Կրծքով կերակրելը խրախուսվում է. Օրինագիծն ընդունվեց միաձայն

Կրծքով կերակրելը խրախուսվում է. Օրինագիծն ընդունվեց միաձայն

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը նոյեմբերի 20-ի արտահերթ նիստում երրորդ ընթերցմամբ միաձայն` 98 կողմ, 0-ական դեմ և ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրինագծիը:

Այն ԱԺ շրջանառության մեջ է դրվել դեռևս 2011-ին: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կրծքով սնուցման խրախուսման նախաձեռնությունը Հայաստանում սկսվել է դեռևս 1993-ին: Ծրագիրը, որը 1994-ին հաստատվել էր ՀՀ ԱՆ կողմից, ենթադրում էր կրծքով սնուցման խրախուսման և աջակցման գործելակերպի խթանում բուժաշխատողների ու ծնողների շրջանում և հիմնարար կազմակերպա-կառուցվածքային փոփոխությունների իրականացում ծննդօգնության հաստատությունների մակարդակով: Ծրագրի առաջընթացը ակնհայտ էր, սակայն 2000-ին հաջորդող տարիների ցուցանիշի աճի տեմպերը զգալիորեն նվազել են, իսկ 2006-ին նկարագրվել է նույնիսկ որոշակի իջեցում: Մանկական սնունդ արտադրողները և բաշխողները, մանկական սննդի պահանջարկը մեծացնելու նպատակով, ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, օգտվելով օրենսդրության անկատարությունից կիրառում են խրախուսման և վաճառահանման այնպիսի եղանակներ, որոնք բացասաբար են ազդում կրծքով սնուցման ցուցանիշների վրա:

1981-ին ԱՀԿ-ն և ՅՈւՆԻՍԵՖ-ն ընդունել են «Կրծքի կաթի փոխարինողների վաճառահանման միջազգային օրենսգիրքը», որը խորհրդատվական և ոչ պարտավորեցնող բնույթ ունի, բայց կառավարությունները և կաթնախառնուրդ արտադրող ընկերությունները ստորագրել են այն: Օրենսգիրքը պարտադրում է, որ բոլոր մայրերը ճշգրիտ տեղեկատվություն ստանան կրծքով սնուցման առավելությունների և արհեստական սնուցումից բխող հնարավոր հիվանդությունների և բարդությունների մասին: Սույն օրենսգիրքը ադապտացրել և իրենց ազգային օրենսդրության մեջ են ներառել եվրոպական տարածաշրջանի երկրներից մեծամասնությունը: Հայաստանը նույնպես միացել է «Կրծքի կաթի փոխարինողների վաճառահանման միջազգային օրենսգրքին», սակայն միայն որոշ դրույթներ են ընդունվել «Գովազդի մասին» ՀՀ օրենքով, և որեւէ այլ ազգային օրենսդրություն, որը կապահովեր օրենսգրքի իրականացման անհրաժեշտ վերահսկում, դեռևս չի ընդունվել:

«Երեխաների կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթի ընդունումը նպատակ է հետապնդում կարգավորել երեխաների կրծքով սնուցման խրախուսման, մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության հետ կապված հարաբերությունները: Օրենքի ընդունմամբ նաև կկարգավորվեն մանկական սննդի և հարակից ապրանքների արտադրության, պիտակավորման, վաճառքի, բաշխման, գովազդի և որևէ այլ ձևով խրախուսման, ինչպես նաև դրանց մասին իրազեկման եւ տեղեկությունների տարածման հետ կապված հարաբերությունները:

Միավորված Ազգերի Կազմակերպության Հազարամյակի հռչակագրով սահմանված Հազարամյակի մարտահրավերների 8 նպատակներից 1-ը վերաբերում է մանկական մահացության նվազեցմանը: Հայաստանի ստանձնած պարտավորությունը` այն է նվազեցնել մանկական մահացությունը 2/3-ով, առկա ռեսուրսների պայմաններում գնահատվել է դժվար հասանելի, իսկ գործուն միջոցառումների բացակայության դեպքում այն կարող է գնահատվել նույնիսկ անհասանելի:

Բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ կրծքով սնուցման տարածումը կարող է աշխարհում տարեկան միլիոնավոր մանուկների կյանք փրկել: ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի գնահատականներով մինչեւ 6 ամսական տարիքը բացարձակ կրծքով սնուցում իրականացնելու դեպքում տարեկան կարելի է փրկել 1.3 մլն երեխա: Կրծքի կաթը գերադասելի է երեխային տրվող ցանկացած այլ սննդից, այն պարունակում է անհրաժեշտ սնուցողական նյութերը` լավագույն փոխհարաբերությամբ, ինպես նաեւ գործոններ, որոնք պաշտպանում են մանկանը հիվանդություններից: Հետազոտությունները ցույց են տվել, որ շշով սնվող մանուկները ավելի հաճախ են ծանր տարափոխիկ հիվանդություններով վարակվում եւ հիվանդանում: Կրծքով սնվող երեխաները շշով սնվողների համեմատությամբ 25 անգամ ավելի փոքր հավանականություն ունեն կյանքի առաջին երկու ամիսների ընթացքում փորլուծությունից մահանալու: Ալերգիաները, մաշկային հիվանդությունները, ասթման եւ շատ այլ հիվանդություններ ավելի քիչ են հանդիպում կրծքով սնվող երեխաների շրջանում: Բոլոր փաստերը վկայում են, որ մանուկները պետք է սնվեն կրծքով, սակայն 20 -րդ դարում կրծքով սնուցումն անկում է ապրել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---