ՆԱՏՕ-ում սկսել են խոսել Ռուսաստանի հետ գործակցությունը վերսկսելու մասին

ՆԱՏՕ-ում սկսել են խոսել Ռուսաստանի հետ գործակցությունը վերսկսելու մասին

PanARMENIAN.Net - Մոսկվայի հետ պրակտիկ գործունեության ոլորտում ավելի քան 9-ամսյա դադարից հետո ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ պատրաստակամ են ահաբեկչության խնդիրներին աշխարհում դիմակայել Ռուսաստանի հետ: «Կարևոր ենք համարում, որ Ռուսաստանը, մեր ամենամեծ հարևանը Եվրոպայում, և ՆԱՏՕ-ն միասին աշխատեն կարևոր ուղղություններով, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարում»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:

Հայտարարությունն արվել է մի շարք արևմտյան երկրների հատուկ ծառայությունների հաղորդագրությունների ֆոնին այն մասին, որ Եվրոպային ահաբեկչությունների նոր ալիք է սպառնում, և ողբերգական իրադարձությունները Փարիզում դա են գուժում: ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը տեղեկացել է այդ մասին գաղտնալսելով ջիհադիստական խմբավորումների առաջնորդների բանակցությունները: Ըստ բրիտանական MI5-ի ղեկավար Էնդրյու Փարկերի, «Ալ Քայիդայի» և «Իսլամական պետության» նպատակը զանգվածային զոհերն են, հարձակումները տրանսպորտային ենթակառուցվածքների ու Եվրոպայի տեսարժան վայրերի վրա: Մասնավորապես, ԻՊ գրոհայինները, այդ թվում 600 բրիտանացիներ, որոնք կռվել են կամ կռվում են Սիրիայում նախագահ Բաշար Ասադի հակառակորդների կողմից, մտադիր են օգտագործել սոցցանցերը դրդելու համար ՄԹ քաղաքացիներին բռնության:

Մինչդեռ Պենտագոնում որոշել են պահպանել ռազմակայանների քանակը Եվրոպայում, տնտեսելու համար տարեկան մինչև 500 դոլար: Խոսքը 15 օբյեկտների մասին է, որոնք կվերադարձվեն եվրոպական երկրների օգտագործմանը: ԱՄՆ ՊՆ ղեկավարի միջազգային անվտանգության գծով օգնական Դերեկ Շոլլեն շտապել է հանգստացնել եվրոպացիներին, որ վերակազմավորումը չի անդրադառնա ամերիկյան զինծառայողների մարտական պատրաստականությանը տարածաշրջանում:

Մինչդեռ Չինաստանը զորացնում է մրցակցությունն ԱՄՆ հետ Լատինական Ամերիկայում ազդեցության համար: Ելույթ ունենալով Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի շուրջ 33 երկրների առաջնորդների առջև, որոնք առաջին անգամ հավաքվել էին Պեկինում, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը խոստացավ, որ 10 տարում իր երկիրը մտադիր է 250 մլրդ ներդրում կատարել տարածաշրջանում իր ազդեցության ամրապնդման շրջանակում, որտեղ տևական ժամանակ իշխել է ԱՄՆ-ն: Ըստ նրա, համաժողովը Պեկինում «հեռուն գնացող հետևանքներ կունենա Հարավ-Հարավ ուղղությամբ գործակցության զարգացման ու աշխարհի բարգավաճման համար»: Ինչպես արդեն հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, նրան հաջողվել է ստանալ Չինաստանից 20 մլրդ ներդրումների հավաստիացում:

Տարածաշրջանում Վենեսուելայի գլխավոր դաշնակից Կուբան ԱՄՆ հետ համաձայնեցրել է դիվանագիտական հարաբերությունների մասին բանակցությունների վերսկսման ամսաթիվը: ԱՄՆ Պետդեպի Լատինական Ամերիկայի բաժնի ղեկավար Ռոբերտ Ջեյկոբսի գլխավորած պատվիրակության այցը Հավանա նախատեսված է հունվարի 21-22, հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին: Դրանից մի քանի ժամ առաջ Կուբայի իշխանություններն ազատ են արձակել 5 ընդդիմադիրների: Ընդհանուր առմամբ ազատվել է 36 այլախոհ: Համարվում է, որ նրանք բոլորը 53 կուբացիների այն ցուցակում էին, որոնց ազատագրումն էր պահանջում ԱՄՆ-ն Վաշինգտոնի ու Հավանայի միջև կես դար առաջ խզված հարաբերությունների վերսկսման գործընթացի շրջանակում:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ում չէին բացառում Վլադիմիր Պուտինի պաշտոնանկությունը ՌԴ նախագահի պաշտոնից: Բարձրաստիճան փորձագետներն արդեն քննարկում են «Պուտինից հետո» դարաշրջանի սցենարները: Նման տեղեկատվություն է հրապարակել գերմանական Bild-ը:

Արևմտյան ռազմավարները կարծում են, որ պատժամիջոցների ու կորուստների պատճառով հզոր օլիգարխների կողմից ճնշումը Պուտինի հանդեպ 2015-ի ավարտին այնքան կուժգնանա, որ նա ուղղակի ստիպված կլինի հեռանալ պաշտոնից, գրում է Bild-ը: Նոր միջոցների անհրաժեշտություն կառաջանա, որը պարբերականը անվանում է «վերբեռնում Ռուսաստանի փրկության համար»:

Ըստ Bild-ի, Պուտինի պաշտոնանկության հնարավորությունը չի բացառվում նաև գերմանական կառավարական շրջանակում: Մասնավորապես, թերթը հղում է կատարում բունդեսթագի պատգամավոր Կառլ Գեորգ Վելմանին, որը համարում է, որ տնտեսական ու հասարակական ճգնաժամը ՌԴ-ում գնալով ավելի վտանգավոր է դառնում Պուտինի շրջապատի համար:

Ըստ արևմտյան փորձագետների, արդեն 2015-ին Ռուսաստանի ՀՆԱ-ն կնվազի 4,5 տոկոսով:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---