Խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը դեռ անհայտ է. ԵԱՀԿ մշտադիտարկում չի անցկացվել (թարմացված)

Խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը դեռ անհայտ է. ԵԱՀԿ մշտադիտարկում չի անցկացվել (թարմացված)

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18–ին ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը կրկին դիմել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությանը` խնդրելով միջնորդել նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված ԼՂՀ ռազմաօդային ուժերի ուղղաթիռի անձնակազմի անդամների աճյունների որոնման և դուրս բերման հետ կապված գործողությունների անցկացման հարցում։

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը նոյեմբերի 13-ին դիմել էր ԼՂ-ում ԿԽՄԿ առաքելությանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը հրետակոծության տակ է պահում ուղղաթիռի ընկնելու վայրը, թույլ չտալով հստակեցնել ուղղաթիռի անձնակազմի երեք անդամի՝ Սերգեյ Սահակյանի, Սարգիս Նազարյանի և Ազատ Սահակյանի ճակատագիրը։ Հանձնաժողովը խնդրել է ԿԽՄԿ օժանդակել ուղղաթիռի անձնակազմի գտնվելու վայրի ճշգրտման և նրանց վերադարձման հարցում։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին վերահաստատել է, որ պատրաստ է իր` անկախ միջնորդի ծառայությունները առաջարկել` ստանալով համապատասխան պաշտոնական հայտերը հակամարտության կողմերից. «Մենք հակամարտության կողմերի ղեկավարությունների հետ երկխոսության մեջ ենք»:

Միևնույն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն նոյեմբերի 19-ին ընդունել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու և դիակները վերադարձնելու ուղղությամբ ԵԱՀԿ-ի գործող նախագահի, ինչպես նաև ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից իրականացվող քայլերի համակարգմանն առնչվող հարցեր:

Նոյեմբերի 16-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը քննարկել է ԼՂՀ–ի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Անջեյ Կասպշիկը Ստեփանակերտում ցանկություն էր հայտնել մշտադիտարկումն անելիս նաև լինել այն վայրում, որտեղ խոցվել էր ուղղաթիռը։ Նոյեմբերի 18-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում պետք է անցկացներ Ասկերանի ուղղությամբ:

Սակայն, ինչպես հաղորդում է Kavkaz-uzel.ru-ն, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն Արցախի հանրային հեռուստատեսության հետ զրույցում հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն ԵԱՀԿ առաքելությանը երաշխիքներ չի տրամադրել ուղղաթիռի անկման վայրում զննում անցկացնելու համար, ուստի այդ պատճառով մշտադիտարկում չի անցկացվել:

Սեյրան Օհանյանը խնդրին անդրադարձել է նաև նոյեմբերի 18-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնի հետ հանդիպմանը:

Անդրադառնալով ուղղաթիռի խոցմանը` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ միջազգային հանրությունը պետք է ավելի շատ ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որը կոպտորեն խախտում է Ժնևյան կոնվենցիան, գրում է Tert.am-ը: Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում Շարմազանովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է քայլեր ձեռնարկի` պարզելու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը, սակայն, ըստ նրա, դրանք բացառապես կախված են Ադրբեջանի ղեկավարության պահվածքից:

Իսկ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն էլ Լատվիայի անկախության 96-ամյակին նվիրված միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, թե Ադրբեջանական կողմի դեպքում սովորական հարևան հասկացությունն անընդունելի է:

«Ի դեմս Ադրբեջանի, մենք գործ ունենք տեռորիստական պետության հետ»,- ասել է նա` հավելելով, որ Ադրբեջանի սիմվոլը Ռամիլ Սաֆարովն է, գրում է Panorama.am-ը:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:Ըստ նախնական տվյալների, անձնակազմի 3 անդամներից մեկը կարող է դեռ ողջ լինել, սակայն, ադրբեջանական կողմը, գնդակոծելով ուղղաթիռի կործանման վայրը, թույլ չի տալիս մոտենալ բեկորներին:Անձնակազմի հրամանատարան էր մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու անդամներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

Կարդացեք նաև`Նախագահը՝ խոցված ուղղաթիռի մասին. Բոլորս հիշում ենք ամեն ինչ, և հատուցման օրը գալու է

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---