն» այդ հարցում: Արքայազն Բանդար բեն Սուլթանը, որը 2001-ի սեպտեմբերին ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանն էր, պնդում է, որ «իր երկիրը թաքցնելու բան չունի», ուստի Էռ Ռիադը պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին, սակայն դրանք պետք է բարձրաձայնվեն: «9/11 հանձնաժողովի» մյուս անդամները պնդում են, որ գաղտնի մասում պարունակվող փաստերը չեն վարկաբեկում սաուդյան պետությունը, ուստի դրանք պետք է հրապարակվեն: Այլ բան է, որ այս դեպքում, ինչպես կարծում են պարբերականի զրուցակիցները, ի հայտ կգան «ԱՄՆ հատուկ ծառայությունների ձախողումների վկայությունները», որոնք Վաշինգտոնը մտադիր չէ խոստովանել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---