Լևոն Հայրապետյանի գործի շրջանակում ռուս միլիարդատեր է տնային կալանքի տակ վերցվել

Լևոն Հայրապետյանի գործի շրջանակում ռուս միլիարդատեր է տնային կալանքի տակ վերցվել

PanARMENIAN.Net - ԱՖԿ «Սիստեմա» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը մեղադրվում է դրամական միջոցների լվացման մեջ և տնային կալանքի տակ է գտնվում: Ըստ «Ինտերֆաքսի», Եվտուշենկովին մեղադրանք է ներկայացվել ՌԴ ՔՕ 174 հոդվածի չորրորդ մասով:

«Ռուսաստանի Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունում հետաքննվում է Բաշկորտոստանի վառելիքաէներգետիկ համալիրի մաս կազմող ձեռնարկության բաժնետոմսերի հափշտակման և օրինականացման փաստով քրեական գործը (174.1 հոդվածի 4-րդ մաս, 160 հոդվածի 4-րդ մաս, ՌԴ ՔՕ 174 հոդվածի 4-րդ մաս): Քննությունը բավարար հիմքեր ունի կարծելու, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացմանը (լվացմանը) մեղսակից է նաև Եվտուշենկովը»,-մեջբերում է գործակալությունը Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինին:

Ինքը Եվտուշենկովն իր մեղքը չի ճանաչում: «Սիստեմա» կորպորացիայի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ առաջադրված մեղադրանքն իրենք համարում են «ամբողջությամբ չհիմնավորված»: Ընկերությունում հայտարարել են նաև, որ պայքարելու են, որ այն բողոքարկվի «սահմանված կարգով»:

Ընկերության տնօրենների խորհրդի անդամ է նաև Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Եվտուշենկովի քրեական հետապնդումը հերթական օղակն է հետախուզման մեջ գտնվող Թաթարստանի նախկին ղեկավար Ուրալ Ռահիմովի որդու շուրջ հարուցված աղմկահարույց գործերի շղթայում: «Բաշնեֆտի» վաճառքի գործով ձերբակալվել է նաև գործարար ու բարերար Լևոն Հայրապետյանը, որին մեղադրանք է ներկայացվել ՌԴ ՔՕ 174 հոդվածով՝ դրամական միջոցների օրինականացում և լվացում: Քննությունը գտնում է, որ Հայրապետյանը մեղսակից է ԱՖԿ «Սիստեմայի» «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի վաճառքին 500 մլն դոլար զեղչով և միջոցների օրինականացմանը, որի դիմաց գործարարը ստացել է 50 մլն դոլար: Բացի այդ, գործարարին 700 հազար դոլարի դրամաշորթության մեղադրանք է ներկայացվել դատապարտված սենատոր Իզմեստյևի մորից նրան բանտից ազատելու լոբբինգի դիմաց:

Ավելի վաղ Հայրապետյանի փաստաբանները հայտարարել էին, որ իրենց պաշտպանյալն արդեն 9 տարի է տառապում է մի շարք հիվանդություններով, այդ թվում նաև քաղցկեղով, որն ընդգրկված է այն հիվանդությունների ցանկում, որոնց առկայության դեպքում բացառվում է մեղադրյալի գտնվելը մեկուսարանում: «Նա չորս վիրահատություն է տարել և միայն Ռուսաստանում 9 անգամ ստացիոնար բուժում է անցել»,-ասել է փաստաբան Մարգարյանը: Ինքը գործարարն ու բարերարը հայտարարել է, որ իր հասցեին հնչեցված կասկածները ոչ մի ապացույց չունեն և խնդրել է իրեն թողնել ազատության մեջ: Հայաստանում և Հայաստանից դուրս մշտապես բողոքի ցույցեր են կազմակերպվում՝ Հայրապետյանին ազատ արձակելու պահանջով:

Վլադիմիր Եվտուշենկովը Ռուսաստանի ամենահարուստ գործարարներից մեկն է, նրա կարողությունը գնահատվում է 9 մլրդ դոլար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---