Էբոլան հասավ Եվրոպա. Ամերիկացի գիտնականների կանխատեսմամբ` շուտով վիրուսը կտարածվի նաև Ռուսաստանում

Էբոլան հասավ Եվրոպա. Ամերիկացի գիտնականների կանխատեսմամբ` շուտով վիրուսը կտարածվի նաև Ռուսաստանում

PanARMENIAN.Net - Ամերիկացի գիտնականները կանխատեսում են, որ մոտ օրերս մահաբեր էբոլա վիրուսը կարող է տարածվել Ռուսաստանում: 1% հավանականությամբ` Ռուսաստանում մահացու հիվանդությամբ վարակված առաջին մարդը կհայտնվի արդեն 2 շաբաթ անց: Մեկ ամիս անց հավանականությունը կաճի մինչև 5%:

Նման կանխատեսումներով են հանդես եկել Բոստոնի համալսարանի մասնագետները: Նրանց հաշվարկների համաձայն` էբոլան կներթափանցի Ռուսաստան Եվրոպայից իրականացվող չվերթների միջոցով: Ռուս բժիշկները ենթադրում են, որ ռիսկի գոտում առաջինը կհայտնվի բուժանձնակազմը:

«Բժիշկ վարակաբաններն ականապատ դաշտի վրայով են քայլում: Բուժանձնակազմը կարող է սխալվել: Հնարավոր է նաև լաբորատոր վարակում: Անհրաժեշտ է ունենալ հակաշիճուկների ռազմավարական պաշար կամ հակամամինների հիման վրա այլ դեղամիջոցներ, որոնք կկարողանան չեզոքացնել հարուցիչը: Ինչքան գիտեմ, Ռուսաստանում նման միջոցներ առկա են»,- պատմել է վիրուսների էկոլոգիայի հետազոտական կենտրոնի վարակաբանության լաբորատորիայի վարիչ Միխաիլ Շչելկանովը, հաղորդում է «Միր 24»-ը:

Միևնույն ժամանակ, Մակեդոնիայում մահացել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի, ենթադրաբար, Էբոլայի վիրուսի ախտորոշմամբ: Մինչ այդ` հոկտեմբերի 8-ի առավոտյան, Դալասի հիվանդանոցում մահացել է Էբոլա տենդով վարակված մեկ այլ տղամարդ: Թոմաս Էրիկ Դանկանի մահվան մասին հաղորդել է Տեխաս նահանգի առողջապահության նախարարությունը: 42-ամյա տղամարդը Էբոլա տենդի կասկածով հոսպիտալացվել է սեպտեմբերի 28-ին` Լիբերիա այցից հետո: Տղամարդն ավելի վաղ դիմել է բժիշկների օգնությանը, սակայն բուժանձնակազմը հրաժարվել է նրան հոսպիտալացնել:

Սերբիայում ավելի քան 700 մարդ Էբոլա վիրուսի պատճառով գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նրանցից 90-ը վերջերս է ժամանել այն վայրերից, որտեղ տարածված է Էբոլան, հաղորդում է ՏԱՍՍ-ը` հանրապետության առողջապահության նախարարությանը հղումով:

Էբոլա տենդի նախանշաններով քաղաքացի է հոսպիտալացվել նաև Պրագայում: Հիվանդանոցի ներկայացուցիչը նշել է, որ 56-ամյա տղամարդը վերջերս է վերադարձել Լիբերիայից: Նրա տվյալներն ուղարկվել են Բեռլին` ախտորոշման հաստատման համար: Սպասվում է, որ արդյունքը հայտնի կլինի ուրբաթ օրը:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանի մոտ 200 հավաքարար հրաժարվել է դուրս գալ աշխատանքի: Նրանք աշխատակազմի ղեկավարությունից պահանջում են ուժեղացնել Էբոլա տենդի տարածման դեմ պայքարի միջոցները: Աշխատակիցները կարծում են, որ պատշած ձևով պաշտպանված չեն հիվանդությամբ հնարավոր վարակումից: Մասնավորապես, նրանց իբրև թե չեն բաժանել համապատասխան ձեռնոցներ ու պաշտպանիչ դիմակներ:

«Մենք Էբոլա տենդով վարակվելու ռիսկի գոտում առաջինն ենք, քանի որ անդադար մաքրում ենք պետքարանները, աղբը թափում ու այլ նմանատիպ աշխատանք կատարում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ցուցարարներից մեկը:

Միևնույն ժամանակ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն ու Կանադան օդանավակայաններում Էբոլայի վարակի հայտնաբերման ստուգումներ են անցկացնում, հաղորդում է Facenews: Դեռևս ստուգելու են միայն Լիբերիայից, Սիերա Լիոնեից ու Գվինեայից ժամանողներին: Առաջնային ստուգումն իրականացվելու է ջերմաչափման տեսքով: Բացի այդ, այս երկրներից բոլոր ժամանողներին հարցնելու են` արդյոք շփվել են վարակակիրների հետ:

Ինչպես հայտնում է Dailymail-ը, մասնագետները կարծում են, որ Էբոլան կարող է տարածվել նաև օդակաթիլային ճանապարհով, ոչ թե միայն ուղիղ շփման միջոցով, իչպես պնդում էին ավելի վաղ:

Էբոլայի հեմորագիկ տենդի ախտանիշներն են`

Ինկուբացիոն կամ գաղտնի շրջանը տատանվում է մի քանի օրից մինչև 2-3 շաբաթ: Հիվանդության սկիզբը սուր է ընթանում, մարմնի ջորմությունը բարձրանում է մինչև 38-39 աստիճան, ուղեկցվում գլխացավով, փսխումներով, մարսողության խանգարմամբ: Առաջին օրերին հիմնականում արտահայտվում են անգինայի նախանշանները` նշագեղձերի բորբոքումն առաջացնում է «կոկորդում գնդի» տպավորություն: Հիվանդության սրման հետ առաջանում է չդադարող փխսում, ցավ փորի շրջանում ու դիարեա: Արագ զարգանում է հեմորագիկ համախտանիշը, առաջանում են մաշկային արնազեղումներ, ներքին արնահոսություններ, արյունոտ փսխումներ: Հաճախ հիվանդների մոտ դիտվում է ագրեսիայի ավելացում, որը երկար ժամանակ պահպանվում է նաև ապաքինման ու վերականգնման փուլում: Հիվանդության սկզբից մոտավորապես 4-6-րդ օրը հայտնվում է էկզանթեմա:

Մահացու ելքը, որպես կանոն, լինում է հիվանդության 25-րդ շաբաթի սկզբում: Հիմնական պատճառները` արյունահոսություն, ինքնաթունավորում, ինֆեկցիոն-տոքսիկ շոկ:

Ապաքինման դեպքում հիվանդության սուր փուլը դիտվում է 2-3 շաբաթ: Լիակատար ապաքինման շրջանը տևում է 2-3 ամիս: Ուղեկցվում է անարեքսիայով, մարմնի զանգվածի նվազմամբ, մազաթափությամբ, երբեմն նաև հոգեկան խանգարումների զարգացմամբ:

Հիվանդության ընթացքի կանխատեսումը ծայրահեղ անբարենպաստ է. տարբեր օջախներում մահացու ելքի հավանականությունը 50-ից 90% է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---