Հարություն Խաչատրյանի ֆիլմը հաղթել է Թուրինի կինոփառատոնում

Հարություն Խաչատրյանի ֆիլմը հաղթել է Թուրինի կինոփառատոնում

PanARMENIAN.Net - Թուրինում ավարտվել է 32-րդ Միջազգային կինոփառատոնը: Վավերագրական ֆիլմերի մրցույթում ժյուրին լավագույնն է ճանաչել է Հարություն Խաչատրյանի նոր աշխատանքը՝ «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմը: Ինչպես գրում է «Կոմերսանտ»-ը, թեման, որին ռեժիսորն արդեն բազմիցս անդրադարձել է, աշխարհով մեկ սփռված հայերի ճակատագիրն է: Կարգախոսների լեզվով ասած. հե՞շտ է արդյոք հայ լինելը:

«ԽՍՀՄ փլուզումից, Ադրբեջանի հետ հակամարտությունից ու Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո արտագաղթի նոր փուլ սկսվեց հայերի շրջանում: Ֆիլմը նրանց մասին է, ով անցել է դրա միջով, վերապրել է այդ փորձը, ֆիլմն աչքի է ընկնում բազում կինեմատոգրաֆիական արժանիքներով»,-գրում է պարբերականը:

Ֆիլմին հաղթանակ շնորհելու ժյուրիի որոշման մեջ նշվում է «իրականության հետ առնչվելու գրեթե ֆիզիկական զգացողությունը», մարդու միայնությունն արտահայտող կերպարների գեղեցկությունն ու իր ժողովրդի մի մասը լինելու նրա մղումը:

Ֆիլմի անոտացիայից. «1988-1990 թթ. երեք իրադարձություն ցնցեց Հայաստանը՝ սարսափելի երկրաշարժը, ղարաբաղյան հակամարտությունն ու ԽՍՀՄ փլուզումը: Արդյունքում բնակչության մի մասը հեռացավ հայրենի հողից: Ռեժիսորը հետևել է արտագաղթածներից ոմանց ճակատագրին և հոգեցունց էպիկական պատմություն ներկայացրել անհնազանդ մարդու և անգերազանցելի պատմիչի մասին»:

Խաղարկային մրցութային ծրագրի գլխավոր մրցանակին արժանացավ ռեժիսոր Ժան-Շառլ Յուի ֆրանսիական «Կեր քո ոսկորները» ֆիլմը: Ֆրանսիական ֆիլմը լավագույնն էր մրցութային ծրագրում, որն այս տարի հարուստ չէր բացահայտումներով: Հիմնականում արծարվեցին «հե՞շտ է արդյոք երիտասարդ լինելը» թեմայի տաբեր վարկածները: Ֆիկմում խոսքը գնում է սնիշերի ընտանիքի մասին: Սնիշերը այսպես կոչված սպիտակ գնչուներն են, քոչվոր մի պոպուլացիա, որը բնակվում է Հռենոսի ափամերձ երկրներում և ևս մեկ խնդրահարույց երանգ է հավելում եվրոպական բնապատկերին: Երբ ավագ եղբայրը դուրս է գալիս բանտից և նստում է BMW-ի ղեկին նոր արկածներ որոնելու մղումով, նա անխուսափելիորեն վարքագծի մոդել է դառնում կրտսեր եղբոր՝ Ջեյսոնի համար: Սակայն դեռ 18-ը չբոլորած տղան պատրաստվում է մկրտություն ընդունել՝ կյանքի մասին երկու ճշմարտությունների միավորումն ուժերից վեր է նրա համար, ինչն էլ հանգեցնում է լուրջ աշխարհահայացքային դրամայի:

