Քուվեյթը հայտարարում է, որ ՕՊԵԿ-ը փորձում է կայունացնել նավթի գները 80 դոլարի սահմանում

Քուվեյթը հայտարարում է, որ ՕՊԵԿ-ը փորձում է կայունացնել նավթի գները 80 դոլարի սահմանում

PanARMENIAN.Net - Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) նոյեմբերի 27-ին Վիեննայում կայանալիք հանդիպմանը մտադիր է որոշում կայացնել, որը կհանգստացնի շուկաներն ու կնպաստի էներգակիրների գների կայունացմանը:

Այդ մասին, ըստ «Վեդոմոստի» հաղորդագրության, հայտարարել է Քուվեյթի Նավթի գծով բարձրագույն խորհրդի անդամ Աբդել Մաջիդ աշ Շաթթին: «ՕՊԵԿ շահերից է բխում ցույց տալ…, որ կազմակերպությունն աշխատում է…Արյժմ նրանք երկու ընտրություն ունեն՝ կամ կրճատել արտադրությունը, կամ թողնել նույն մակարդակում: ՕՊԵԿ-ի համար դժվար կլինի ասել. «Եկեք ամեն ինչ թողնենք ինչպես կա»: Արդյունքում որոշում կկայացվի, որը կնպաստի նրան, որ նավթի գործող գները նվազեն մինչև 80 դոլար մեկ բարելի դիմաց որոշ ժամանակի ընթացքում»,-հայտարարել է նա:

Պաշտոնյան հերքել է նավթի գնի նվազման քաղաքական դրդապատճառների վերաբերյալ հայտարարությունները: Ըստ նրա, նավթի գնանկումը հանգեցրել է տնտեսական ցուցանիշների նվազմանն ամբողջ Եվրոպայի տարածքում և աճի տեմպերի դանդաղեցմանը Չինաստանում: «Ոմանք պնդում են, որ Սաուդյան Արաբիան նվազեցնում է գները, վնասելու համար Ռուսաստանին և Իրանին: Սակայն, ես կասկածում եմ, որ սաուդիտները կարող էին նման քայլի դիմել»,- հայտարարել է նա:

Ա. Շաթթին կարծիք է հայտնել, որ ՕՊԵԿ-ը հազիվ թե կրճատի արտադրությունը: «ՕՊԵԿ բոլոր անդամները փորձում են պահպանել իրենց մասնաբաժինը: Այժմ փոխվել է շուկայի մոդելը՝ գներ հաստատելու փոխարեն, կողմերը փորձում են պահպանել սեփական մասնաբաժինը շուկայում»,-պարզաբանել է նրա:

Կտրուկ գնանկման խնդրի հնարավոր լուծման մասին հայտարարությունների ֆոնին նավթի գներն աճեցին. ըստ Bloomberg-ի, Brent տեսակի հունվարյան ֆյուչերսները սակարկվել են ICE Futures լոնդոնյան բորսայում 80.81 դոլարով՝ հինգ օրում գնաճը կազմել է 1,2 տոկոս: WTI նավթը թանկացել է 44 ցենտով՝ մինչև 76.95 դոլար մեկ բարելի դիմաց: Սակայն, եթե արդյունահանման կրճատման մասին համաձայնություն ձեռք չբերվի, գինը կարող է նվազել մինչև 60 դոլար մեկ բարելի դիմաց: Խուսափելու համար նման զարգացումից, անհրաժեշտ է կրճատել արդյունահանումն առնվազն օրական 1 մլն բարելով, գրում է Reuters-ը Lupus Alpha ներդրումային հիմնադրամի վերլուծաբան Դենիել Բաթի վրա հղումով: Ընդ որում, գործակալության զրուցակիցը հոռետեսորեն է գնահատում նման համաձայնագրի ձեռքբերման շանսերը, սակայն, եթե այն ընդունվի, գները կարող են բարձրանալ մինչև 85 դոլար մեկ բարելի դիմաց:

Ավելի վաղ ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ եթե նավթի գինը նվազի մեկ բարելի դիմաց 60 դոլարից, Ռուսաստանում ՀՆԱ անկում է սպասվում: «Եթե իրավիճակը վատթարանա, ապա 2015-ին նահանջն անխուսափելի կլինի: Եթե նավթի գինը նվազի մինչև մեկ բարելի համար 60 դոլար, ապա էկոնոմիկան աճի բացասական տեմպեր կունենա»,-հայտարարել է նա:

Նոյեմբերի 27-ին Վիեննայում տեղի կունենա ՕՊԵԿ հերթական գագաթնաժողովը, որի ժամանակ քննարկվելու է նաև նավթի արդյունահանման քվոտաների նվազեցման հարցը: Գործող քվոտան օրական մոտ 30 մլն բարել է: Կազմակերպության որոշ անդամներ՝ Վենեսուելան կամ Իրանը, ինչպես նաև դիտորդի կարգավիճակ ունեցող Ռուսաստանը, փորձում են պնդել, որ արդյունահանումը նվազեցվի՝ գների աճին նպաստելու համար: Արաբական երկրներն ավելի վաղ հայտարարել էին, թե մտադիր չեն նվազեցնել արդյունահանումը՝ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ պատրաստ է մեկ բարելի դիմաց 80 դոլար գնին երկու տարվա ընթացքում: Իսկ Քուվեյթը հայտարարել էր, որ պատրաստ է հանդուրժել նույնիսկ 76-77 դոլարը մեկ բարելի դիմաց:

Գնանկման վրա ազդում է, մասնավորապես, ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ծավալների աճն ու սպառման նվազումը: Գնանկումը ձեռնատու է արաբական երկրներին՝ նվազում է այլընտրանքային ամերիկյան թերթաքարային նավթի շահութաբերությունը, նոր-նոր պատժամիջոցներից ձերբազատվող Իրանի եկամուտներն են պակասում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ մեկ բարելի գնի նվազումը մեկ դոլարով կրճատում է Ռուսաստանի եկամուտը եկու միլիարդ դոլարից:

Եվրոպան, հակառակը, գնանկումից շահում է: Եթե ցածր գները պահպանվեն, ԵՄ-ն մինչև 25 մլրդ դոլար կտնտեսի արդեն այս տարի, ներկրումը տարեսկզբից կազմել է 475 դոլար: Եթե նավթի գինը մեկ բարելի դիմաց շարունակի 80 դոլարի շեմից ցածր մնալ նաև 2015-ին, նավթի ներկրումը ԵՄ կնվազի մինչև 425 մլրդ դոլար տարեկան կտրվածքով: Դա 80 մլրդ քիչ է եվրոպական նավթային ներկրումից 2013-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---