Սահմանամերձ Վահան գյուղի մանկապարտեզը կապահովվի այլընտրանքային էներգիայով

Սահմանամերձ Վահան գյուղի մանկապարտեզը կապահովվի այլընտրանքային էներգիայով

PanARMENIAN.Net - Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել և ներկայացրել են «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում համատեղ իրականացվող ծրագրերից ևս մեկի արդյունքները: Նախագծի շրջանակներում սահամանամերձ Վահան գյուղի մանկապարտեզում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ: Դրա գործարկման աշխատանքներին հետևել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Վահան համայնքի ղեկավար Գուրգեն Բալյանը և համայնքի բնակիչները, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Այս գյուղի անունը համապատասխանում է սահմանամերձ իր դիրքին և բնակիչների դրսևորած հերոսությանը. Վահանը Հայաստանի հյուսիսարևելյան վահանն է: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռազմավարության հիմքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հեռավոր գյուղերն ուշադրության կենտրոնում պահելու պատասխանատվությունը: Այլընտրանքային էներգիայով աշխատող ջրատաքացուցիչ համակարգը կարևոր է ոչ միայն հարմարավետության տեսանկյունից` տաք ձմեռ անցկացնելու իմաստով, այլև շահեկան է տնտեսական առումով` ֆինանսական ծախսերը նվազեցնելու առումով: Այսօրինակ ծրագրերը արդարացված են նաև բնապահպանական տեսանկյունից: Ուրախ եմ, որ մենք կարող ենք թեթևացնել մեր հայրենակիցների սոցիալական բեռը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ադրբեջանի հետ 28կմ ընդհանուր սահման ունեցող Վահան գյուղն ունի 1228 բնակիչ: Գյուղի մանկապարտեզի երկհարկանի շենքը կառուցվել է վաթսունականների վերջում: Այսօր մանկապարտեզն ունի 42 սան և 11 հիմնական աշխատող:

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակներում ջրատաքացուցիչ համակարգը միացվել է մանկապարտեզի ջեռուցման և տաք ջրի մատակարարման համակարգին, որի միջոցով ցերեկային ժամերին ամբողջությամբ անվճար սկզբունքով ջեռուցվում և տաք ջուր է մատակարարվում մանկապարտեզին: Մանկապարտեզն աշխատում է ցերեկային ժամերին, իսկ գիշերն անհրաժեշտ է լինում ապահովել միայն ջեռուցում, որպեսզի համակարգը չսառչի: Այս ամենի արդյունքում հնարավոր է լինում առնվազն 60%-ով տնտեսել գազի սպառումն ու կրճատել ծախսը:

Արևային ջեռուցման և ջրատաքացուցիչ համակարգն ունի ջրատաքացուցիչ 6 կոլեկտոր, յուրաքանչյուրը՝ վակուումային 30 խողովակով (ընդհանուր՝ 180 հատ): Հայաստանում, ի դեպ, 70մմ տրամագծով վակուումային խողովակներն առաջին անգամ են գործարկվում (մինչ այժմ շահագործվող խողովակների տրամագիծը չի գերազանցել 58մմ-ը) և առավել արդյունավետ են: Վակուումային մեկ խողովակի երկարությունը 2.1մ է: Համակարգն ունի նաև 500 լիտր տարողությամբ երկկոնտուր ջերմափոխանակիչ բաք, ինչպես նաև ղեկավարման համակարգ` իր պոմպով: Մանկապարտեզում տեղադրված արևային ջրատաքացուցիչը ջեռուցման էներգաարդյունավետ և բնապահպանական տեսանկյունից արդարացված միջոց է: Այս համակարգը ձմռանը 50-60%-ով նվազեցնում է ջեռուցման ծախսը, իսկ ամռանը` 100%-ով տաք ջրի ծախսը:

«Այլընրանքային էներգիա» ծրագրի նպատակն է կանխարգելել շրջակա միջավայրի աղտոտումը` հնարավորություն ընձեռելով օգտագործել այլընտրանքային էներգիայի աղբյուրներ: Տասն ամիս տևողությամբ ծրագիրը, որն իրականացվելու է Գեղարքունիքի (Վահան և Ծովագյուղ) և Արարատի (Պարույր Սևակ, Շաղափ, Լանջանիստ և Ուրցաձոր) մարզերի վեց համայնքներում, պարունակում է երկու բաղադրիչ` դասընթացներ տեղաբնակների համար և աջակցություն` համայնքներին այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման բնագավառում (արեգակնային ջեռուցման համակարգ, էլեկտրական ցանկապատեր, LED փողոցային լուսավորություն): Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը հավակնում է դառնալ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում: Կողմերը մեծապես կարևորում են բնության պահպանության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը, որն իր հերթին կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը և համայնքների զարգացմանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---