Բաքվում փակվել է անկախ ինտերնետ-հեռուստատեսության բյուրոն

Բաքվում փակվել է անկախ ինտերնետ-հեռուստատեսության բյուրոն

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին փակվել է ադրբեջանական անկախ ինտերնետ-հեռուստատեսության Meydan-TV Բաքվի բյուրոն:

Meydan-TV-ի ղեկավարությունը հիմնավորել է այդ քայլը խոսքի ազատության բացակայությամբ Ադրբեջանում և իր աշխատակիցների անվտանգությունն ապահովելու անկարողությամբ: Meydan-TV-ն հիմնվել էր արևմտյան ՈԿԿ-ների փողերով այժմ Գերմանիայում բնակվող Էմին Աբդուլլաևի կողմից, որն աշխատում էր Միլլի կեղծանունով: Ինքն Էմին Միլլին արդեն մի անգամ կալանավորվել է խուլիգանության համար, որը, սակայն, հատուցում էր բլոգերի գործունեության համար, մասնավորապես, տեսահոլովակի, որը երգիծական ոճով քննադատում է իշխանություններին հարյուր հազարավոր դոլարներ բյուջեից վատնելու համար:

Հեռուստաալիքը պարբերաբար լուսաբանել է կոռուպցիոն գործարքները կառավարությունում և Ադրբեջանի ուժային կառուցյներում և մարդու իրավունքների սիստեմատիկ խախտումները երկրում:

2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: ՈԿԿ գործունեության վերաբերյալ մի շարք օրենքներում ուղղումներ արվեցին: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:

2014-ի հունիսին ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Ռասուլ Ջաֆարովը Վեհաժողովին ներկայացրեց զեկույց` Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Ստրասբուրգից Ադրբեջան վերադառնալուց հետո Ջաֆարովը ձերբակալվեց։ Մեկ այլ հայտնի իրավապաշտպան՝ Ինթիգամ Ալիևը ևս ձերբակալվեց ԵԽԽՎ-ում հանդիպումներից հետո, որտեղ նա ևս քննադատում էր Ադրբեջանի իշխանություններին՝ մարդու իրավունքների ցածր մակարդակի և հասարակական կազմակերպությունների գործունեությանը խոչընդոտելու համար։

Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար:Լեյլա Յունուսը Բաքվի Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն է, զբաղվում է քաղբանտարկյալների պաշտպանությաբ, ինչպես նաև Հայաստանի հետ երկխոսության հաստատման ու ժողովրդական դիվանագիտության նախաձեռնողներից է, ինչն էլ առիթ հանդիսացավ նրան պետական դավաճանության մեջ մեղադրելու համար:Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ:

Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---