18  30.09.14 - Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի դիմավորման պաշտոնական արարողությունը
19  29.09.14 - Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հունաստանի նախագահը պետայցով Երևանում է. Բացվել է հայ-հունական գործարար համաժողովը

Հունաստանի նախագահը պետայցով Երևանում է. Բացվել է հայ-հունական գործարար համաժողովը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով եռօրյա պետական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը սեպտեմբերի 29-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Արդեն այսօր` սեպտեմբերի 30-ին, ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Կարոլոս Պապուլիասի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է Հայաստանի և Հունաստանի ղեկավարների առանձնազրույցը:

Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին և նշել, որ հայ-հունական բարեկամությունը խորը ու կենսունակ արմատներ ունի և վստահություն հայտնել, որ նախագահ Պապուլիասի այցը նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերություններին՝ առավել ամրապնդելով այդ բարեկամությունը:

Նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Հունաստանի իշխանություններին և ժողովրդին՝ ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնելու օրինագծի ընդունման համար՝ ընդգծելով, որ Հունաստանն առաջիններից մեկն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և ժխտողականության քրեականացումը Հունաստանի հաստատուն քաղաքական գծի շարունակությունն է:

Սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանը ձայների ընդունել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող՝ «Այլատյացության դեմ պայքար» անվամբ օրինագիծը: Դրա լրամշակված տարբերակով Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն հրեաների, այլև հայերի և պոնտոսի հույների ցեղասպանության ժխտման համար: Այսպիսով, Շվեյցարիայից և Սլովակիայից հետո Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն է, որ կքերականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը: Օրինագծով սահմանվում է, որ այն անձինք, ովքեր կժխտեն կամ բացասական կարտահայտվեն Ցեղասպանության մասին, կազատազրկվեն 3 ամսից մինչև 3 տարի: Եթե օրենքը խախտողը պատգամավոր է կամ պետական պաշտոնյա, սահմանվելու է 3-5 տարվա ազատազրկում:

Նախագահ Պապուլիասն իր հերթին ընդգծել է, որ իրենց պատվիրակության այցը Հայաստան նպատակ ունի ավելի ամրապնդել և խորացնել հայ-հունական բարեկամական հարաբերությունները: Երկու երկրների և ժողովուրդների բարեկամությունը, Հունաստանի նախագահի խոսքով, ամրապնդվել է պատմության ընթացքում, ուստի, այժմ Հունաստանը և Հայաստանը բարոյական ու քաղաքական պարտավորություններ ունեն պահպանելու և զարգացնելու պատմականորեն ձևավորված սերտ կապերը՝ նկատի առնելով նաև տարածաշրջանում առկա իրավիճակը:

Նախագահ Պապուլիասը շեշտել է, որ ոչինչ չի կարող խանգարել Հունաստանի և Հայաստանի հարաբերություններին:

Հանդիպմանը Կարոլոս Պապուլիասը անդրադարձել է Հունաստանում հայկական համայնքին՝ նշելով, որ հայերն իր երկրում հաջողությամբ ինտեգրվել են, դարձել Հունաստանի արժանի քաղաքացի` լավ գիտնականներ ու տարբեր ոլորտներում բարձրորակ մասնագետներ:

Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ, որոնց ավարտին ստորագրվել են հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր:

Մասնավորապես՝ ստորագրվել են Հայաստանի գյուղատնտեսության նախարարության և Հունաստանի գյուղական զարգացման և պարենի նախարարության միջև համաձայնագիր և Հայկական զարգացման գործակալության ու Հունա-հայկական առևտրաարդյունաբերական պալատի միջև փոխըմբռնման հուշագիր:Դրանք համալրելու են երկկողմ՝ մոտ 40-ի հասնող իրավական փաստաթղթերի շտեմարանը:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը ԶԼՄ-երի առջև հանդես են եկել բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:

