«Ծղոտե տիկնիկներ». Նոր ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին

«Ծղոտե տիկնիկներ». Նոր ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - Ծնունդով Նյու Ջերսիից կինոռեժիսոր Ջոն Միլանոն ավարտել է 1915-ի Հայոց ցեղասպանության մասին «Ծղոտե տիկնիկներ» ֆիլմի նկարահանման աշխատանքները: Ինչպես հայտնում է The Armenian Weekly պարբերականը, ռեժիսորն ընդգծել է, որ թեման իրեն հոգեհարազատ է, քանի որ մեծացել է Նյու Ջերսիում՝ ուժեղ հայկական համայքնի հետ:

«Ուզում եք ընդունեք, ուզում եք՝ ոչ, բայց ձեր ընկերները մեծ ազդեցություն են ունենում ձեզ վրա: Եվ չնայած այդ մշակույթի կրողը չեմ, բայց ընդունում և հասկանում եմ այն: Ֆիլմերը միշտ հակասական են, եթե մարդիկ դարձնում են դրանք այդպիսին: Թուրքիայի կառավարությունը չի ընդունում այդ դաժանությունը, բայց մենք այս ֆիլմը նկարահանում ենք ոչ թե բողոքելու Թուրքիայի կառավարության դեմ, այլ նեկայացնելու այն պատմությունը, որ Հոլիվուդը հրաժարվում է պատմել», - ասել է Միլանոն:

Նա նաև նշել է, որ ցանկացել է պատմական փաստերի վրա հիմնված ֆիլմ նկարահանել: «Մենք շատ քիչ կրեատիվություն ենք դրել այս ֆիլմի մեջ, որպեսզի այն միայն ճշմարտությունը ներկայացնի: Այդ պատճառով էլ ֆիլմի նկարահանումները 2 տարի են տևել», - նշել է ռեժիսորը:

Ֆիլմը նկարահանվել է հարյուրավոր ամսագրերի, լուսանկարների, վերապրածների հարցազրույցների և ակադեմիական գրքերի հետազոտության հիման վրա: Եվ երբ «Պատմություններ, որ իմ հայրն այդպես էլ չավարտեց» գրքի հեղինակ Դուգլաս Քալաջյանը միացավ ֆիլմի պատրաստման աշխատանքներին, թիմը կարողացավ բացահայտել հազվագյուտ պատմություններ, որոնք առանձնանում էին դաժանությունների մեջ:

Ֆիլմի գլխավոր դերերում են իրանահայ դերասանուհի Մերի Էպիկը և Մարկո Խանը (Խանյան), ինչպես նաև բազմաթիվ երտասարդ հայ դերասաններ: Միլանոն ասել է, որ դերասաններին գտնելուց հետո հաջորդ գործը Հարավային Կալիֆորնիայում Հայաստան գտնելն էր:

«Մենք չէինք էլ սպասում, որ դա հեշտ է լինելու, բայց չէինք էլ կարծում, որ այսքան երկար կտևի: Լոս ԱՆջելեսի ամբողջ շրջանն ուսումնասիրելուց հետո փնտրտուքներն ընդլայնվեցին դեպի քաղաքի հյուսիսը: Մենք եղել ենք բազմաթիվ ագարակներում, բայց դրանք կամ մեր պահանջներին չէին բավարարում, կամ էլ շատ թանկ էին: Եվ վերջապես գտանք Սիմի Հովիտը»:

Այստեղ են նկարահանվել Քվենթին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգոն» և Ջոն Լի Հենքոքի «Փրկել պարոն Բենքսին» ֆիլմերը:

Շնորհանդեսը կայանալու է 2015-ի ապրիլի 24-ին՝ Լոս Անջելեսում և Երևանում:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---