Օբամա. Վետո կդնեմ Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանող Կոնգրեսի ցանկացած նոր օրենքի վրա

Օբամա. Վետո կդնեմ Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանող Կոնգրեսի ցանկացած նոր օրենքի վրա

PanARMENIAN.Net - Իրանի հետ միջուկային նյութերի օգտագործման վերաբերյալ համաձայնագրի կնքումը հարցականի տակ է, սակայն նոր պատժամիջոցներն անիմաստ են, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ Կոնգրեսին հասցեագրված «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձում:

Ըստ ԱՄՆ նախագահի, վերջին տասնամյակում առաջին անգամ առաջընթաց է գրանցվել Իրանի հետ բանակցություններում, գրում է Russia Today-ը:

«Այդ պահից ի վեր և մինչև գարուն համապարփակ համաձայնության գալու շանս կա, որը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունեցող երկիր դառնալ»,-հայտարարել է Օբաման: Սակայն նա անմիջապես էլ հավելել է, որ «բանակցությունների հաջող ավարտի երաշխիքներ չկան» և ինքը «պատրաստի է պահում բոլոր միջոցները, որոնք թույլ չեն տա Իրանին միջուկային տերություն դառնալ»:

Նա հորդորել է ԱՄՆ Կոնգրեսին ձեռնպահ մնալ Իրանի դեմ պատժամիջոցների խստացումից, ինչը, նրա կարծիքով, կարող է ձախողել ԱՄՆ դիվանագիտական ջանքերը:

«Դա անիմաստ է, ուստի ես վետո կդնեմ պատժամիջոցների մասին ցանկացած նոր օրենքի վրա, որը կսպառնա առաջընթացին: Ամերիկացիներն ակնկալում են մեզանից, որ մենք պատերազմ կսկսենք միայն ամենածայրահեղ դեպքում, և ես պնդում եմ, որ պետք է ղեկավարվել այդ իմաստնությամբ»,-ասել է Օբաման:

2014-ի նոյեմբերի 24-ին Վիեննայում ավարտվեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը: Որոշվեց ևս 7 ամիս հատկացնել ամփոփ համաձայնագիր կնքելու համար: Այսպիսով, Իրանի դեմ գործող պատժամիջոցները լիովին հանելու վերաբերյալ վերջնական պայմանավորվածության և փոխզիջման հասնել հնարավոր չեղավ:

2013-ին Իրանն ու միջնորդների վեցյակը պայմանավորվեցին Թեհրանի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցներ չեղյալ հայտարարելու մասին: Փոխարենն Իրանի իշխանությունները համաձայնվեցին ավելի բաց քաղաքականություն վարել միջուկային ծրագրի հարցում: ԱՄՆ և մյուս երկրների պատժամիջոցները զգալի վնաս հասցրեցին երկրի տնտեսությանը: Պատժամիջոցները հանելուց հետո Թեհրանը զգալիորեն ավելացրեց նավթի առաքումները:

Նախատեսվում էր, որ մինչ նոյեմբերի 24-ը Իրանն ու «վեցյակը» կքննարկեն միջուկային ծրագրի շուրջ համաձայնության բոլոր տարրերը և կստորագրեն համապատասխան համաձայնագիր:

Իրանն առաջին հորիզոնականում է աշխարհում բնական գազի հետախուզված պաշարների ծավալներով: Ըստ BP-ի, 2013-ին Իրանի գազի ապացուցված պաշարները ավելացել են 200 մլրդ խմ՝ հասնելով 33,8 տրլն խմ, ինչը 2,5 տրլն խմ ավելի է ՌԴ գազի պաշարներից:

Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը հատկապես կարևորվում է հակառուսական պատժամիջոցների և Եվրոպայում էներգակիրների մատակարարման այլընտրանքային ուղիների որոնման հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---