Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը 7,5 տարվա ազատազրկման է դատապարտվել

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը 7,5 տարվա ազատազրկման է դատապարտվել

PanARMENIAN.Net - Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել Վրաստանի արդարադատության նախարարության պատիժների կատարման դեպարտամենտի նախկին ղեկավար, պաշտպանության և ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայայի գործով:

Ինչպես հայտնում է «Նովոստի-Գրուզիան», Ախալայան մեղավոր է ճանաչվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 144-1 (կտտանքներ) և 333 (պաշտոնեական դիրքի չարաշահում) հոդվածներով դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման:

Նախկին բարձրաստիճան պաշտոնյան և նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի թիմի առանցքային դեմքերից մեկը դատապարտվել է այսպես կոչված «Նավթլուղի գործի» շրջանակում: 2006- թ. Թբիլիսիի արվարձանի Նավթլուղում երեք երիտասարդներ իբր ծրագրում էին բանտից իրենց հարազատների փախուստը: Հատուկ գործողությունն անցկացվել է այն ժամանակ Վրաստանի ՆԳՆ սահմանադրական անվտանգության դեպարտամենտի ղեկավար Դաթո Ախալայայի օրոք, Բաչոյի մասնակցությամբ: Գործողության ավարտին Ախալայա եղբայրները գնացել են բանտ, որտեղից նախատեսվում էր փախուստը, և ծեծի ու խոշտանգումների են ենթարկել կալանավորներին:

Ախալայա եղբայրները հայտնվեցին սկանդալի կենտրոնում նաև 2012-ին, երբ ի հայտ եկան Վրաստանի բանտերում տիրող անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների ու ծեծի մասին պատմող տեսանյութերը: 2013-ին Վրաստանում «երկիշխանության» ժամանակ, երբ Սահակաշվիլին դեռ նախագահ էր, սակայն խորհրդարանական ընտրություններում հաղթել էր ընդդիմությունը, Ախալայան դատապարտվեց 3 տարվա ազատազրկման, սակայն և անմիջապես ներում ստացավ նախագահի կողմից:

Նախօրեին հրապարակվեց Սահակաշվիլիի թիմի մեկ այլ ազդեցիկ պաշտոնյայի՝ նախկին վարչապետ ու ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի դատավճիռը: Նա դատապարտվեց երեք տարվա ազատազրկման 2006 թ. հունվարին Վրաստանի միավորված բանկի աշխատակից Սանդրո Գիրգվիլիանիի աղմկահարույց սպանության գործով: Նույն գործով է անցնում նաև Բաչո Ախալայայի եղբայրը՝ Դաթոն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---