Էրդողան. Թուրքական բանակը կարող է մտնել Սիրիա

Էրդողան. Թուրքական բանակը կարող է մտնել Սիրիա

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը կարող է գործի դրվել Սիրիայում, եթե լինի միջազգային հանրության համաձայնությունը:

Ըստ Sabah-ի, Էրդողանը հայտարարել է, որ բանակը կարող է սիրիական տարածքում բուֆերային գոտի ստեղծել տները լքող փախստականների համար, որոնք մասնավորապես փախչում են «Իսլամական պետության» գրոհայիններից:

Էրդողանի առաջարկներն անուղղակի կերպով պաշտոնական Դամասկոսի դեմ են ուղղված՝ թուրք նախագահն առաջարկում է Սիրիայի օդային տարածքի մի մասը թռիչքներից զերծ գոտի հայտարարել, այն դեպքում, երբ ապստամբներն ավիացիա չունեն, ստեղծել բուֆերային գոտի Սիրիայի ու Թուրքիայի միջև սիրիական տարածքի հաշվին (ինչը հեռանկարում կարգելակի սիրիական բանակի գործողությունները իսլամիստների դեմ) և զինել չափավոր ընդդիմությանը (որը կարող է զենքն ուղղել Ասադի դեմ): Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի դերը ԻՊ դեմ պայքարում կհստակեցվի կոալիցիայի հետ բանակցություններում, «և ինչպիսին էլ լինի այդ դերը, Թուրքիան այն կկատարի»,-ասել է նա:

Այս պահի դրությամբ Թուրքիայում մոտ 1,5 մլն փախստական կա Սիրիայից: 150 հազար քրդեր փախել են վերջին շաբաթներին՝ Կոբանի ռազմավարական նշանակության ավանի վրա ԻՊ գրոհից փախչելով: Թուրքիան թույլ չի տալիս, որ քուրդ կամավորականները մասնակցեն ԻՊ դեմ պատերազմին, խոչընդոտելով սահմանի հատումը նրանց կողմից հակառակ ուղղությամբ:

Ավելի վաղ Թուրքիան հրաժարվեց մասնակցել ԻՊ դեմ գործողություններին, նրան կասկածում էին նաև ահաբեկիչներին ոչ հրապարակավ սատարելու մեջ: Մասնավորապես, Թուրքիայում ԱՄՆ նխկին դեսպան Ռիկարդոնեն հայտարարեց, որ Անկարան սատարում է «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրա» խմբավորմանը և Վաշինգտոնը ոչինչ չի անում դրան խանգարելու համար: Արևմտյան ԶԼՄ-ները մեղադրեցին Անկարային նրանում, որ Թուրքիան չի խոչընդոտում իր տարածքով ԻՊ գրոհայինների ներթափանցմանը Սիրիա, էժան գնով նավթ ու վառելիք է գնում գրոհայիններից, ինչպես նաև «հանգստի բազաներ» ստեղծում ահաբեկիչների համար իր տարածքում:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---