Ինչո՞ւ է արգելվում երրորդ երկրներից ԵՏՄ կազմում ՀՀ որոշ ապրանքատեսակների ներկրումը

Ինչո՞ւ է արգելվում երրորդ երկրներից ԵՏՄ կազմում ՀՀ որոշ ապրանքատեսակների ներկրումը

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանել է դեկտեմբերի 25-ին ՀՀ կառավարության ընդունած որոշումը, որով ԵՏՄ շրջանակում Հայաստանի կողմից երրորդ երկրների հանդեպ արտաքին առեվտրի որոշակի սահմանափակումներ կկիրառի:

Դրա համաձայն, որպես ԵՏՄ անդամ Հայաստանի տարածք չի կարող ներկրվել գրենլանդական փոկի կաշի, օզոնային շերտը քայքայող նյութեր ու նման նյութեր պարունակող արտադրանք, փայտանյութ, վերամշակված թուղթ, ստվարաթուղթ, մակուլատուրա, ծառայողական և քաղաքացիական զենք, նրա հիմնական մասերն ու փամփուշտները:

Արգելված է նաև վտանգավոր թափոնների ներմուծումն ու տեղափոխումը մաքսային տարածքով: Կարգելվի նաև ԵՏՄ տարածքում արգելված տեղեկատվություն պարունակող տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների ներմուծումն ու տարածումը: Արգելված ապրանքների ցանկում են նաև ջրային կենդանիների արդյունահանման համար նախատեսված միջոցները:

Ինչպես նշվում է պարզաբանման մեջ, Հայաստանի կողմից ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառումը բխում է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի համապատասխան դրույթներով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից:

Մասնավորապես` «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով նախատեսվում են որոշակի սահմանափակումներ և արգելքներ երրորդ երկրից ԵՏՄ երկրներ ներմուծելու և ԵՏՄ երկրներից երրորդ երկիր որոշակի ապրանքախմբեր արտահանելու համար:

Այդ սահմանափակումները արտահայտվում են նրանով, որ մի շարք առանձնահատուկ ապրանքախմբերի համար երրորդ երկրից դեպի ԵՏՄ ներմուծումը և (կամ) ԵՏՄ-ից դեպի երրորդ երկիր արտահանումն արգելվում է, իսկ սահմանափակման ենթակա ապրանքների նկատմամբ պետք է իրականացվի լիցենզիաների կամ թույլտվությունների հիման վրա, որոնք պետք է տրամադրեն տվյալ երկրի համապատասխան լիցենզավորող մարմինները: Այդ սահմանափակումները կրում են պարտադիր բնույթ և դրանք պետք է կիրառվեն ԵՏՄ անդամ բոլոր պետությունները` առանց բացառությունների: Արգելքները կամ սահմանափակումները մասնավորապես վերաբերում են քաղաքացիական և ծառայողական զենքի, թմրանյութերի, վտանգավոր թափոնների, հազվագյուտ կենդանիների ու բույսերի և այլ առանձնահատուկ ապրանքատեսակների նկատմամբ:

Նշված կարգավորումները կիրառվում են ԵՏՄ անդամ պետությունների շուկայի, տեղական արտադրողի, պետության, շրջակա միջավայրի, մարդկանց անվտանգության պաշտպանության ապահովման, միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով և ուղղված են ԵՏՄ անդամ պետությունների կողմից միասնական ու հավասարակշռված արտաքին տնտեսական քաղաքականության իրականացմանը: ԵՏՄ ապրանքախմբերում ընդգրկված զգալի մասով ապրանքների նկատմամբ Հայաստանում սահմանափակումներ կիրառվել են մինչ ԵՏՄ անդամակցումը, այդ թվում նաև միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների կատարման համար:

Այդ միասնականությունն ապահովելու համար Հայաստանի կառավարության որոշմամբ սահմանվել են յուրաքանչյուր ապրանքախմբի մասով ՀՀ լիազոր պետական կառավարման մարմիններ (լիազոր մարմիններ), որոնք պետք է համակարգեն յուրաքանչյուր ապրանքախմբի մասով լիցենզավորման գործընթացը: Դրա հետ մեկտեղ նույն որոշմամբ հաստատվել են արգելքների և սահմանափակումների ենթակա ապրանքախմբերի ցանկերը և սահմանափակման ենթակա ապրանքախմբերի արտահանման կամ ներմուծման համար լիցենզիաների կամ թույլտվությունների ստացման ընթացակարգերը:

Լիազոր մարմինների կողմից կհաստատվեն այդ ապրանքախմբերում ներառված ապրանքների ցանկերն ըստ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի և լիցենզավորման ընթացակարգերը, որտեղ հստակ նկարագրված կլինի լիցենզավորման ամբողջ գործընթացը (ներկայացվող փաստաթղթերի անվանումները, ներկայացման վայրը, լիցենզիաների կամ թույլտվությունների տրամադրման ժամկետներն ու պայմանները):

Նշված ցանկերն ու ընթացակարգերը կհաստատվեն տվյալ ոլորտը համակարգող լիազոր մարմնի գերատեսչական իրավական ակտով, որտեղ մանրամասն կնշվի նաև, թե որ ապրանքախմբերի նկատմամբ են սահմանված սահմանափակումներ միայն արտահանման կամ ներմուծման համար և որ ապրանքների նկատմամբ` արտահանման և ներմուծման համար:

Նշված ցանկերում հաշվի են առնվել ԵՏՄ անդամ պետությունների ներքին շուկայի պաշտպանման առանձնահատկությունները և սահմանվել կարգավորման միջոցներ, որոնք կիրառվում են միայն կոնկրետ տվյալ պետության համար: Մասնավորապես` արգելվել է Ղազախստանից որոշակի կոնկրետ տեսակի փայտանյութի արտահանումը:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Ինտրիգը պահպանվեց մինչև վերջ. Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանը հայտարարեց 2013-ի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ արդեն 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում է Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով: Այդ մասին խոսեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Նազարբաևն առաջարկեց Հայաստանին միանալ Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները նամակ են ստացել Իլհամ Ալիևից համապատասխան խնդրանքով: Արդյունքում պայմանագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվեց:

Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ին՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում վավերացվելուց հետո:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---