ՀՀ որոշ բանկեր $1-ը վաճառում են 515 դրամով. Ըստ տնտեսագետի` դրամի արժեզրկումը կայունանում է

ՀՀ որոշ բանկեր $1-ը վաճառում են 515 դրամով. Ըստ տնտեսագետի` դրամի արժեզրկումը կայունանում է

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկը այսօր՝ դեկտեմբերի 15-ին, 4 մլն դոլարի վաճառք է իրականացրել՝ 1 դոլարի դիմաց 494.46 դրամմիջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը 1 դոլարի դիմաց կազմել է 493.00 դրամ: Միևնույն ժամանակ, ԿԲ-ն 1 դոլարի դիմաց սահմանել է 471,78 դրամ, ինչը նախորդ ցուցանիշից ավելի է 8,97 կետով:

Ըստ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի, տեղի է ունենում այն, ինչ կանխատեսել էին դեռ մեկ շաբաթ առաջ` իրավիճակը կայունանում է, քանի որ եթե նախորդ շաբաթ ԿԲ-ն ամեն օր վաճառում էր 6 մլն դոլար, ապա այսօր արդեն 2 մլն-ով պակաս էր:

«Մենք դեռ նախորդ շաբաթ էինք կանխատեսում, որ այսպես երկար շարունակվել չի կարող, և խուճապն անտեղի էր: Կենտրոնական բանկը որդեգրեց մի քաղաքականություն, որով դոլարային ռեսուրսները հասանելի է դարձնում բոլոր բանկերին»,- PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց նա` շեշտելով, որ վիճակը գնում է դեպի կայունացում:

Ըստ Մանասերյանի, արտարժույթի փոխարժեքի տատանումը աստիճանաբար պայմանավորված կլինի ոչ թե խուճապով, այլ կձևավորվի ըստ շուկայում առկա պահանջարկի.

«Մեզ համար կարևոր է, որ կայունացումը տոների նախաշեմին է տեղի ունենում, ինչը հիմք է տալիս կանխատեսել, որ 2015-ին, եթե տնտեսության դրական միտումները շարունակվեն, և ԵՏՄ անդամակցումն էլ լինի ի շահ ՀՀ-ի, չենք բացառում նաև հակառակ գործընթացը. կարող է դիտվել դրամի արժևորում»,- նշեց տնտեսագետը` հավելելով, որ դա մեկ-երկու օրում չի լինի, այլ հավանաբար կդիտվի հունվար-փետրվար ամիսներին, իհարկե, եթե արտաքին գործոններն ավելի զորեղ չլինեն:

Դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը վերջին շրջանում դրամի փոխարժեքի արժեզրկումը կապել էր համաշխարհային, տարածաշրջանային և ներքին զարգացումների հետ: Նա նշել էր, որ ԱՄՆ տնտեսության զարգացումների ներքո զարգացող և զարգացած երկրներում արժույթի արժեզրկում է գրանցվել:

Ըստ ԿԲ նախագահի, ԱՊՀ երկրների վրա այս ամենի ազդեցությունը բազմապատկվել է տարածաշրջանային աշխարհաքաղաքական խնդիրներով և նավթի գների անկմամբ, արտաքին ճնշումներից անմասն չի մնացել նաև Հայաստանը: Դրանք, ըստ Ջավադյանի, նպաստել է ՀՀ-ում տնտեսավարող սյուբեկտների այն վարքագծին, որ ազատ դրամական և վարկային միջոցները սկսել են վերածել արտարժույթի` դրա հետևանքով դրամով լրացուցիչ օգուտներ ստանալու ակնկալիքով:ԿԲ նախագահը միաժամանակ նշել էր, որ նման վիճակը չի կարող երկար տևել, քանի որ Հայաստանում վարվող մակրոտնտեսական քաղաքականությունը խելամիտ է և, հատկապես` գնաճի, պետբյուջեի պակասուրդի, արտաքին պահուստների, արտաքին պարտքի և բանկային համակարգի ցուցանիշները գտնվում են կայուն և վերահսկելի մակարդակներում:

Դեկտեմբերի 15-ին` ժամը 17:00-ի դրությամբ՝ մեկ դոլարի առքի նվազագույն գինը 475 դրամ է, առավելագույնը՝ 496, վաճառքի նվազագույն արժեքը 490 դրամ է, առավելագույնը` 515: Միջին փոխարժեքն է 487,98` առքի և 499,81դրամ վաճառքի դեպքում: Ըստ Rate.am-ի ռուսական ռուբլու առքի նվազագույն արժեքն է 7,70 դրամ, վաճառքինը՝ 8,51 դրամ, առքի առավելագույն փոխարժեքը՝ 8,33դրամ, վաճառքինը՝ 9.20 դրամ:

Նոյեմբերի 24–ին Հայաստանում դոլարի փոխարժեքը, նոյեմբերի 21–ի ցուցանիշի համեմատ, բարձրացավ 16,6 կետով և 1 դոլարի դիմաց կազմեց 435 դրամ` թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ Միաժամանակ արդեն դեկտեմբերի 2–ի դոլարի փոխարժեքն ավելացավ 7,07 կետով և կազմեց 442,33 դրամ, և դեկտեմբերի 6-ին հասել է 447,86 դրամի։ԿԲ–ի հայտարարության համաձայն` Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կայունացումը թելադրված է ազգային արտահանման մրցունակության բարձրացմամբ և արժութային պահուստների պահպանման անհրաժեշտությամբ։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---