9  23.10.14 - «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների դեմ բողոքի ցույց

«Ով հղիանա, ով բյուջե լցնի». Կանայք բողոքում են «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրենքում փոփոխությունների դեմ

«Ով հղիանա, ով բյուջե լցնի». Կանայք բողոքում են «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրենքում փոփոխությունների դեմ

PanARMENIAN.Net - «Իմ երեխային զրկում եք տակդիրից, որ ի՞նչ անեք», «Աշխատող կանայք պահանջում են իրենց գումարները», «Ով հղիանա, ով բյուջե լցնի» և այլ գրություններով պաստառներով մի խումբ կանայք հոկտեմբերի 23-ին դուրս էին եկել բողոքի ցույցի Կառավարության շենքի դիմաց. նրանք դժգոհում էին աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության կողմից «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրենքում և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների կատարման դեմ:

Կանայք Կառավարությանը նամակ են հանձնել, որտեղ անդրադարձել են այն բոլոր կետերին, որոնք իրենց կարծիքով խախտում են ՀՀ Սահմանադրությունը, մի շարք իրավական ակտեր և Հայաստանի կողմից ստանձնված մի շարք իրավական պարտականություններ:

Կառավարությունը սեպտեմբերի 25-ի նիստում հավանություն է տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որոնցով առաջարկվում է կրճատել երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (այսօր վճարվում է մինչև երեխայի 2 տարին լրանալը), ինչպես նաև հղիության և ծննդաբերության նպաստի չափը, դրա փոխարեն նպաստ տրամադրել չաշխատող մայրերին:

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Աննա Նիկողոսյանը նշել է, որ նամակը կառավարությանը կոչ է անում ձեռնպահ մնալ վերոնշյալ օրենքում մի շարք փոփոխություններ կատարելուց:

Քաղաքացիական նախաձեռնության անդամ Տաթևն էլ նշել է, թե Հայաստանում չի կարող ընդունվել մի օրենք, որը բացասական ազդեցություն կունենա թեկուզ մեկ-երկու կնոջ երեխա ունենալու որոշման վրա:

«Այս օրենքը ազդեցություն կունենա աշխատող կանանց որոշման վրա. մի քանի ամիս իրենց եկամուտը կկրճատվի: Բացի այդ, այստեղ խախտվում է կնոջ և տղամարդու հավասար աշխատելու հնարավորությունը: Կինը չպետք է զրկվի իր ամբողջ աշխատավարձից երեխա ունենալու համար: Այսինքն ստացվում է, որ զուտ ֆիզիոլոգիական խնդրից ելնելով, որ միայն կինը կարող է երեխա ունենալ, նա զրկվում է 4 ամիս իր ամբողջական աշխատավարձից»,-ասել է նա՝ հավելելով, որ Կառավարության մոտ բողոքի ակցիան պայքարի առաջին քայլն է:

«Ստորագրահավաք ենք սկսում, որ պարզ լինի, թե քանի քաղաքացի են դեմ, երկուշաբթի խորհրդարանական լսումներ են լինելու, կմասնակցենք ու մինչև վերջ կպայքարենք բոլոր հնարավոր օրինական ձևերով»,-ասել է Տաթևը, գրում է Tert.am-ը:

Ակցիայի մասնակիցների խոսքերով` աշխատող կանանցից «խլած» միջոցների հաշվին Կառավարությունը նախատեսում է վճարել մինչծննդաբերական և հետծննդաբերական նպաստ չաշխատող կանանց:

«Մենք ողջունում ենք Կառավարության՝ չաշխատող կանանց ծննդաբերության նպաստ վճարելու նախաձեռնությունը, սակայն գտնում ենք, որ այն չպիտի արվի աշխատող կանանց հաշվին. դա շատ մեծ խտրականություն է աշխատող և հարկ վճարող կանանց խավի նկատմամբ»,- նշել են ակցիայի մասնակիցները, փոխանցում է Panorama.am-ը:

Միևնույն ժամանակ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարել է, որ վերջին 4 տարում այս նպաստներից բխող ծախսերը պետական բյուջեով ավելացել են մոտ 3 անգամ:

Մասնավորապես, ըստ նախարարի, 2014-ին այդ ծախսերի համար նախատեսված էր 8,5 մլրդ դրամ` նախկին 4,5 մլրդ դրամի դիմաց, սակայն նախատեսվում է տրվող նպաստների քանակը տարեվերջին հասցնել 12 մլրդ դրամի:

Նախարարի խոսքերով` իրենք ուսուսմնասիրել են այն գործոնները, որոնք ազդեցություն ունեն կամ կարող են ունենալ այս ծրագրերի ֆինանսական ծախսերի վրա: Դրանք կարող են լինել ծնունդների քանակը, աշխատավարձերի բարձրացումը կամ հիվանդությունների ժամանակ բացակայությունների չափը:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս գործոնների հետ կապված 3 անգամ աճ չենք ունեցել: Փոխարենը աճել են դեպքերը, երբ մի շարք չաշխատող կանայք ծննդաբերությունից 1-2 ամիս առաջ ինչ-որ կերպ որևէ գործատուի մոտ ձևակերպվում են և գումար ստանում պետական բյուջեից: Եվ ստացվում է, որ այն գումարները, որոնք նախատեսված են պետական բյուջեով այդ ծրագրերի իրականացման համար, չեն բավարարում»,- ասել է նախարարը:

Ասատրյանը վստահեցնում է՝ եթե գործ ունենային ծնունդների աննախադեպ աճի հետ, ապա կառավարությունը մեծ ուրախությամբ բյուջետային միջոցների ավելացում կապահովեր, մինչդեռ ծնելիության մակարդակը չի բարձրացել, բայց ծախսերը ավելանում են մի քանի անգամ:

«Սա նշանակում է, որ մենք խնդիր ունենք անդրադառնալու այս ծրագրերի նպատակայնությանը, արդյունավետությանը: Ուստի այս խնդիրները վերլուծելուց հետո ներկայացվել է առաջարկություն, սակայն դրանք վերջնական լուծումներ չեն, դրանք առաջարկություններ են, որը մենք քննարկում ենք և պատրաստ ենք քննարկել մինչև կգանք ամբողջական, լիարժեք լուծումների»,- ասել է նա:

Նախարարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որևէ երկրում չկա անսահմանափակ չափով նպաստ: Այսինքն` հղիներն ու մայրերը ժամանակավոր անաշխատունակության դեպքում չեն ստանում իրենց աշխատավարձի 100 տոկոսանոց փոխհատուցում:

Արտեմ Ասատրյանն ընդգծել է՝ նախագիծը առաջին հերթին պետք է վերացնի առկա անարդարությունը:

«Եթե մի չաշխատող կին ծննդաբերությունից ամիսներ առաջ կարողանում է ձևակերպվել և նպաստ ստանալ, մեկ այլ չաշխատող կին էլ չի կարողանում այդ մեթոդներով ստանալ նպաստ, այստեղ առաջանում է անարդարության խնդիր»,-ասել է նա:

Ավելի վաղՕմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին` մատնանշելով հղիներին տրամադրվող պետական նպաստի կրճատում նախատեսող օրինագծի խնդրահարույց կետերը: Պաշտպանն առաջարկել է անցկացնել պատշաճ հանրային քննարկումներ շահագրգիռ կառույցների հետ և արդյունքում վերանայել նախագիծը:

Օրենքի նախագիծը կառավարության հավանությանն արժանանալուց հետո ներկայումս գտնվում է հանրային լայն լսումների փուլում:ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը հոկտեմբերի 18-19-ին անցկացված քննարկմումների ընթացքում ներկայացրել է օրենքում առաջարկվող լրացումները և փոփոխությունները, խոսել հղիության և ծննդաբերության նպաստների ուղղությամբ կատարված ծախսերի դինամիկայի, դրանց մակարդակի վրա սուբյեկտիվ գործոնների ազդեցության մասին:

«Մենք պետք է կարողանանք համատեղ ներկայացնել այն մտահոգություները, խնդիրներ, որոնք այս ընթացքում արձանագրվել են: Մենք բաց ենք հանրային քննարկման համար, բաց ենք լսել և ընդունել ողջամիտ առաջարկներ և այդ քննարկումներին նախատեսում ենք մասնակից դարձնել պատգամավորներին, խմբակցություններին, գործատուներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և բոլոր շահագրգիռ անձանց»,- ասել է նախարար Արտեմ Ասատրյանը:

Հոկտեմբերի 27-ին ժամը 14:30-ին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի վերաբերյալ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---