«Երկու պետությունների պաշտպանության նախարարությունների միջև հաստատված կառուցողական երկխոսության արդյունքում հայ-հունական ռազմական գործակցությունն այսօր բարձր մակարդակի վրա է: Բարձր գնահատեցի, իհարկե, այն փաստը, որ հայ զինծառայողները տարիներ շարունակ բարձրորակ կրթություն են ստանում, ինչպես նաև վերապատրաստվում բարեկամ Հունաստանի ռազմական հաստատություններում: Եվ պատահական չէ, որ միջազգային խաղաղապահ գործողություններում հայ և հույն զինծառայողների փոխգործակցությունն արժանացել է ամենաբարձր գնահատականների»,- իր խոսքում նշել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը հավելել է, որ անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին.

«Գործընկերոջս ներկայացրեցի ղարաբաղյան հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները: Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հավասարակշռված և կառուցողական դիրքորոշումն այս հարցում, որի պաշտոնական դիրքորոշումն է՝ սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և Մինսկի խմբի կողմից առաջարկված լուծումների տարբերակին:

Շնորհակալ ենք Հունաստանին Հայոց ցեղասպանությունն առաջիններից մեկն օրենքի ուժով ճանաչելու, իսկ այժմ նաև ժխտողականության դեմ պայքարում կատարած կարևոր օրենսդրական քայլի համար: Օրեր առաջ Հունաստանի խորհրդարանի կողմից Ռասիզմի և այլատյացության դեմ օրինագծի լրամշակված տարբերակի ընդունումը ցեղասպանության հանցագործության փուլ կազմող ժխտողականության դեմ պայքարի արդյունավետ միջոց է:

2015-ին հայ ժողովուրդը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայաստանն այդ տարի դառնալու է այդ հանցագործության դեմ միջազգային պայքարի կարևոր հարթակներից մեկը: Ապրիլին անց է կացվելու «Ցեղասպանության հանցագործության դեմ» վերտառությամբ միջազգային հասարակական-քաղաքական գլոբալ ֆորում: Ի թիվս այլոց, ֆորումին մասնակցելու համար մենք հրավիրելու ենք բարեկամ հույն ժողովրդի ներկայացուցիչներին, որպես ցեղասպանության ենթարկված Պոնթոսի հույների ժառանգներին: Ակնհայտ է և հասկանալի, որ այսօր ես Հունաստանի նախագահին փոխանցեցի հրավեր՝ մասնակցելու 2015-ի ապրիլի 24-ին Երևանում տեղի ունենալիք միջոցառումներին»,- մանրամասնել է Հայաստանի նախագահը:

Սարգսյանը նշել է, որ իրենք հատկապես մտահոգված են Մերձավոր Արևելքում քրիստոնյա համայնքների վիճակով:

Այնուհետև երկու նախագահը մասնակցել են Հայ-հունական գործարար համաժողովին:

Հայաստանի նախագահը ողջույնի իր խոսքում նշել է, որ իր խորին համոզմամբ` մեր տնտեսական հարաբերությունները շատ են զիջում քաղաքական և բարեկամական հարաբերություններին, և անհրաժեշտ է տնտեսական հարաբերությունները բերել-հասցնել քաղաքականին:

«Հայաստանը հռչակել է և հետևողականորեն իրականացնում է «բաց դռների» ներդրումային քաղաքականություն: Շարունակվում են օրենսդրական փոփոխությունները, որոնք միտված են ներդրումային և գործարար միջավայրի հավասար, կայուն և կանխատեսելի զարգացմանը: Ստեղծվել են նաև պետական աջակցության մեխանիզմներ` ուղղված նոր ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և արտահանման ծավալների ավելացմանը»,- ասել է նախագահը` բելերով մի քանի օրինակ:

