Հանցանքը ներողությունով ծածկել հնարավոր չէ. Թուրք հեղինակի Ցեղասպանության մասին գիրքը թարգմանվել է հայերեն

Հանցանքը ներողությունով ծածկել հնարավոր չէ. Թուրք հեղինակի Ցեղասպանության մասին գիրքը թարգմանվել է հայերեն

PanARMENIAN.Net - Գերմանաբնակ, ազգությամբ թուրք Էրդալ Շահինիի «1915 -ի դահճի փոխակերպում» Հայոց ցեղասպանության մասին պատմող գիրքը թարգմանվել է հայերեն: Հոկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը հեղինակը նշել է, որ հայերի պատմության դժբախտ էջի համար նաև իրեն է մեղավոր ճանաչում:

«2009-2010 թվականներին առիթ եմ ունեցել մասնակցելու բեռլինյան մի ժողովի, որտեղ հույները և հատկապես հայերը մոտենալով մեզ ասացին՝ դուք ձեզ վատ մի զգացեք, դուք մեղք չունեք, ձեր պապերն են արել: Ես ասացի՝ եթե ես համապատասխան կեցվածք չեմ ընդունում, կարծիք չեմ ասում, նշանակում է ես էլ եմ շարունակում ցեղասպանությունը, ես նրանցից կտարբերվեմ միայն այն դեպքում, եթե քայլ անեմ: Ես չեմ տարբերվի ոճրագործից, եթե լռեմ, գործով պետք է զանազանվեմ»,- ասել է նա։

Հայոց ցեղասպանությանն առնչվող հարյուրավոր գիտական ու փաստական աշխատություններ ու գրքեր են հրատարակվել աշխարհի տարբեր անկյուններում տարբեր ազգերի գիտնականների կողմից: Մի ամբողջ գրադարան կարող են կազմել գեղարվեստական գրականության անդրադարձները` տարբեր ժանրային իրացումներով:

Գիրքը լույս է տեսել երեք լեզուներով՝ գերմաներեն, թուրքերեն ու հայերեն: Գերմաներեն տարբերակը Գերմանիայում բնակվող թուրքերի համար է, որ կարդան ու առերեսվեն իրենց պատմության հետ, ինչ-որ բան փոխեն մտածելակերպի մեջ:

«Ուզում եմ, որ Թուրքիայում հնարավորինս շատ մարդ կարդա ու հարևան ժողովրդի ցավը ընկալի: Իմ ցանկությունն էր, որ գիրքը նաև հայերեն լույս տեսնի, որ հայ ժողովուրդն էլ իմանա` թեկուզ քիչ, բայց կան մարդիկ, ովքեր իրենց հոգու ճիչն են արձակում»,- ասաց նա:

Էրդալ Շահինին նշել է, որ գրքով չի փորձում ներողություն խնդրել հայ ժողովրդից, որովհետև հանցանքը ներողությունով ծածկել հնարավոր չէ:

«Պետք է ինչ-որ մի բան անել, այլապես այն կկրկնվի»,- ասել է հեղինակը, գրում է Tert.am-ը:

Գրքի գերմաներեն տարբերակը լույս է տեսել 2013-ի սեպտեմբերի 30-ին: Էրդալ Շահինին իր այս գրքում ուսումնասիրում է 1915-ին Թուրքիայի տարածքում տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը: Մինչև օրս այս տխուր իրողությունը համապատասխան ոչ քաղաքական, ոչ էլ պատմական գնահատական չի ստացել: Հեղինակը նկարագրում է իր անցած ուղին` ոչինչ չկասկածող երեխայից, որը ցանկանում է ընտանիք վերադառնալ, վերադառնալ արմատներին` մինչև այսօրվա պայքարը, որի հիմքում Թուրքիայի իշխանություններին սեփական պատմության հետ առերեսվելու կոչն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---