«Ոսկե գլոբուսի» հաղթողները հայտնի են. Boyhood-ը լավագույն ֆիլմ է ճանաչվել

«Ոսկե գլոբուսի» հաղթողները հայտնի են. Boyhood-ը լավագույն ֆիլմ է ճանաչվել

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում հունվարի 11-ի երեկոյան հանձնել են «Ոսկե գլոբուս»-ները: Սա Հոլիվուդի օտարերկրյա մամուլի ասոցիացիայի (HFPA) 72-րդ մրցանակաբաշխությունն էր: Ամենաշատ՝ 7 անվանակարգում առաջադրված էր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտույի Birdman-ը:

Մրցանակաբաշխությանը լավագույն դրամատիկ ֆիլմ է ճանաչվել Ռիչարդ Լինքլեյթերի Boyhood-ը, որի նկարահանումները սկսվել էին դեռ 2002-ի ամռանը: Կինոկնարը հնարավորություն է տալիս ծնունդից ի վեր հետևել մարդու զարգացմանը՝ թե ինչպես է երեխան տարեցտարի մեծանում, ինչպես նաև ծանոթանալ նրա ծնողների կյանքին ու, առհասարակ, շրջակայքում փոփոխություններին: Նկարահանումների սկզբում գլխավոր դերակատար Էլար Քոլթրեյնը 7 տարեկան էր, երբ դրանք ավարտվեցին՝ 18:

Բացի այդ, Ռիչարդ Լինքլեյթերը նաև «Լավագույն ռեժիսոր» է ճանաչվել:

«Լավագույն սցենար» անվնակարգում հաղթել է Birdman-ը: Ֆիլմում սյուժեի կենտրոնում նախկին դերասան է, որը ժամանակին խաղացել է հայտնի սուպերհերոս Բերդմենի դերն ու հիմա, ոտնահարելով իր «ես»-ը, որոշում է իր նախկին ճանաչումն ու փառքը հետ բերելու համար մասնակցել Բրոդվեյի նոր բեմադրությանը: Բացի այդ մրցանակից, գլխավոր դերակատար Մայքլ Քիթոնն արժանացել է «Լավագույն կատակերգու դերասանի» կոչմանը: Մրցանակ են ստացել նաև սցենարիստներ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, Նիկոլաս Ջիակոբոնեն և Ալեքսանդր Դինեարիս կրտսերը:

«Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում հաղթել է Ուես Անդերսոնի Hotel Grand Budapesht-ը, որը նախորդ տարի բացում էր Բեռլինի կինոփառատոնը:

Այն պատմում է լեգենդար կոնսյերժ Գուստավի ու նրա կրտսեր ընկերոջ՝ Զերո Մուստաֆայի արկածների մասին: Հյուրանոցի աշխատակիցները Վերածնունդի դարաշրջանի անգին կտավների գողության, հարուստ ընտանիքի հսկայական ժառանգության համար պայքարի, ինչպես նաև Եվրոպայում XX դարի արյունալի պատերազմների միջակայքում Եվրոպայում դրամատիկ փոփոխությունների ականատես են դառնում: Իմիջիայլոց, նկարահանումներն Ուես Անդերսոնն անցկացրել է Սաքսոնիայի Գյորլից քաղաքում տեղակայված Karstadt հին ունիվերմագում: Գլխավոր դերն ի սկզբանե պետք է կատարեր Ջոնի Դեպը, որը հետագայում դուրս է մնացել նախագծից:

Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Լևիաֆան»-ը «Լավագույն օտարալեզու ֆիլմ» է ճանաչվել: Կինոնկարը պատմում է հյուսիսում ապրող Նիկոլայի մասին, որը հոր հետ միասին տուն ու արհեստանոց է կառուցում: Բայց նրա սովորական կյանքը ճակատարգրի հեգնանքով «քանդվում է»...

«Լևիաֆան»-ը Զվյագինցևի ամենամարդաշատ ֆիլմն է: Կենտրոնական հերոսները 8-ն են, իսկ ընդհանուր առմամբ ֆիլմում ավելի քան 15 հերոս կա, որոնք աստիճանաբար ներգրավվում են սյուժեի մեջ: Ֆիլմը նաև Ռուսաստանի կողմից «Օսկարի» է առաջադրվել:

Մրցանակաբաշխությունում «Լավագույն դրամատիկ դերասանուհի» է ճանաչվել Ջուլիանա Մուրը Still Alice ֆիլմում գլխավոր դերի համար, իսկ լավագույն դերասան՝ Էդի Ռեյդմանը The Theory of Everything-ում դերի համար: Լավագույն կատակերգու դերասանուհի է ճանաչվել Էմի Ադամսը Big Eyes-ում դերի համար:Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Պատրիցիա Արքեթը Boyhood-ում դերի համար, իսկ դերասան՝ Ջոնաթան Քիմբլ Սիմոնսը՝ Whiplash-ում դերի համար:

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» է ճանաչվել How to Train Your Dragon 2-ը: Կինոմատոգրաֆում իր ներդրումի համար Սեսիլ Բ. ԴեՄիլի անվան մրցանակի է արժանացել Ջորջ Քլունին:

«Ոսկե գլոբուս» մրցանակը հանձնում են 1944-ից: Օտարերկրյա մամուլի ասոցիացիայի կազմում մոտ 90 միջազգային լրագրող կա, որոնք աշխատում են Հոլիվուդում: Այս մրցանակաբաշխությունն «Օսկարից» հետո երկրորդ ամենակարևորն է համարում, ու շատերն այն «Օսկարի փորձ» են անվանում:

Photo: Reuters, AFP
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---