ԳԴՀ և ՀՀ ԱԳ նախարարները՝ ԼՂ հակամարտության ու հայ-թուրքական արձանագրությունների մասին

ԳԴՀ և ՀՀ ԱԳ նախարարները՝ ԼՂ հակամարտության ու հայ-թուրքական արձանագրությունների մասին

PanARMENIAN.Net - Գերմանիայի արտգործնախարարը հոկտեմբերի 23-ին Բաքվում կոչ է արել խաղաղ ճանապարհով կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Ըստ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, հակամարտող կողմերը պետք է «մի փոքր նահանջեն իրենց անզիջող դիրքերից», Deutsche Welle-ի փոխանցմամբ ասել է դիվանագետը:

Շտայնմայերը հույս է հայտնել, որ ամսվա վերջին Փարիզում Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ նախատեսված Սարգսյան-Օլանդ-Ալիև հանդիպմանը կհաջողվի առաջընթաց դրանցել ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում:

Միևնույն ժամանակ Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարն անհանգստություն է հայտնել օգոստոսին սահմանին ու շփման գծում զոհերի պատճառ դարձած բախումների կապակցությամբ:

Ավելի ուշ նախարարը պաշտոնական այցով ուղևորվել է Երևան, որտեղ հանդիպել է իր հայ գործընկերոջը։ Գերմանացի նախարարին ընդունել է նաև ՀՀ նախագահը, երկու հանդիպման ընթացքում էլ կողմերն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրին ու կարևորել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը։

Նախարարների բանակցություններին հաջորդած համատեղ ասուլիսին Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, կրկին անդրադառնալով Փարիզում եռակողմ հանդիպմանը, նշել է, որ շատերն են պատրաստակամություն ցուցաբերում կարգավորել հակամարտությունը, այդ թվում նաև հակամարտող կողմերը, գրում է Panorama.am-ը: Գերմանիայի ԱԳ նախարարը կարևորել է, որ երկու երկրի նախագահները պատրաստակամ են հանդիպել՝ ընդունելով Ֆրանսիայի նախագահի հրավերը: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ընդգծել է, թե ակնկալում է, որ առաջիկա հանդիպումն անարդյունք չի ավարտվի:

Մայիսին տարածաշրջան այցի ժամանակ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ պատրաստ է իր երկրում ընդունել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին ու ՄԽ համանախագահներին։ Այն մասին, որ Ֆրանսիայի նախագահը հոկտեմբերին Փարիզում կհանդիպի նախագահներ Սարգսյանին ու Ալիևին, սեպտեմբերի սկզբին հայտարարել էր Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն։

Էդվարդ Նալբանդյանն իր հերթին նշել է, որ Հայաստանը խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ անում է հնարավորը, ու պատրաստ է գնալ խնդրի կարգավորմանը եռանախագահող երկրների նախագահների ընդունած հայտարարությունների հիման վրա, մինչդեռ Ադրբեջանի կողմից մինչ օրս որևէ պատրաստակամություն չեն նկատել:

Պատասխանելով լրագրողների հարցերին, նախարար Նալբանդյանն անդրադարձել է վերջերս «Մարմարա» համալսարանում Էրդողանի արած հայտարարությանը, ըստ որի 1915-ի իրադարձություններն ուսումնասիրելու համար պետք է հիմնվել Թուրքիայի գրադարանների և արխիվների նյութերի վրա։

Ըստ Էդվարդ Նալբանդյանի, տարօրինակ է, որ թուրքական գրադարաններում կամ արխիվներում ցեղասպանությանը վերաբերող նյութերն իրենց բովանդակությամբ միանգամայն տարբերվրում են ամբողջ աշխարհի արխիվներում և գրադարաններում պարունակվող նյութերից։

«Եթե Թուրքիայում որոշում կայացնողները հիմնվում են նման նյութերի վրա, պատահական չէ, որ զրո խնդիրների քաղաքականությունը բերում է զրո արդյունքների»,- նշել է նա՝ հավելելով, որ իր գործընկերոջն է փոխանցել գերմանական արխիվներում գտնվող Հայոց ցեղասպանությունը վկայող մոտ 240 փաստաթղթից բաղկացած մի նոր հրատարակություն։

Գերմանացի լրագրողրի հարցին, թե արդյոք Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ հաշտեցման ինչ-որ նշաններ չեն ակնկալվում, նախարար Նալբանդյանը նշել է, որ նման նշաններ, ժեստեր ՀՀ-ն արել է:

«Միջազգային հանրության կողմից էլ նշվել է, որ գնդակը գտնվում է թուրքական դաշտում: Թուրքիան չհարգեց ձեռք բերված պայմանավորվածությունները, չվավերացրեց հայ-թուրքական արձանագրությունները»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը։

Նալբանդյանի խոսքով, դեռ 5 տարի առաջ են հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել, որը հարաբերությունները կարգավորելու, սահմանները բացելու հնարավորություն էր ընձեռելու. «Թուրքիան իր մեջ դրանք վավերացնելու ուժ չգտավ»:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարն էլ նշել է, որ իրենք հիշում են 1915-ին մեծ կոտորածի զոհ դարձած 1,5 մլն հայերի մասին: Ըստ նրա, թուրքական կողմի հետ զրույցներում հիշատակում են այն մասին, որ իրենք չեն լռել այն պատասխանատվության մասին, որ կրել են, մոռացության չեն մատնել սարսափելի իրադարձությունները:

«Այնպես չէ, որ ինքնուրույն, պատահաբար ստացվող իրադարձություն է: Հարևաններն էլ պետք է աջակցեն: Մենք պատրաստ ենք օգնողի դերում հանդես գալ, սակայն կա պատրաստակամություն, թե՝ ոչ, մեզանից կախված չէ: Ցանկության առկայությունը թե պատմական առումով, թե գիտական, պետք է այստեղ և Թուքիայում որոշվի»,- ասել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողով, Եկեղեցիների Համաշախարհային Խորհուրդը և այլն։ Գերմանիան այն երկրների շարքում է, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---