Ադրբեջանում ձերբակալված իրավապաշտպանին թույլ չեն տալիս հանդիպել փաստաբանի հետ (թարմացված)

Ադրբեջանում ձերբակալված իրավապաշտպանին թույլ չեն տալիս հանդիպել փաստաբանի հետ (թարմացված)

PanARMENIAN.Net - Ձերբակալված ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի փաստաբաններ Հալիդ Բագիրովը, Ալաիֆ Խասանովն ու Ջավադ Ջավադովը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել:

Ըստ Contact.az-ի, սեպտեմբերի 22-ին Բագիրովը հերթական անգամ գնացել է այցելելու իր պաշտպանյալին մեկուսարանում: Սակայն հսկիչներն ասել են նրան, որ Յունուսը հիվանդ է ու հրաժարվել է հանդիպել փաստաբանի հետ: Այն ժամանակ փաստաբանը ցանկություն է հայտնել խոսել նրա հետ հեռախոսով, սակայն դա էլ է արգելվել:

Հաշվի առնելով Յունուսի բանտախցում տիրող իրավիճակը, հանդիպելուց ու հեռախոսազրույցից հրաժարվելը՝ փաստաբանները լրջորեն մտահոգված են իրենց պաշտպանյալի համար: «Մենք պահանջում ենք համապատասխան մարմիններից անհապաղ միջամտել իրավիճակին ու թույլ տալ Լեյլա Յունուսին հանդիպել փաստաբանների հետ »,-ասվում է հայտարարության մեջ:

Լեյլա Յունուսը Եվրոպական խորհրդարանի կողմից տրվող հեղինակավոր «Սախարով 2014» մրցանակի հավակնորդների թվում է։ Նրա թեկնածությունն առաջադրել է Եվրոպական խորհրդարանի Կանաչների խմբակցությունը։ Մրցանակի համար առաջադրված 7 թեկնածուի շարքում է նաև ուկրաինական «Եվրոմայդան» շարժումը, Մոսուլի համալսարանի պրոֆեսոր Մահմուդ Ալ Ասալին, ռեպերներ Ալա Յակուբին և Մուադ Բելգհուաթը, CHREDO, Open Doors, Oeuvre d'Orient և Aid to the Church in Need կազմակերպությունները, Սոմալիում ծնված ամերիկացի ակտիվիստ Այան Հիրսի Ալին և Կոնգոյի գինեկոլոգ Դենիս Մուկվեջը։

Ազատ մտքի համար տրվող Սախարով մրցանակը Եվրոպական խորհրդարանի կողմից շնորհվում է ամեն տարի։ Այն հիմնադրվել է 1988թ-ին՝ պարգևատրելու այն կազմակերպություններին և անձանց, ովքեր պաշտպանում են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։Նախորդ տարի Սախարովի մրցանակին արժանացավ աղջիկների կրթության համար պայքարող պակիստանցի Մալալա Յուսաֆզային, որն իր գործունեության համար հարձակման էր ենթարկվել թալիբանների կողմից։

Խորհրդարանի մրցանակի թեկնածուները կհաստատվեն սեպտեմբերի 23-ին՝ արտաքին հարցերի և զարգացման հանձնաժողովի և մարդու իրավունքների ենթակոմիտեի նիստում, հաղթողը կհայտարարվի հոկտեմբերին։

2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: Մի շարք օրենքներում ուղղումներ կատարվեցին ՈԿԿ գործունեության վերաբերյալ: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար:

Լեյլա Յունուսը Բաքվի Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն է, զբաղվում է քաղբանտարկյալների պաշտպանությաբ, ինչպես նաև Հայաստանի հետ երկխոսության հաստատման ու ժողովրդական դիվանագիտության նախաձեռնողներից է, ինչն էլ առիթ հանդիսացավ նրան պետական դավաճանության մեջ մեղադրելու համար:Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ:

Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա:

Photo: Aziza Karimova
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---