Նույն թեմայի առավել համակրելի տարբերակներից էր ռեժիսոր Դավիդե Մալդեի իտալական «Աղմուկը» ֆիլմը, որն առանձնանում է շարադրման ժամանակակից ոճով, գրեթե զերծ է սյուժեից և կառուցված է երաժշտական սինկոպների վրա: Ռեժիոսորը գրեթե իրական ժամանակի ռեժիմով է հետևում երկու հերոսի՝ տղայի և աղջկա զուգահեռ գոյությանը: Տղան լեռնային մի գյուղակի բնակիչ է, օտարացած համադասարանցիներից, որն առաջին իսկ հնարավորության դեպքում դնում է ականջակալները, կարծես այդ «զրահով» տարանջատվելով շրջապատից ու սուզվելով սեփական գաղտնի աշխարհը՝ տեխնո երաժշտության աշխարհը: Աղջիկն ապրում է հարևան Պիստոյա քաղաքում, որին հինավուրց գեղեցկությունն անտարբեր է թողնում երիտասարդներին, և նույնպես ձգտում է ինքնաարտահայտվել երաժշտության միջոցով՝ ելույթ ունենալով փանկ-համույթում:

Մրցույթի մյուս բևեռում է նորզելանդական «Ի՞նչ ենք անում ստվերում» ֆիլմը, որի հեղինակներն են Ջեյմեն Քլեմենթն ու Թայկի Վայթիթին: Նրա հերոսների՝ չորս անբանների համար, որոնք միասին բնակարան են վարձակալում Վելինգտոնում, դժվար է լինել կամ թվալ երիտասարդ՝ գիշերային կյանքը վայելելու նպատակով գրշերային ակումգները գրոհելիս: Խնդիրն այն է, որ իրականում նրաք շատ ավելի մեծահասակ են, օրինակ, Վլադիսալավը 850 տարեկան է, կարճ ասած, բոլոր չորսը ստաժով վամպիրներ են: Նրանց խնդիրներն այնքան էլ հասկանալի չեն հասարակ մահկանացուներին: Տեղ-տեղ ծիծաղելի, երբեմն էլ բթամիտ վամպիրական կատակերգությունը հայտնի չէ, թե ինչպես է հայտնվել այս մրցույթում, բայց բազմազանություն է հաղորդել նրան:

Մրցութայիններից ամենահոջղվածներից էր հունգարական «Ինչ-որ անհասկանալի պատճառով» Գաբոր Ռեիսի ֆիլմը, որն արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին ու նաև հանդիսատեսի համակրանքի մրցանակին: Գլխավոր հերոսը՝ Ահարոնը 30-ամյա մի անբան է, որը ոչ մի կերպ չի կարողանում դուրս պրծնել ծնողների հոգածությունից և մեծին վայել կյանք սկսել: Նույնիսկ աշխատանքի տեղավորման համար ներկայացված ռեզյումեն նրա համար մայրիկն է գրել, իսկ Ահարոնի ամենաինքնուրույն արարքը գարեջուր ու ֆինական օղի խմելն է, իսկ հետո համացանցով Լիսաբոնի տոմս պատվիրելը: Զգացվում է պրոդյուսերի ուղղորդիչ ձեռքը՝ հունգարական կինոն չի կարող մեր օրերում հեղինակային լինել, այն կոչված է զվարճացնելու և դեպրեսիայից երիտասարդներին հանելու, ինչը շատ է տարածված հունգարացիների շրջաբնում:

Թուրինի միջազգային կինոփառատոնը հիմնվել է 1982 թվականին, անցկացվում է իտալական Թուրին քաղաքում ամեն տարի:Փառատոնը հեղինակություն է ձեռք բերել 1990-ականներին Ալբերտ Բերբերի գլխավորությամբ, որը հետագայում դարձավ Վենետիկի կինոփառատոնի ղեկավարը:

Նախկինում փառատոնն անցնում էր Riposi կինոթատրոնում, սակայն հրդեհից հետո այն տեղափոխվեց Lingotto հսկայական առևտրի կենտրոնի Pathe մուլտիպլեքս: Որոշ ժամանակ անց փառատոնը կրկին վերադարձավ քաղաքի կենտրոն:

Photo: Moscowfilmfestival.ru
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---