Բայդենի այցը Թուրքիա. «Հին բարեկամների» հանդիպումը, 135 մլն դոլարն ու բողոքի ցույցերը

Բայդենի այցը Թուրքիա. «Հին բարեկամների» հանդիպումը, 135 մլն դոլարն ու բողոքի ցույցերը

PanARMENIAN.Net - ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը նոյեմբերի 23-ին ավարտեց իր եռօրյա այցը Ստամբուլ, ուր ժամանել էր Կիևից մեկշաբաթյա շրջագայության շրջանակում: Նա դարձավ ԱՄՆ վարչակազմի առաջին բարձրաստիճան ներկայացուցիչը, որն այցելում է Թուրքիա Էրդողանի նախագահ ընտրվելուց հետո:

Բայդենի ծրագիրը Ստամբուլում հագեցած էր: Առաջին դեմքերի, այդ թվում վարչապետ Ահմեդ Դավութօղլուի, հետ հանդիպումներից բացի, ԱՄՆ փոխնախագահը մասնակցեց Էներգետիկայի և էկոնոմիկայի հարցերով ատլանտյան խորհրդի նիստին: Նրա եվրոպացի մասնակիցներին Բայդենը կոչ արեց մտածել էներգակիրների առաքումների դիվերսիֆիկացիայի մասին: «Մենք վաղուց արդեն հասկացել ենք, որ միակ առաքչի դեպքում խնդիրներ են առաջնում: Սակայն, ես չեմ ասում, թե Եվրոպան կարող է կամ պետք է ընդմիշտ հրաժարվի ռուսական ներկրումից: Ռուսաստանը կարող է և պետք է դերակատարություն ունենա, սակայն նա պետք է պահպանի խաղի կանոնները»,-ասել է նա:

Իսկ առանցքային թեման, որ ԱՄՆ փոխնախագահը քննարկել է Թուրքիայի ղեկավարության հետ, իրավիճակն էր Սիրիայում, որտեղ Վաշինգտոնն ու դաշնակիցները պայքարում են «Իսլամական պետության» ծայրահեղականների հետ: Ձևականորեն Թուրքիան միացավ կոալիցիային դեռ հոկտեմբերի սկզբին, երբ կառվարությունը ստացավ խորհրդարանի համապատասխան թույլտվությունը: Սակայն ձևաչափը, որով Անկարան պատրաստ է մասնակցել գործողությանը, մինչ օրս պարզ չէ, գրում է «Կոմերսանտը»:

Առաջինը, սիրիական սահմանին մոտ գտնվող ռազմակայանն Ինջիրլիկում այդպես էլ չհանձնվեց Վաշինգտոնի տնօրինությանը ԻՊ դիրքերին ավիահարվածների նպատակով, ուստի նրանք ստիպված են այլընտրանք որոնել ի դեմս Հորդանանի և Պարսից ծոցի միապետությունների: Երկրորդը, չիրականացվեցին պայմանավորվածություններն այն մասին, որ սիրիական չափավոր ընդդիմության մարտիկները նախապատրաստում կանցնեն Թուրքիայի տարածքում: Դա ձեռնատու է նաև ԱՄՆ-ին:

Թուրքիայի ղեկավարությունն այլ կերպ է ընկալում իրավիճակը: Այնտեղ համոզված են, որ Թուրքիայի ավանդը սիրիական ճգնաժամի հանգուցալուծման մեջ հսկայական է թեկուզ այն պատճառով, որ նա ընդունել է մոտ 1,6 մլն փախստական: Իր բեռը թեթևացնելու համար Անկարան առաջարկում է վերաբնակների համար բուֆերային գոտի ստեղծել Սիրիայի տարածքում, սակայն ԱՄՆ-ն զուսպ է վերաբերվում այդ առաջարկին:

Երկու պետությունների առանցքային տարաձայնությունը հիմնականում կապված է Սիրիայի ռեժիմի հետ: «Թուրքիան առաջնային է համարում Բաշար Ասադի պաշտոնանկության հարցը, Վաշինգտոնի համար առաջնային է պայքարը ծայրահեղական իսլամիստների դեմ,-պարզաբանել է Թուրքիայի Էկոնոմիկայի և տեխնոլոգիաների TOBB համալսարանի դոցենտ Թոգրուլ Իսմաիլը: Անկարայում մտավախություն ունեն, որ Ասադի բանակը կգրավի Հալեպն ու փախստականների նոր հոսք կլինի դեպի Թուրքիա արդեն այնտեղից»:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ավարտին Ջո Բայդենը հայտարարեց, որ «Սիրիայի հումանիտար կարիքների» համար կհատկացնի 135 մլն դոլար: Գումարի մի մասը, ըստ փոխնախագահի, կհատկացվի Թուրքիայում փախաստականների ճամբարների համար:

Բայդենը հայտնեց, որ խոսակցությունը «հին բարեկամ Էրդողանի հետ» կառուցողական ստացվեց, և որ իրենք քննարկեցին համատեղ աշխատանքը սիրիական ընդդիմության չափավոր թևի հետ, ինչպես նաև իշխանափոխության հեռանկարներն այդ երկրում, այլ մանրամասներ փոխնախագահը չհայտնեց: Ըստ այլ տվյալների, ոչ մի կոնկրետ բանի մասին կողմերը չեն պայմանավորվել:

Մինչդեռ, նոյեմբերի 22-ին Ստամբուլի բնակիչները դուրս էին եկել բողոքի ցույցի Բայդենի այցի դեմ: Ինչպես հայտնում է Umma.ua-ն Radikal թերթի վրա հղումով, հանրահավաքի մասնակիցները կոչ էին անում Բայդենին «դուրս կորչել երկրից» ու չմիջամտել իրավիճակին Մերձավոր Արևելքում: Ըստ աղբյուրի, բողոքի ակցիան կազմակերպվել էր Թուրքիայի Երիտասարդների միության աջակցությամբ: Մոտ 300 ցուցարար երթով անցավ Ստամբուլի փողոցներով Թաքսիմ հրապարակից մինչև Գալաթասարայի շրջանը: Ցուցարարները թուրքական դրոշներ էին կրում ու հակաամերիկյան կարգախոսներ:

Երթի ավարտին տեղի ունեցավ հանրահավաք, որտեղ Երիտասարդների միության ղեկավար Չաղդաշ Ջենգիզը ցուցարարների անունից հայտարարեց, որ երկրի բնակիչները չեն ցանկանում, որ ԱՄՆ կառավարությունը միջամտի տարածաշրջանի և երկրի ներքին գործերին: «Այս ակցիայով մենք ցանկանում ենք գրավել համաշխարհային հանրության ուշադրությունը, ինչպես նաև զգուշացնել ամերիկացիներին: Բավ է փորձել ղեկավարել Մերձավոր Արևելքը և պատերազմ բորբոքել մահմեդական աշխարհում: Մենք բողոքում ենք ոչ միայն Թուրքիայի անունից, այլ նաև Իրաքի, Սիրիայի, Աֆղանստանի, Լիբիայի և այլ պետությունների, որոնք տառապում են այպես կոչված «ամերիկյան դիվանագիտությունից»: Մենք թույլ չենք տա, որ այդ իրադարձությունները կրկնվեն երկրում»,-ասել է Ջենգիզը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---