Սիրիական ազատ բանակի մարտիկները մտել են Կոբանի

Սիրիական ազատ բանակի մարտիկները մտել են Կոբանի

PanARMENIAN.Net - Սիրիայի ազատ բանակի (ՍԱԲ) մարտիկները մտել են իսլամիստների կողմից պաշարված քրդաբնակ Կոբանի քաղաքը օգնելու համար կազմավորումներին, որոնք պաշտպանում են քաղաքն իսլամիստներից:

Ըստ Sabah-ի, խմբում 50 մարտիկ կա: Ասվում է, որ նրանք հատել են սահմանը 8 ավտոմեքենայով «Մուրշիթպինար» սահմանակետի շրջանում:

Անկարայի պաշտոնական աղբյուրները չեն հաստատում և չեն հերքում տեղեկությունը:

Մինչդեռ, Իրաքյան Քրդստանից Թուրքիա ժամանած փեշմերգաների 200 մարտիկներ սպասում են Կոբանի մեկնելու հնարավորությանը: Նախօրեին նրանք ժամանել են Սիրիայի հետ սահմանին գտնվող Մարդին: Ամենուր նրանց դիմավորում էին տեղաբնակ քրդերի ցնծացող ամբոխները, որոնք ուրախ էին տեսնել երկար սպասված աջակցությունը: Որոշ վայրերում, օրինակ, Ղըզիլտեպե ավանում, ամբոխն այնքան բուռն էր արտահայտում իր ուրախությունը, որ ոստիկանությունը ստիպված եղավ ջրանետ մեքենաներ կիրառել ջոկատի երթուղին բացելու համար, հայտնում է Zaman-ը: «Իսլամական պետության» ահաբեկիչներն, իրենց հերթին, անսպասելի քայլ կատարեցին, ազատ արձակելով գերեվարված 13-14 տարեկան 25 քուրդ երեխաներին, հայտնում է Haaretz.-ը: Տեղեկությունը հաստատել է Կոբանիի տարածաշրջանի արտաքին գործերի տեղակալ Իդրիս Նասսանը, որը, սակայն, դժվարացել է բացատրել իսլամիստների դրդապատճառները: Նասսանը միայն ենթադրել է, որ դպրոցականների արձակումը կարող է իսլամիստների քարոզչական արշավի մաս լինել:

Սիրիական ռազմաճակատում հարաբերական անհաջողությունների ֆոնին իսլամիստներն ակտիվացել են հարավային (Բաղդադի) ուղղությամբ: Բացի այդ, գրավյալ տարածքներում իրագործվել է 30 գերի սունիների մահապատիժը, այդ թվում որոշ իրաքյան ցեղերի առաջնորդների, հայտնում է Fox News-ը: Հերթական զանգվածային մահապատիժը տեղի է ունեցել Ալ Բաքիր ավանում՝ Բաղդադից 85 մղոն հեռավորության վրա:

Հակաահաբեկչական կոալիցիայի հաջողությունները, մի քանի կարևոր քաղաքների գրավումը իրաքյան և քրդական ուժերի կողմից, Կոբանիի հաջող պաշտպանությունը կարող են պառակտում առաջացնել ԻՊ շարքերում, գտնում է Մերձավոր Արևելքի գծով գերմանացի փորձագետ Ուդո Շտայնբախը:

Ըստ նրա, վերջին ավիահարվածների արդյունքում ենթադրաբար ոչնչացվել է 30 մարդ, այդ թվում խմբավորման մի քանի առաջնորդներ, շաբաթ օրը քրդական զորքերը վերադարձրեցին հսկողությունն Իրաքի հյուսիսում գտնվող Զումար քաղաքի և մերձակա գյուղերի հանդեպ: Նույն օրը Իրաքի բանակի զինծառայողներն ու շիա ապստամբները հետ գրավեցին Բաղդադից 60 կմ հեռավորության վրա գտնվող Ջուրֆ ալ Սահար քաղաքը:

«Ես շրջադարձային եմ համարում այս պահը: ԻՊ գրոհայինների օգտին էր հանկարծահասության գործոնը, ինչը հիմա չկա»,-մեջբերում է փորձագետին ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ընդ որում, ԻՊ դիրքի սասանումը չի հանգեցնի իսլամիստ գրոհայինների անհետացմանը, խմբավորումը մի քանի ահաբեկչական խմբերի կբաժանվի:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---