Թուրքիան՝ 2015-ի շեմին. Կեղծելով պատմությունը

Թուրքիան՝ 2015-ի շեմին. Կեղծելով պատմությունը

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի վերջին աշխատանքային այցով Փարիզում էր, իսկ այցի օրակարգի կիզակետում՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Թուրքական մամուլի հաղորդմամբ՝ նախագահը պաշտոնական Փարիզին ցանկություն է հայտնել, որ վերջինս չեզոքություն դրսևորի: Դեռ ավելին. Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում իր ելույթի ժամանակ Էրդողանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ասել է, թե իբրև Հայաստանի հետ մեկ այլ ֆորմատում հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ քայլ անողը, ձեռք մեկնողը իրենք են եղել:

«2015 թվականին, այսինքն՝ 1915 թվականի դեպքերի հարյուրամյակին, մենք աշխարհին իրականությունը ներկայացնելու համար կշարունակենք ակտիվ ջանքեր գործադրել: Անկասկած այս հարցում ոչ թե հորինված, գաղափարախոսությանը գերի դարձած կամ էլ քաղաքական շահարկման առարկա դարձած պատմությունը, այլ իրական պատմությունն է հաղթելու: Հավատում ենք, որ այս հարցում Ֆրանսիան էլ կլինի ողջամիտ և իրական ճշմարտությանը կսատարի»,- նշել է Թուրքիայի նախագահը:

Ֆրանսիայում «իրական պատմության» մասին խոսող Էրդողանն անկասկած տեղյակ է նույն երկրի խորհրդարանում շրջանառվող Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մասին. դեռ կտեսնենք՝ վերջինիս ընդունումից հետո էլ է նույն եռանդով ժխտելու իրական պատմությունը, թե ոչ:

Այս ելույթով Էրդողանը կարծես վերջ դրեց ապրիլին սկսված խաղին, որտեղ փորձում էր հաշտեցման եզրեր գտնել ու Ցեղասպանության մեղքի մի մասն էլ բարդել հայերի վրա՝ խոսելով ընդհանուր ցավից, հաշտեցումից: Այս ելույթով պարզ դարձավ, որ Էրդողանը երբեք էլ ի սրտե ներողություն խնդրելու ու 1915-ին տեղի ունեցած Ցեղասպանության փաստն ընդունելու մտադրություն չի ունեցել: Դա խաղ էր, խայծ, որ հայերը կուլ չտվեցին: Իսկ եթե չստացվեց, պետք է վերադառնալ նախկին դիրքորոշմանն ու դեռ մի 100 տարի էլ ժխտել պատմությունը:

Ինչևէ, նախագահի ելույթը կարծես յուրատեսակ ազդանշան լիներ թուրքական լրատվականներին ու Ցեղասպանությունը մոլի ժխտողներին: Արդեն 5 օր է թուրքական մամուլը հեղեղված է հակահայ ու ժխտողական նյութերով:

Թուրքիայի մայր ընդդիմությունը` «Ժողովրդահանրապետական կուսակցություն»-ը, օրինակ, հայտարարեց, որ 2015-ի ապրիլին Ստամբուլում ծրագրել է անցկացնել 1915-ին նվիրված համաժողով, որին հրավիրված են լինելու հայտնի պատմաբաններ աշխարհի տարբեր երկրներից: Նախատեսվում է 5 ամսում 3 միջազգային կոնֆերանս անցկացնել: Բացի պատմաբաններից մասնակցելու են նաև մի շարք ականավոր քաղաքական ու պետական գործիչների թոռներ, ինչպես օրինակ` Չերչիլի թոռ Սիլյա Սենդիեսը, Էնվեր փաշայի թոռ Օսման Մայաթեփեքը, Քյազիմ Կարաբեքիրի թոռ Ֆիլիզ Հանըմը և այլք:

Նրանք նաև կոչ են արել հայերին գալ և մասնակցել ապրիլյան համաժողովին, լսել, թե «ինչ են պատմաբանները խոսում 1915-ի վերաբերյալ»: Ի դեպ, հրավիրվածների թվում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հետաքրքիր է, մի՞թե Թուրքիայում իրոք կարծում են, թե կարող են մեզ ինչ-որ նոր բան պատմել իրենց գործած Եղեռնի մասին: Հավանաբար կարող են. հատկապես Ցեղասպանության այն դրվագների մասին, որոնց ականատես ոչ մի հայ կենդանի չի մնացել: Բացի այդ, չմոռանանք, որ թուրքական արխիվները վաղուց«սրբագրել» են:

Օրերս մեկ այլ ուշագրավ ելույթի էլ ականատես եղանք. Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության ընկերության կազմակերպած համաժողովին հյուրընկալված փոխվարչապետ Յալչըն Աքդողանը պատասխանել է արտասահմանցի լրագրողների հարցերին՝ անդրադառնալով նաև հայկական թեմային:

Լրագրողներից մեկի հարցին, թե որոնք են Թուրքիայի անելիքները Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ, Աքդողանն անկասկած պնդել է, թե հայկական հարցի վերաբերյալ լուրջ «ապատեղեկատվություն» է տարածվում: Թուրք պաշտոնյայի խոսքով Թուրքիան այդ թեմայով ավելի լուրջ լոբբիստական աշխատանք պետք է տանի ու «հասարակական դիվանագիտություն» բանեցնի:

Հատկանշական է, որ նա անդրադարձել է նաև հայկական սփյուռքին՝ ասելով իբր Թուրքիան ջանքեր է գործադրել հայերի հետ հարաբերությունները կարգավորելու համար՝ նպատակ ունենալով օգնել «նեղության մեջ հայտնված հայերին»:

«Սակայն սփյուռքին այնքան էլ չի հետաքրքրում այն հանգամանքը, որ Հայաստանում մարդիկ վատ են ապրում ու Հայաստանի տնտեսությունը անկման է գնում»,- ասել է նա՝ հայերի հետ հարաբերությունների կարգավորման գլխավոր խոչնդոտը համարելով հենց սփյուռքը:

Այստեղ թույլ տվեք հարցնել թուրք պաշտոնյային. իսկ ինչի՞ արդյունքում է ձևավորվել հայկական բազմամիլիոն Սփյուռքը. հիշեցնեմ՝ նորագույն շրջանում հայկական Սփյուռքն առաջացել է նույն թուրքերի կողմից իրականացված Ցեղասպանության, ջարդի, բռնագաղթի ու հայրենազրկման արդյունքում:

Հայ գաղթականները, զրկվելով հայրենիքում ապրելու հնարավորությունից, սփռվեցին աշխարհի տարբեր երկրներում։ Հայ ժողովրդի կողմից կատարվածի ճակատագրական նշանակության գիտակցման արտահայտություններից է գաղթաշխարհի այդ՝ որակապես նոր տեսակի անվանումը «սփյուռք», որը հայերենում մինչ այդ չէր կիրառվել սեփական պատմության, տարբեր երկրներում գոյություն ունեցող հայ համայնքների նկատմամբ։

Էրդողանի փարիզյան այցից 1-2 օր անց ևս մեկ հակահայ հոդված հայտնվեց թուրքական մամուլում. հայկական հարցին էր անդրադարձել հայտնի լրագրող և BengüTürk հեռուստաընկերության տնօրեն Մուրադ Իդեն.

«2015-ի շեմին ենք:Հայաստանն ու հայկական լոբբին, հայկական սփյուռքն ու կազմակերպությունները պարապ չեն մնում: 1915-ի դեպքերի տարելիցին գուցե և ամբողջ աշխարհը ոտքի կանգնի… Իսկ մենք ի՞նչ ենք անում կամ ի՞նչ ենք անելու»,- գրում է նա՝ հավելելով, թե բավական չէ այն հանգամանքը, որ Թուրքիան այնպիսի իշխանություն ունի, որը դեմ չէ Հայաստանի հետ սահմանները բացելուն, անգամ կան լրագրողներ, որոնք այցելում են Լեռնային Ղարաբաղ: Դե իհարկե, 2015-ը պետք է կարողանալ օգտագործել, ու պաշտպանել «խեղճ, հալածված եղբայր Ադրբեջանին»: Բայց դե, ինչպես Էրդողանն է ասում՝ իրական պատմությունն է հաղթելու: Չեմ վիճում:

Հ.Գ. Երկու օր է համացանցը հեղեղված է Շառլ Ազնավուրի աղմկահարույց հարցազրույցով թուրքական ինչ-որ թերթի. նշվում է, թե Ազնավուրը թուրքական մրցանակաբաշխության դափնեկիր է դարձել, ու դրանից իբրև թե այնքան է ոգևորվել, որ հայտարարել է, թե պաշտում է թուրքերին ու ոչ մի վատ բան չի տեսնում Ցեղասպանության ժխտման մեջ: Բնականաբար, սա թուրքկան հերթական սուտն էր: Էլ չգիտեն ինչ անեն, որոշել են հետևել «եղբայր Ադրբեջանի» օրինակին ու հայտնի մարդկանց «շուրթերով» կեղծել պատմությունը:

Հ.Գ.2. ՀՀ արտգործնախարարությունն արդեն հերքել է լուրը. Շառլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել։

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---