Միաժամանակ, ըստ նախագահի, ՀՀ ինտեգրումը Եվրասիական տնտեսական միությանը նոր հեռանկարներ է բացում նաև օտարերկրյա ներդրողների համար, որոնք Հայաստանի տնտեսական տարածքով կարող են ավելի դյուրացված կարգով դուրս գալ ԵՏՄ միասնական շուկա: Ըստ Սերժ Սարգսյանի, Հայաստանում ներդրումներ կատարելու օգտին է խոսում նաև մեր երկրում որակյալ և կրթված աշխատուժը:

«Վերջին տարիներին մեր տնտեսության մեջ աճի տեմպեր ենք գրանցում հատկապես գիտելիքահեն ոլորտներում, որոնցից են՝ ՏՏ-ն, դեղագործությունը, բժշկությունը, զարգանում է ֆինանսաբանկային համակարգը, ինչպես նաև ոսկերչությունը, գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, զբոսաշրջությունը, կոնյակագործությունը, գինեգործությունը: Երեկ հունական պատվիրակության հետ այցելել ենք Արմավիրի մարզ՝ Էռնեկյանի կողմից հիմնադրված այգու և նոր կառուցված գինու գործարանին ընդհանուր գնահատական տալու: Ուրախ եմ, որ մեր գնահատականները համընկել են, և համարում ենք, որ Հայաստանի գյուղատնտեսության ապագան, վերամշակման արդյունաբերության ապագան հենց այդպիսին պետք է լինի: ՏՏ ոլորտի միջազգային առաջատարներն իրենց գրասենյակներն են բացում մեր երկրում: Այս ոլորտում Հայաստանում գործում է ավելի քան 380 կազմակերպություն, աշխատողների թիվը հասնում է 11 հազարի, տարեկան միջինում մենք արձանագրում ենք շրջանառության 20-25% աճ:

Բժշկագիտության ոլորտում նախաձեռնել ենք ուռուցքային հիվանդությունների բուժման և կանխարգելման, ժամանակակից գիտատար տեխնոլոգիաներով հագեցած, բժշկագիտության արդի միջազգային զարգացմանը համապատասխան կենտրոնի ստեղծումը՝ նպատակ ունենալով դարձնելու այն տարածաշրջանային նշանակության հաստատություն: Ես համոզված եմ, որ հայ-ամերիկյան գործակցությունն այս ոլորտում տալու է դրական արդյունքներ»:

Նախագահն անդրադարձել է նաև գյուղատնտեսության ոլորտին` նշելով, որ թեև այն երկու երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության մեջ զգալի ծավալ է զբաղեցնում, այստեղ գործակցության ընդլայնման հնարավորությունները շատ մեծ են:

«Այս ոլորտում իրականացվել են մի շարք նախագծեր, որոնք, կարծում եմ, պետք է շարունակական բնույթ կրեն: Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հունաստանի գյուղական զարգացման և պարենի նախարարության միջև ստորագրված համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում այդ ոլորտում գործակցության ընդլայնման համար»:

Ըստ նախագահի, զարգացման և փոխշահավետ գործակցության լավ հեռանկարներ կան զբոսաշրջության ոլորտում: Հաշվի առնելով Հունաստանի փորձն այս ոլորտում՝ Հայաստանը հետաքրքրված է հյուրանոցաշինությամբ, երկու երկրների զբոսաշրջային օպերատորների համատեղ ծրագրերի իրականացմամբ, զբոսաշրջային գրավչության վայրերի կառավարման ոլորտում փորձի փոխանակմամբ:

«Հայաստանը որդեգրել է «բաց երկնքի» քաղաքականություն: Այն արդեն տալիս է իր արդյունքները. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը աճել է ավելի քան 25 տոկոսով»,- նշել է նախագահը՝ հավելելով, որ մեր երկրների միջև կանոնավոր չվերթների ավելացումը նույնպես կխթանի զբոսաշրջություն զարգացումը:

4  30.09.14 - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասին
9  30.09.14 - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի համատեղ մամուլի ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---