Համաշխարհային բանկը ՀՀ-ին $75 մլն վարկ կտրամադրի

Համաշխարհային բանկը ՀՀ-ին $75 մլն վարկ կտրամադրի

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը նոյեմբերի 12-ին հաստատել է 75 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկի տրամադրումը Հայաստանին Զարգացման քաղաքականության երկրորդ գործառնության (ԶՔԳ) ներքո, որն ուղղված է գործարար միջավայրի, ֆինանսների, քաղաքացիական ծառայության, սոցիալական պաշտպանության, հանրային ենթակառուցվածքների և բնապահպանական ոլորտներում նախատեսվող բազմաբնույթ բարեփոխումների համար: Սա երեք ԶՔԳ-ի շարքի երկրորդ ծրագիրն է, որը կօգնի Հայաստանին իր ռազմավարական նպատակների իրականացման հարցում, մասնավորապես՝ աշխատատեղերի ստեղծման հարցում, որը զարգացման ճանապարհին Հայաստանի հիմնական մարտահրավերն է:

«Այս ԶՔԳ-ն նպատակն է նպաստել տնտեսական աճին և կայունությանը` օգնելով Հայաստանին կրճատել աղքատությունն ու խթանել ընդհանուր բարեկեցությունը, - ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին` հավելելով, որ աշխատատեղերի ստեղծումն այստեղ հույժ կարևոր է: Ծրագիրը նպատակ ունի հասնել աշխատատեղերի ստեղծման` մրցունակության ամրապնդման և հարկաբյուջետային, սոցիալական ու բնապահպանական կայունության մեծացման միջոցով»:

Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանի` ԵՏՄ անդամակցության արդյունքում Համաշխարհային բանկը իր վարած քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի կատարելու:

«Համաշխարհային բանկն իր հանձնառությունները` կապված քաղաքականության, ֆինանսական օժանդակություն տրամադրելու հետ, չի փոխելու»,- ասել է նա:

ՀԲ ներկայացուցչի խոսքով, իրենք կողմնակից են, որ Հայաստանն առևտրային հարցերում ճկունություն ցուցաբերի, գրում է Panorama.am-ը:

«Առանձին առևտրային պայմանագրերը, որ երկիրը կնքում է, որևէ կերպ փոփոխության չեն ենթարկում այն հանձնառությունները, որոնք մենք ստանձնել ենք երկրի ու ժողովրդի նկատմամբ»,- ասել է Լորա Բեյլին:

ԶՔԳ-ի ներքո աջակցություն կցուցաբերվի այն բարեփոխումներին, որ Կառավարության կողմից իրականացվում են հինգ հիմնական նպատակների ուղղությամբ`

1) Գործարար միջավայրի ամրապնդում տնտեսվարողների համար տեսչական ստուգումների բեռը նվազեցնելու, ինչպես նաև ապրանքների մաքսային ձևակերպումների համար մեկ պատուհանի մոտեցման կիրառման և ավիացիայի ոլորտում վերահսկողության նոր ինստիտուցիոնալ կառուցվածք ձևավորելու միջոցով, որը կմեծացնի թափանցիկությունը և կբարելավի հաշվետվողականությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում.

2) Վարկային ռեսուրսների հասանելիության բարելավում` ստեղծելով ժամանակակից դաշտ գրավով ապահովված գործառնությունների համար, որը թույլ կտա շարժական գույքն օգտագործել որպես գրավ` դրանով իսկ մեծացնելով վարկային ռեսուրսների հասանելիությունը.

3) Քաղաքացիական ծառայության նպատակային արդյունավետության ու թափանցիկության բարելավում կատարողական գործունեության գնահատման համակարգի ամրապնդման և էլեկտրրոնային կառավարման համակարգերի օգտագործման ընդլայնման միջոցով.

4) Սոցիալական պաշտպանության ընդլայնում բժշկական հաստատություններում համավճարի պահանջի չկիրառումը տարածելով Ընտանեկան նպաստի համակարգում ներառված տնային տնտեսությունների վրա.

5) Հարկաբյուջետային տիրույթի, հանրային ենթակառուցվածքների և բնական ռեսուրսների կառավարման բարելավում հիմնական հարկային ծախսերի վրա հարկային մուտքերի ազդեցության նախնական հաշվետվությունների ներկայացման, խմելու ջրի հետ կապված ոլորտային բարեփոխումների գործողությունների ծրագրի իրականացման, այդ թվում` նոր համապետական վարձակալության պայմանագրի, շրջակա միջավայի վրա ազդեցության գնահատման օրենքի ընդունման ու ընդերքի օգտագործման իրավունքների մասով բնապահպանական ու սոցիալական ուղենիշներին համահունչ «մեկ պատուհանի» մոտեցման կիրառման միջոցով:

«Զարգացման քաղաքականության այս գործառնության ներքո աջակցություն է ցուցաբերվում բարեփոխումների այնպիսի մի փաթեթի, որը կօգնի Հայաստանի տնտեսությանը ոչ կայուն ներհոսքերի ու ոչ արտահանելի ոլորտների վրա հիմնվելու փոխարեն անցում կատարել արտահանելի ճյուղերին ու ապահովել աշխատատեղերի ստեղծման ավելի բարձր ցուցանիշ, - ասել է Համաշխարհային բանկի ծրագրային թիմի ղեկավար Ուլրիխ Բարթչը` հավելելով, որ տնտեսության մրցունակությունը և ինքնաբավությունը մեծացնելու միջոցովօգնում են Հայաստանի կառավարությանը տնտեսությանը նոր լիցք հաղորդել:

Երկրորդ ԶՔԳ ներառում է 75 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ ՎԶՄԲ-ից` փոփոխական տոկոսադրույքով, 14,5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով և մարման 25 տարվա ժամկետով:

1992-ին Համաշխարհային բանկին, իսկ 1993ին ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցի կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է 2.036.73 մլն ԱՄՆ դոլար գումար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---